Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը: Ընտրություններում ձախողված ուժերը դրանից հետո, կարծես, անհետացած լինեն, այդ ուժերի առանձին գործիչները մեկ-մեկ իրենց մասին հիշեցնում են, իսկ քաղաքական ուժերը ծպտուն անգամ չեն հանում:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հետաքրքրվել, թե ինչ գործունեություն են ծավալում նվազագույն շեմը չհաղթահարած մյուս քաղաքական ուժերը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյան
-Պարո՛ն Շահգելդյան, «Հայկական վերածնունդ» կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Ներկայումս «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշակիորեն ուղղակի դադար է վերցրել: Մինչեւ տարվա վերջ մենք այդ դադարը կպահպանենք: Իսկ ընդհանուր առմամբ, տարածքներն ու կառույցները միանշանակորեն գործում են:
-Իսկ ո՞րն է քաղաքական դադար վերցնելու պատճառը:
-Քաղաքական գործընթացների խնդիրը չէ: Մենք այս փուլում այդպես ենք նպատակահարմար գտել. վերլուծությունների հետ է կապված եւ այլն: Բայց եմ կրկնում` տարածքային կազմակերպություններում, կառույցներում աշխատանքները շարունակվում են, ինչպես եւ ներքին գործունեությունը շարունակվում է:
-Ի՞նչ փոփոխություններ կլինեն հունվարին:
-Հունվարից հետո կխոսենք: Այն, ինչ ասեցի, սա էր:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը