Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել. Գուրգեն Եղիազարյանը՝ ահաբեկիչների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ, խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին:

Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաեւ Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու եւ այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձեւավորելու ուղղակի կոչեր:

Արդյունքում, որոշվել է քրեական գործ հարուցել, որի շրջանակներում Ռոբերտ Քուրքյանին ներգրավել են որպես մեղադրյալ՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձի եւ ահաբեկչության նախապատրաստության մեղադրանքով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ հայտարարվել է հետախուզում:

Ըստ տարածված լուրերի` «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանը, մշտապես աջակցություն են ստացել ԱՄՆ-ից, ուստի չի բացառվում, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ հայերի որոշակի խմբերին զսպելու նպատակ է հետապնդում ԱԱԾ-ի այս քայլը: Ուշագրավն այն է, որ Ռոբերտ Քուրքյանը, անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ, ինչպես միշտ, ԱԱԾ-ն խեղաթյուրում է: «Ազգային անվտանգություն չկա, կա Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության անվտանգությունն ապահովող ծառայություն»,- հայտարարել է ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց, որ այս քայլը զգուշացում է նաեւ մյուս քաղաքացիներին, որ արտահայտվելուց առաջ մտածեն, թե ինչ են խոսում: «Ընդհանուր առմամբ մենք պետք է մտածենք, թե ինչ երկրում ենք ապրում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ քնից արթնացած մարդը ցանկանում է սրանցից ազատվել, եւ ինչ ասի, նորմալ է ընդունվում ազգաբնակչության կողմից: Դուք տեսել եք, թե ինչ երթեր էին մարդիկ կազմակերպում արտասահմանում` ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:

Հիմա էլ, խնդրեմ, ահաբեկչական միտումներ ունի մեր հայրենակիցը, որը ԱՄՆ քաղացի է, վաղը` ավստրալիական քաղաքացին, մյուս օրն` Անգլիայից մեկը: Բայց այս ամենից ազատվելու մեկ տարբերակ կա. ապրել նորմալ երկրում, ունենալ իշխանության նորմալ ղեկավար, եւ ոչ մեկի մտքով չի անցնի նման խմբավորում ստեղծել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս