Սերժ Սարգսյան vs Կարեն Կարապետյան. որքան մոտենա 2018թ.-ի ապրիլը, նրանց մրցավազքն ավելի ակտիվ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն ակտիվորեն սկսել են 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար ակտիվ քարոզարշավը: Միայն թե այդ քարոզարշավը մեկ յուրահատկություն ունի. հանդիպումներ անցկացվում են ոչ թե բնակչության, այլ իշխանական շրջանակների, պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Այս տրամաբանության շրջանակներում էր շաբաթ օրը տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մոտ Սերժ Սարգսյանի ելույթը, որ քաղաքագետները գնահատեցին որպես հաջորդ վարչապետի, պետության հաջորդ առաջին դեմքի ելույթ: Նախօրեին հաջորդեց Կարեն Կարապետյանի պատասխան քայլը. նա այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանն իրենց նախընտրական քարոզարշավը սկսել էին շատ վաղուց:

Ս. Սարգսյանն ԱԺ ընտրություններից անմիջապես հետո խորհրդարանի անդրանիկ նիստում խոսեց Հայաստանի զարգացման տեսլականի մասին` այդ ուղերձում մինչեւ 2040 թվականի համար հնչեցնելով տնտեսական կոնկրետ ցուցանիշներ: Սա շատերը գնահատեցին ոչ միայն 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ, այլեւ մինչեւ 2040 թվականն իշխանության մնալու մասին հստակ ուղերձ: Արդեն սեպտեմբերից «նախընտրական քարոզարշավը» միանգամայն այլ տեմպեր ստացավ. Սերժ Սարգսյանը հերթով սկսեց այցելել նախ եւ առաջ ուժային կառույցներ՝ ոստիկանություն, ՊՆ, ՀՔԾ, քննչական կոմիտե, գլխավոր դատախազություն: Այնտեղ ելույթներ ունեցավ` նախանշելով առաջիկա տարիներին աշխատանքի հիմնական ուղղությունները: Պարզ է` երբ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, իրավապահ համակարգը ենթարկվելու է անձամբ վարչապետին: Եվ, ընդհանրապես, կառավարության ղեկավարն է լինելու երկրի անվտանգության հիմնական պատասխանատուն, այնպես որ, այդ առումով հենց ուժային կառույցներ Սերժ Սարգսյանի այցերն իրենց մեջ որոշակի ուղերձ էին պարունակում:

Ս. Սարգսյանը մասնակցեց նաեւ «Հայաստանի ներդրողների հիմնադրամի« նախատեսած առաջիկա տասը տարիներին 1 մլրդ դոլար ներդրումների ծրագրի շնորհանդեսին, չնայած տնտեսության հիմնական պատասխանատուն, նաեւ այդ ակումբի նախաձեռնողը Կարեն Կարապետյանն էր: Եւ վերջապես, համայնքապետերի հետ վերջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը նույն տրամաբանության շրջանակներում էր, հստակ շեշտադրումներով, որ «…Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»: Ընդամենը չորս ամսից նախագահական լիազորությունները վայր դնող անձնավորությունը, համաձայնեք, հազիվ թե նման ելույթ ունենար:

Բայց հետաքրքիր են նաեւ Կարեն Կարապետյանի քայլերը: Այս ընթացքում նա փորձել է գործել կուլիսների հետեւում` հիմնականում գործարար շրջանակների հետ հարաբերվելիս իր ուղերձները ներկայացնելով, նաեւ փորձելով օժանդակություն ստանալ ՌԴ-ից: Միաժամանակ նա մի քանի անգամ PR նպատակով կազմակերպված հարցազրույցներում հայտարարել է 2018թ. ապրիլից վարչապետի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության, նաեւ այդ ժամանակ նոր Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին վերջապես համապատասխանելու մասին: Բայց Սերժ Սարգսյանի վերջին քայլերից հետո Կարեն Կարապետյանն ինքն էլ որոշել է ավելի սուր քարոզարշավ անցկացնել: Գործող վարչապետը, որ պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում իրեն դրսեւորել է որպես տնտեսության պատասխանատու` ակնհայտորեն հեռու պահելով մյուս ոլորտներից, այդ թվում ուժային կառույցների հետ առնչվելուց, այցելել է ՊՆ, անգամ մասնակցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստին` քննարկելով գիտահետազոտական եւ փորձարարակոն ստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: Ս. Սարգսյանի ելույթին անմիջապես հաջորդած այս քայլը, թերեւս, պատահական չէր: Ավելի վաղ էլ Կարապետյանն ընդունել էր Զինապարտության մասին օրենքի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողներին եւ փորձել որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:

Ակնհայտ է, որ որքան մոտենա 2018թ. ապրիլը, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքը, սակայն, ավելի ակտիվ եւ սուր բնույթ կկրի: Ի վերջո, սեղանին առաջիկա հինգ, միգուցե նաեւ՝ քսանհինգ տարիներին իշխանություն ունենալու հարցն է, հանուն որի կողմերը կարծես պատրաստ են ամեն ինչի: Մնում է սպասել եւ հետեւել այդ զարգացումներին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս