ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման համար:

«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ պատրաստվում է ստեղծել Վերականգնողական կենտրոն, որի համար տարածք է տրամադրել Երեւանի պետական բժշկական համալսարանը: Այն Հայաստանի առաջին քաղաքային հիվանդանոցի շենքն է եւ կարիք ուներ հիմնանորոգման ու կահավորման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հիմնանորոգման ֆինանսական միջոցների ներդրմանն ու կահավորմանը մասնակցել են բազմաթիվ անհատներ, ինչպես նաեւ տարբեր պետական ու ոչ պետական կառույցներ: Հետագայում այս Կենտրոնը զինհաշմանդամների համար կծառայի նաեւ որպես ուսումնական կենտրոն, որտեղ տղաները կստանան նոր աշխատանքային հմտություններ եւ արդյունքում` աշխատանք: Կենտրոնի բացումը նախատեսվում է 2018-ի հունվարի 28-ին, շենքի հիմնանորոգումն արդեն ավարտին է մոտենում, մնում է կահավորելը, որի համար բավարար կլինի յուրաքանչյուր մարզպետի կողմից 1000 դոլարի ներդրումը: Ի դեպ, 1000 դոլարն ուղարկելու ժամկետը մինչեւ դեկտեմբերի 10-ն է:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը իր կոչ-նամակով դիմել է նոյեմբերի 25-ին` այն ուղարկելով մարզպետարանների էլեկտրոնային փոստերին: «Փորձում եմ բոլոր մարզպետարանների հետ կապվել հեռախոսով` հավաստիանալու համար իրենք ստացել են արդյոք: Բայց ոչ բոլոր մարզպետարանների հեռախոսն է պատասխանել: Անահիտ Բախշյանը խոստացել է դեկտեմբերի 10-ից տարածել այն մարզպետների անունները, ովքեր միացել են իր կոչին:
Ներկա դրությամբ հազար դոլար ներդնելու վերաբերյալ Անահիտ Բախշյանի կոչին ոչ մի մարզպետ դեռեւս չի արձագանքել: «Երկու օր առաջ եմ տարածել, բայց դեռ լռում են: Նորից եմ կրկնում` նոյեմբերի 25-ին եմ ուղարկել այդ կոչ-նամակը, թող ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը: Խոսքը իրենց անձնական միջոցներից ներդրման մասին է, ոչ թե պետական: Խորհուրդ եմ տալիս ստուգել իրենց էլեկտրոնային փոստերը»,- ասաց տիկին Բախշյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բախշյանի կոչ-նամակը ոչ բոլոր մարզպետներն են ստացել: Նրանք անգամ տեղյակ չէին, թե ինչի մասին էր խոսքը: Բայց կան մարզպետներ, որոնց սրտով չէ ավագանու անդամի այս նախաձեռնությունը: Կան նաեւ այնպիսիք, որոնց մոտ Անահիտ Բախշյանի կոչ-նամակը մտավախություն է առաջացրել:
Ի դեպ, մարզպետների աշխատավարձը ամսական գերազանցում է 500 հազար դրամը: Օրինակ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ամսական աշխատավարձը անցած տարվա հայտարարագրի համաձայն՝ կազմել է 740 հազար դրամ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինը` 687 հազար դրամ, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանինը` 530 հազար դրամ եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ»-ը անմիջապես մարզպետներից փորձեց պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են արձագանքել Անահիտ Բախշյանի կոչին եւ պատրա՞ստ են իրենց անձնական միջոցներից գումար նվիրաբերել: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լսելով հարցը, անմիջապես հայտարարեց, որ Անահիտ Բախշյանի նամակը չի ստացել: «Նորից կստուգենք, կտեսնենք՝ ստացե՞լ ենք տիկին Բախշյանից նամակ, թե՞ ոչ: Բայց նշեմ, որ մենք ամեն օր հետեւում ենք մարզպետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին: Մենք պետք է դեռ հասկանանք՝ ի՞նչ պահանջ է, ինչի՞ համար է: Ի վերջո, մենք կառավարության ներկայացուցիչներն ենք մարզում: Փորձենք դիմել մարզի գործարարներին, խնդրենք նրանց՝ փոխանցեն այդ գումարը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բայց դեռ պետք է ուսումնասիրենք»,- ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նույնպես հայտարարեց, որ կոչ-նամակ չի ստացել: «Եթե ստանամ, տեսնեմ՝ ազնիվ բան է, կքննարկենք, ելնելով առաջարկից՝ կորոշենք: Բայց մենք որեւէ կոչ-նամակ չենք ստացել տիկին Բախշյանից: Եթե ստանանք էլ, ապա բազմաթիվ հարցեր կան, պետք է քննարկենք ու որոշենք»,- ասաց Շիրակի մարզպետը:
Իսկ ահա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Անահիտ Բախշյանի կոչ-նամակը գտնվում է իր աշխատակազմի ղեկավարի մոտ: «Դեռ որեւէ բան չենք քննարկել, բայց մի քանի օրից պարզ կդառնա: Մի հատ ծանոթանանք կոչի բովանդակությանը, բնականաբար կփորձենք… պարզ չէ՞, որ պետք է օգտակար լինենք: Միայն մարզպետարանը բյուջետային հիմնարկ է եւ չունի նման ֆինանսական հնարավորություն: Կփորձենք նաեւ ընկերների օգնությանը դիմել, չնայած, որ այս պահի դրությամբ հստակ չէ, կքննարկենք եւ առաջիկայում կներկայացնենք»,- խոստացավ Լոռու մարզպետը:
Մի խոսքով, մարզպետները բավական նուրբ կացության մեջ են հայտնվել: Քանի որ նրանք չեն կարող պնդել, թե իրենք աշխատավարձով են ապրում, որովհետեւ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով այդքան միամիտ կլինի եւ կհավատա նման պնդումներին: Մյուս կողմից էլ՝ եթե մարզպետները արձագանքեն, ապա այս ակցիան կարող է նախադեպ դառնալ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՕՐԻՆԱԳԻԾ՝ ԸՆԴԴԵՄ ԳԵՏԵՐԻ
ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի օրինագիծ, որը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Նախագծի հեղինակները նման փաստաթղթի անհրաժեշտությունը հետեւյալ կերպ են հիմնավորել. «Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով եւ հայտնվում ճգնաժամային վիճակում: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները»: «Ժողովուրդ» օրաթերը բնապահպանության նախարարության հրապարակած նախագծից տեղեկացավ, որ Ջրային օրենսգրքում առաջարկվում է այսպիսի դրույթ ավելացնել. «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե` 1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝ ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է: Սույն մասով նախատեսված գետերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Թվում է, թե այսպիսով ՀՀ իշխանությունները ցանկանում են խստացնել հիդրոէլեկտրակայանների կառուցումը գետերի վրա, բայց արի ու տես, որ նույն դրույթի երկրորդ մասում սեւով սպիտակի վրա գրված է. «2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝ ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, գ. ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման գոտիներում, դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում, ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, զ. անտառային տարածքներում, որոնք կարող են հատվել շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս»: Այլ կերպ ասած՝ նույն դրույթի երկրորդ մասով առաջարկվում է հիդրոէլեկտրակայաններ կառուցել այնտեղ, որտեղ թվում էր, թե պետք է արգելվեր այդ անել:

Վ. Հ.




Լրահոս