Լուսանկարն արվել է Երեւանի քաղաքապետարանում
Երեւանի ավագանու երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ փողոցների անվանափոխման մասին հարցը: Նիստին «ԵԼՔ» խմբակցության անդամները ներկայացել էին այն անձանց լուսանկարը պատկերող շապիկներով, որոնց անուններով ցանկանում են կոչել փողոցները:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձն ու այլ եկամուտներն ամբողջությամբ ԴԱՀԿ-ի կողմից դրված է արգելանքի տակ, ապա անձն ի՞նչ պետք է անի:
Իրինա Մխիթարյան (32 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտապանի բանկային հաշիվների վրա արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունի` արդյո՞ք այդ հաշիվներով պարտապանը աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե՞ ոչ: Ուստի, եթե քաղաքացու աշխատավարձը կամ այլ եկամուտներն արգելադրվել են ամբողջությամբ, ապա դրանց վրա կիրառված արգելադրումը լրիվ կամ մասնակի վերացնելու համար անհրաժեշտ է հարկադիր կատարողին ներկայացնել աշխատանքի վայրից (կամ այլ եկամուտ վճարողից) տեղեկանք, որտեղ պետք է նշված լինի նաեւ աշխատավարձի (եկամտի) չափը, բանկը, որի միջոցով ստանում է աշխատավարձը (եկամուտը), եւ այն հաշվեհամարը (գործատուի կամ այլ եկամուտ վճարողի հաշվեհամարը), որից փոխանցվում է աշխատավարձը կամ այլ եկամուտը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկադիր կատարողը կատարողական վարույթ հարուցելուց անմիջապես հետո պարտավորության չափով արգելանք է դնում պարտապանի գույքի եւ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի որոշման պատճենը ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, պատշաճ ձեւով ուղարկվում է պահանջատիրոջը եւ պարտապանին:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը ցանկանում է օգտագործել սոցիալական փաթեթը, ապա մինչեւ ե՞րբ կարող է օգտագործել այն: Այսինքն՝ ե՞րբ է կատարվում գումարի փոխանցումը:
Լուիզա Դանիելյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցումը կատարվում է աշխատողի սոցփաթեթի հաշվին դիմումը ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում: Սոցիալական փաթեթի գումարների հերթական փոխանցումներն իրականացվում են մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը: Դեկտեմբեր ամսվա սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է մինչեւ ընթացիկ բյուջետային տարվա դեկտեմբերի 20-ը:
Հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում սոցիալական փաթեթի առաջին գումարի փոխանցման համար դիմում ներկայացվելու դեպքում տվյալ եռամսյակի հասանելիք ամիսների սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում է աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին: Սոցիալական փաթեթի շահառուից անկախ հանգամանքների հետեւանքով առաջացած դեպքերում այդ հանգամանքների հետեւանքները դադարելուց անմիջապես հետո մեկ ամսվա ընթացքում սույն հավելվածի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարելու դեպքում սոցիալական փաթեթի շահառուի` տվյալ բյուջետային տարվա հասանելիք, սակայն նշված հանգամանքների հետեւանքով չփոխանցված սոցիալական փաթեթի գումարները եւս փոխանցվում են աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից` աշխատողը եւ նրա ամուսինը; ուսման վճարից` աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը; հանգստի ապահովման ծառայությունից` աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը: