«Գրեմմի» երաժշտական մրցանակին առաջադրվելը Տիգրան Մանսուրյանի և Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 14-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիսավոր ընդունելություն կազմակերպեցերկու մաեստրոների համար` ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, դեսպանների, արվեստագետների
մասնակցությամբ:
«Մեր խոնարհումն ու հարգանքն ենք փոխանցում մեր սիրելի երկու մաեստրոներին: Այս մարդիկ ճակատագրի բերումով ծնվել են արտերկրում, սակայն հոգու կանչով և գիտակցությամբ վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում են երաժշտության հրաշքները: Աստված մեր երկու մաեստրոներին տվել է արվեստի շնորհը»,- ասաց Ամիրյանն ու հավելեց` մեզ մնում է միայն սպասել
մրցանակաբաշխությանը և հուսալ, որ մեր միավորված ցանկություններն իրականություն կդառնան:
Տասնյակ մեր հայրենակիցներ նոմինացվել և արժանացել են«Գրեմմի» մրցանակի ժամանակի ընթացքում: «Գաղափար առաջացավ «Գրեմմի» -ի արժանացած մեր հայրենակիցների հետ համերգային ծրագիր կազմակերպել՝ աշխարհին փոխանցելու խաղաղության , սիրո պատգամը»,- նշեց Ամիրյանը:
Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ևս նշանակալի համարեց իրադարձությունը, քանի որ մրցանակի է ներկայացվել միանգամից երկու հայ երաժիշտ: «Օրբելյանն իր հրաշալի նվագախմբային գործունեությամբ է հասել հաջողության` իբրև դիրիժոր, ես իբրև ստեղծագործող երաժիշտ: Օրբելյանն առաջադրվել է բարեկամական համատեղ աշխատանքի արդյունքում: Ես իմ գործը նվիրել եմ Եղեռնի զոհերի հիշատակին, որոնց մեջ նաև իմ ընտանիքի անդամներն են եղել: Սա մեր ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է: Մրցանակին սպասող ինձ նման 4 մարդ ունեմ կողքիս, և Կոնստանտին Օրբելյանն անշուշտ այդ շարքում է»,-ասաց Մանսուրյանը:
Մանսուրյանն անկեղծացավ՝ առաջին անգամը չէ, որ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակին: Ներկացված է եղել նաև 2004-ին Քիմ Քաշքաշյանի հետ: Սակայն այն ժամանակ այսպիսի մեծ իրադարձություն չի եղել: «Չստացանք մրցանակ, ինչը կարող է պատահել նաև այս անգամ, թեև գերադասելի է, որ լինի: Պետք է լինել սթափ և հանդուրժող: Չեմ ուզում հուսալ, ապրումներ ունենալ: Երիտասարդների համար այն անսպասելի մեծ ուրախություն կլինի, իմ տարիքի համար` ոչ այնքան»,-նշեց մաեստրոն:
Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն իսկապես հուզիչ համարեց Մանսուրյանի հետ կանգնել հայկական դրոշի ներքո, հայկական մշակույթի համար: «Մրցանակն առաջադրվեց այն օրը, երբ Դմիտրի Խվորոստովսկուն հողին հանձնեցին Մոսկվայում: Ցավալի է: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք հասցնել գործը, ներկայացնել ողջ աշխարհում: Կհուսանք և կսպասնենք հունվարի 28-ին` մրցանակաբաշխությանը» ,- ասաց Օրբելյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին աջակցության համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ևս շնորհավորեց երկու մաեստրոներին իրենց ձեռքբերումների համար: «Նրանք տաբեր մշակույթների մաս են եղել` ռուսական, ամերիկյան և, իհարկե, հայկական, և ներկայացնում են այս երեք հզոր մշակույթները: Անչափ ուրախ եմ, որ մաեստրոներն առաջադրված են որպես մրցանակի հավակնորդներ: Լիահույս եմ, որ կարժանանան մրցանակի» ,-ասաց դեսպանը: