«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 12-ի իր համարում գրել էր, որ խոշորացված Գեղամասար համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարվում է նախկին գյուղապետերին իրենց գյուղերում վարչական ղեկավարներ նշանակել: Խոշորացված համայնքի մեջ ներառված են 18 բնակավայրեր:
Նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե այդ պահի դրությամբ բոլոր նշանակումները չէին կատարվել, իսկ կատարվածների թվում էլ նախկին գյուղապետեր չկային: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանից հետո նշանակումներ եղել են, ընդ որում՝ վերանշանակվել են նաև նախկին գյուղապետերը՝ թվով վեց հոգի:
ArmLur.am-ի հետ զրույցում Զոյա Գևորգյանը, ով ընտրություններում համայնքապետի թեկնածու էր, նշեց, թե ինքը նշանակվել է Շատջրեքի վարչական ղեկավար: «Հին ղեկավարներից 6 հոգու նշանակել է, չորսն էլ կենտրոնում են աշխատանք ստացել: Կանչեցին, ասեցին՝ այդքանիդ վերանշանակում ենք: Որ լիներ բոլորը, չէր խանգարի, քանի որ մարդիկ ընտրվել էին, դեռ ժամանակ ունեին աշխատելու, այդպես ճիշտ կլիներ», – նշեց նա: