ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՄՐՑԱԿԻՑ, ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ Ո՞Չ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը սկզբում խիստ ոգեւորված էր տնտեսական ոլորտում իր արձանագրած ցուցանիշներով ու նախնական հաջողություններով: Բայց հոկտեմբերի վերջին հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business զեկույցը, որից պարզ դարձավ, որ Հայաստանը գործարարությամբ զբաղվելու հարցում էապես զիջել է դիրքերը՝ նահանջելով 9 կետով:

Ընդ որում, հարեւան պետություններն այս ընթացքում, ընդհակառակը, հասցրել էին շատ ավելի մեծ առաջընթաց գրանցել: Doing Business-ի զեկույցը սառը ցնցուղ էր կառավարության համար, քանի որ մինչ այդ վարչապետ Կարեն Կարապետյանն այս հարցով պարբերաբար խորհրդակցություններ էր հրավիրում, ու կոնկրետ ցուցանիշներ մատնանշելով, թե ակնկալում են ՀԲ Doing Business զեկույցում բարելավել Հայաստանի դիրքերը՝ 190 երկրների շարքում 38-րդ տեղից բարձրանալով 12 կետով: Բայց ստացվեց այնպես, որ ՀՀ-ն 38-րդ տեղից իջավ 47-րդ հորիզոնական:
Հիմա կառավարությունը որոշել է շտկել իրավիճակը, եւ նոյեմբերի 27-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ: Այն ղեկավարելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Բայց հետաքրքիր են աշխատանքային խմբի առաջ դրված նպատակները. «Ներկայացնել ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում առաջատար դառնալու համար ՀՀ թիրախներն ապահովող այնպիսի միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում կապահովվի զեկույցում Հայաստանի դիրքի կտրուկ առաջընթաց»:
Այլ կերպ ասած՝ Հայաստանը Doing business զեկույցում իր դիրքերը զիջել է ոչ միայն հարեւան պետությունների համեմատ, այլեւ վատ արդյունքներ է գրանցել հենց ԵԱՏՄ անդամ երկրների մեջ: Նշենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ-ն այս զեկույցում 35-րդն էր, Բելառուսը՝ 38-րդը, Ղազախստանը՝ 36-րդը, իսկ ՀՀ-ն՝ 47-րդը:
Խմբի աշխատակարգում ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանը միայն մեկ ցուցիչով է առաջին տեղում՝ ընկերությունների հիմնումն այստեղ ավելի հեշտ է: Մնացած բոլոր ցուցիչներով ՀՀ-ն զիջում է իր դիրքերը. շինարարական թույլտվությունների, սեփականության գրանցման հարցում, արտաքին առեւտրի ցուցիչով լավագույնը Բելառուսն է, էլեկտրականության միացման, վարկերի տրամադրման առումով՝ ՌԴ-ն, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, պայմանագրերի կիրարկման ցուցիչներով առաջամարտիկը Ղազախստանն է:
Բայց հիմա կառավարությունն իր ու այս աշխատանքային խմբի առաջ նպատակ է դրել Doing business զեկույցում Հայաստանի դիրքերը բարելավել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների համեմատ, իսկ ահա հարեւան երկրների հետ մրցակցության մասին խոսք չկա: Սա, թերեւս, աննորմալ է: Այստեղ հնարավոր արդարացումները, թե չափորոշիչ վերցված են այն երկրները, որոնց հետ տնտեսական միեւնույն միավորման մեջ է ՀՀ-ն, այնքան էլ հիմնավոր չէ: Ի վերջո, Հայաստանի հիմնական մրցակիցները հենց հարեւան երկրները պետք է լինեին: Սովորաբար այդպես են վարվում լուրջ երկրները, որպեսզի տարածաշրջանի համաչափ զարգացման մեջ ետ չընկնեն հարեւաններից: Եվ հետո՝ ՀՀ-ն հարեւան պետություններից Ադրբեջանի հետ հակամարտության մեջ է գտնվում, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններն էլ հեռու են բարիդրացիական համարվելուց, հետեւաբար նույնիսկ «թասիբի հարց է» նրանց գերազանցելը: Այնպես որ, ՀՀ իշխանություններն էլ որպես մրցակից ավելի շատ պետք է դիտարկեին հարեւան պետություններին, իհարկե, ԵԱՏՄ անդամ երկրներին նույնպես:
Բայց կառավարությունն իր առաջ այդպիսի խնդիր չի դրել հավանաբար այն պատճառով, որ չի հավատացել նման հեռանկարի. ի վերջո, հարեւան Վրաստանը Doing business զեկույցում աշխարհի 190 երկրների մեջ 9-րդ տեղում է: Եւ դժվար է պատկերացնել, որ նման տեմպերով Հայաստանն առաջիկա երկար ժամանակահատվածում կմոտենա Վրաստանին:
Հ.Գ. Ինչ վերաբերում է ստեղծված խմբի աշխատակարգին, ապա դրանում առանձնապես լուրջ նորություն չկա. նրանցից յուրաքանչյուրն իր պատասխանատվության ոլորտի առումով պետք է մշակի ու կազմի համապատասխան միջոցառումներ, ներկայացնի փոխվարչապետին ու վարչապետին: Եւ այս ամենը սահմանված որոշակի ժամկետներում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի շենքի մի մասը խանութի է վերածվել: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեց, թե ինչու է մանկական ստեղծագործության թանգարանի մի հատվածը ամանորյա տոնական խաղալիքների խանութի վերածել՝ տարածքը վարձակալության հանձնելով «Էնի ռոուզ» ծաղկի սրահին: «Ամեն տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ես դա տալիս եմ վարձակալության: Նույնիսկ չեմ էլ իմանում, թե ում եմ տալիս, ես անունների մեջ չեմ խորանում: Գեղագիտության կենտրոնի ֆինանսավորումը շատ վատն է: Մենք փողի կարիք ունենք, Նոր տարուց առաջ երկու ամսով տալիս ենք, որ մեր դասատուներին պրեմյա տանք»,- արդարացավ նա:
Հետաքրքիր է, եթե այդքան գումարի կարիք ունի Իգիթյանը, դժգոհ է ներկա իրավիճակից, ինչու է իր արժանապատվության գնով ՀՀԿ-ին սատարում:

 

 

 

ԿԱՐԱԳ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ
Կարագի թանկացումը այն աստիճան է խուճապահար արել մարդկանց, որ այս օրերին մարդիկ սուպերմարկետներից փորձում են կարագ գողանալ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է «Ծիրան» սուպերմարկետում տարեց պապիկը կարագ դրել գրպանը եւ մոտեցել դրամարկղին, սակայն անվտանգության աշխատակիցները կագնեցրել են պապիկին եւ բարեխղճորեն խնդրել այլեւս նման քայլի չգնալ: Ամենայն հավանականությամբ, սուպերմարկետի տնօրինությունը նման մեղմ վերաբերմունք դրսեւորել է պապիկի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա տարիքը: Սակայն տեղեկացանք, որ վերջին օրերին սուպերմարկետի տարբեր մասնաճյուղերից կարագի գողության փորձի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Ու դրանք համընկել են կարագի գնի շեշտակի բարձրացման հետ:

 

 

 

ՈՐՈՇԵԼ Է ԳԱՐԱՆՏ ԿԱՆԳՆԵԼ
ՀՀ կառավարությունը հավանություն կտա էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջեւ փոխըմբռնման հուշագրին: Ըստ այդմ, նախարարությունը երաշխավորում է, որ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կգնի ընկերության արտադրած տարեկան մինչեւ 1.150 գՎտԺ էլեկտրաէներգիայի գնումը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերության գնման առքուվաճառքի պայմանագրով նախատեսված է մինչեւ 2040 թվականի հունիսի 30-ն ընկած ժամկետը: Ինչի արդյունքում առաջիկայում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կստորագրի «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ի եւ նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիրը: Սակայն սա թույլ է տալիս ենթադրել, որ ՀԷՑ-ի կողմից «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ»-ի էլեկտրաէներգիայի գնման դեպքերում խնդիրներ են առաջ եկել: Ինչից հետո կառավարությունը որոշել է երաշխավորել, որ ՀԷՑ-ը այսուհետ կգնի ընկերության արտադրած էլէներգիան կոնկրետ քանակությամբ:

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնությանը: Նախաձեռնությանը կողմ են արտահայտվել միայն «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ու «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Քվեարկության ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Երբ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը քվեարկության է դրել ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու մասին հարցը, ձեռք է բարձրացրել նաեւ հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը հանձնաժողովի անդամ չէ եւ քվեարկելու իրավունք չունի: «Լցոնում եք անում, պարո՛ն Մարուքյան»,-անմիջապես կատակով արձագանքել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

 

 

 

ՀԱՆՁՆԵԼ Է
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը: Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ խորհրդանշական համարելով, որ նա պաշտոնն ստանձնում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում: Ս. Սարգսյանը եւ Բրազիլիայի դեսպանը երկուստեք կարեւորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի գործունեությունը:

 

 

 

ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ՝ «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ
Հրապարակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Տիգրան Մանսուրյանը եւս այս հեղինակավոր մրցույթի հավակնորդներից է: Նա առաջադրվել է «Լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգում՝ Requiem ստեղծագործության համար: «Գրեմմի 2018» մրցանակաբաշխության արարողությունը կընթանա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում:




Լրահոս