ՖՈՏՈ. Թռչնամսի որ ընկերություններում են խախտումներ հայտնաբերվել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի վերջին տասնօրյակում լայնածավալ դիտարկումներ է իրականացրել հանրապետություն ներկրված, ինչպես նաև տեղական արտադրության թռչնամսի շուկայում:

Տեղեկացնենք, որ Ծառայության «Թեժ գծին» ընթացիկ տարում ստացվել է ավելի քան 2500 ահազանգ, հայտարարություն, հարցում՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ երեք անգամ ավելի: Բոլոր այս դեպքերում, այդ թվում և՝ հրապարակումների կամ սոցիալական ցանցում հիմնավոր տեղեկատվության հիմքով, կատարվել են գործողություններ: Նույն մոտեցումն է ցուցաբերվել նաև վերջին՝ թռչնամսի և բրնձի մասին ստացված, տեղեկատվության նկատմամբ: Սա պետական վերահսկողության ընդամենը մեկ ուղղություն է. կասեցումներն այս կամ այլ ոլորտներում բազմաթիվ են:

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդմ՝ Ծառայությունը պետական վերահսկողություն է իրականացրել թռչնամիս ներկրող բոլոր 16 ընկերություններում՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում, «ԳոռՀակ թրեյդ» ՍՊԸ-ում, «Էրիզ» ՍՊԸ-ում, «Կոմսալ» ՍՊԸ-ում, «Արսեն-Ռուբիկ» ՍՊԸ-ում, «Բի և Ջի» ՍՊԸ-ում, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ-ում, «Դոնմալ» ՍՊԸ-ում, «Ֆլեշ Թրեյդ» ՍՊԸ-ում, «Ջի Էս Ընդ Վիզի Գրուպ» ՍՊԸ-ում, «Բրենդլիդեր» Հ/Ձ-ում, «Արմեն-Համիկ եղբարներ ՀՁ» ՍՊԸ-ում:

Չորս ընկերություն՝ «Աթենք» ՍՊԸ-ն, «Նատֆուդ» ՍՊԸ-ն, «Մառան Ռաֆայել» ՍՊԸ-ն և Արթուր Ալեքսանյան Ա/Ձ-ն հայտարարություն են ներկայացրել այն մասին, որ այս պահին չունեն ներկրված հավ կամ հավամթերք:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում, 22 նմուշներից 6-ում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ:

Դրանք են՝ բրազիլական արտադրության սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա), սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա), Ռուսաստանի Դաշնությունում արտադրված սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա), սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա), ուկրաինական արտադրության սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա), սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա) (խմբաքանակների մասին տեղեկատվությունն արդեն տրամադրվել է):

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տվել է կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Համաձայն Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի՝ թռչնամսում նորմավորվող 4 հակաբիոտիկներից երկուսի՝ լևոմիցետինի և տետրացիկլինի, նկատմամբ փորձաքննություններն ավարտվել են: Նմուշառված թռչնամսերում անթույլատրելի քանակ չի հայտնաբերվել: Եվս երկու հակաբիոտիկների՝ գրիզինի և բացիտրացիլի, նկատմամբ փորձաքննությունները դեռևս ընթացքում են:

Նշենք, որ լրատվամիջոցի հրապարակման և պետական վերահսկողության շրջանականերում փորձանքննված նմուշները հնարվոր չէր նույնականացնել, քանի որ լրատվամիջոցը չի հստակեցրել նմուշառված խմբաքանակները և չի դիմել Ծառայություն: Միաժամանակ՝ որոշ դեպքերում իրենց կողմից նմուշառվել է հրապարակման պահին արդեն իսկ ժամկետն անցնող (մինչև դեկտեմբերի 6-ը) ապրանքատեսակ, կամ որպես ներմուծող նշվել է մի կազմակերպություն, որը նման արտադրանք չի ներմուծել հանրապետություն:

Հիմք ընդունելով պետական վերահսկողության արդյունքները՝ Ծառայությունը փոփոխություն է կատարել հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ԵԱՏՄ ռեեստրում՝ վերանայելով խախտումներ ունեցող արտադրող կազմակերպությունների կարգավիճակը և, առանց սահմանափակման ռեժիմի, սահմանելով ուժեղացված լաբորատոր փորձաքննության ռեժիմ:

Նշենք նաև, որ 3-րդ երկրներից հանրապետության տարածք ներմուծվող սննդամթերքը սահմանային պետական վերահսկողություն է անցնում ՀՀ Կառավարության 218 որոշմամբ սահմանված կարգով, համաձայն որի՝ միայն բարձր ռիսկայնության դեպքում է իրականացվում նմուշառում և լաբորատոր փորձաքննություն, իսկ ԵԱՏՄ սահմաններում գործում է միասնական՝ առավելապես փաստաթղթային հսկողության, համակարգ (ՍԱՊԾ կայքում հնարավորություն կա ռիսկերի էլեկտրոնային հաշվիչի միջոցով ստուգել ներմուծվող/արտահանվող ապրանքի ռիսկայնությունը):

ՍԱՊԾ-ն կարևորում է սպառողների թե ակտիվությունը, թե նախաձեռնողականությունը՝ համարելով այն հանրային վերահսկողության գործուն միջոց: Այդուհանդերձ, հիշեցնում ենք՝ կասեցումներ կամ այլ կարգադրագրեր տրվում են բացառապես պետական վերահսկողության շրջանակներում: Նաև՝ առաջարկում ենք խախտումների մասին ահազանգերը նախ ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ ինչպես բրնձի վերաբերյալ կասկածելի հոտի դեպքում, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և համապատասխան գործողություն կատարել:

Ծառայությունը շարունակում է ուսումնասիրությունները նաև տեղական թռչնի մսի արտադրության ոլորտում, որի արդյունքներին կանդրադառնանք լրացուցիչ:




Լրահոս