Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 1 մլրդ 279 մլն 169 հազար դրամ, կամ նույնն է, թե 2 մլն 665 հազար դոլար արժողությամբ գույքը անորոշ ժամկետով եւ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքների բնական գազի մատակարարման ամբողջ ցանցի մասին է:
Տեղեկացնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ՀՀ կառավարությունների միջեւ դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել էր Իրանի կողմից Հայաստանի զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր: Իսկ 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ իրանական գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության միջեւ կնքվել էր ծրագրի իրականացման պայմանագիր: Ինչի արդյունքում Իրանի կառավարությունը համաձայնել էր հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլարի դրամաշնորհ Հայաստանում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի` Մեղրիի եւ Ագարակի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար:
Փաստորեն, նախ չգիտես ինչու` ծրագիրը տարիներով ձգվեց, եւ միայն վեց տարի անց հնարավոր եղավ այն իրագործել: Ներկայումս Մեղրի եւ Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Ցանցի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 մլրդ 279 մլն 169 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված այդ գույքը անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
Պաշտոնական փաստաթղթերից այդպես էլ պարզ չի դառնում, թե ծրագրի իրագործման նման ձգձգումի մեղավորն ո՞վ է եղել: Ի վերջո, տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, որ ծրագրի իրագործմանը ռուսական «Գազպրոմ»-ն է խոչընդոտում: Այդ ծրագրով ամրագրվում էր, որ Իրանը ոչ միայն կարող է Հայաստանին գազ մատակարարել, այլ նաեւ պատրաստ է գազաֆիկացման նպատակով գումարներ ներդնել, ինչը ռուսական «Գազպրոմ»-ի հայաստանյան դուստր ձեռնարկությունը հրաժարվում է անել: «Հայռուսգազարդից» «Գազպրոմ Արմենիա» անվանափոխված ձեռնարկությունը վաղուց հրաժարվում է նոր տարածքներ գազաֆիկացնել:
Փաստացի Հայաստանի բնակավայրերի գազաֆիկացումը տեղի է ունենում դրամաշնորհային կամ բյուջետային միջոցների հաշվին: Այսինքն` բնական գազի սպառման ցանցը կառուցվում է Հայաստանի կառավարության միջոցներով: Բայց արդեն չորս տարի այդ գույքը անհատույց տրվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն էլ այդ գազատարների շահագործման արդյունքում եկամուտներ է ստանում: Ստացվում է` ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներից ֆինանսավորում է, որպեսզի «Գազպրոմ Արմենիա»-ն էլ ավելի շատ եկամուտներ ստանա:
Մինչդեռ մինչեւ «Հայռուսգազարդի»` ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոսը ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին վաճառելը, նման դեպքերում այլ մոտեցում էր կիրառվում: «Հայռուսգազարդին» տրված գազատարների արժեքի չափով բարձրացվում էր ՀՀ կառավարության բաժնեմասի անվանական արժեքը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագրով ՀՀ սեփականությունը հանդիսացող 20 տոկոս բաժնեմասը 150 միլիոն դոլարի դիմաց տրվեց ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին: Մինչ այս գործարքը, երբ ՀՀ կառավարությունը պետական միջոցների հաշվին Հայաստանի բնակավայրերը գազաֆիկացնում էր, դա նույնն էր, թե բաժնետերը իր բիզնեսի ընդլայնման համար ներդրում է կատարում:
Իսկ այժմ ստացվում է, որ Հայաստանը միջոցներ է ծախսում, որպեսզի «Գազպրոմ Արմենիայի» եկամուտները ավելանան, ու շարունակի Հայաստանի բնակչությանը բարձր սակագնով գազ մատակարարել: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ չնայած գազատարն անցնում է Լեհվազ գյուղի տարածքով, այդ բնակավայրը չի գազաֆիկացվել: Իսկ Մեղրիի տարածքից գազաֆիկացվել է մոտ 90, Ագարակինը՝ 50 տոկոսը:
«Գումարն այդքան է բավարարել: Իրանական դրամաշնորհը այդքանն է բավարարել: Օրինակ` Լեհվազը, որի միջով անցնում է գազամուղը, գյուղը գազաֆիկացված չէ: Այս գյուղն ամենամեծն է: Հիմա փնտրում ենք ֆինանսավորման աղբյուրներ… բոլորը տեղյակ են… սպասում ենք: Մենք ամեն օր անհամբեր սպասում ենք, թե երբ կսկսեն գազի մատակարարումը: Տեխնիկական մի քանի գործողություն է մնացել, որոնք հնարավոր է երկու-երեք օրվա ընթացքում ավարտել»,- ասաց Զաքարյանը:
Սյունէ Համբարձումյան