ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԽԱԲԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն այլեւս փոփոխության ենթակա չէ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելիս՝ ՀՀ ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի դիմաց բողոքի ցույց իրականացնող, դասադուլ հայտարարած ուսանողների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց օրենքը փոփոխելու շուրջ քննարկումներ սկսել: Բայց իրականում հենց այդ օրն էլ ակնհայտ էր, որ ՀՀ իշխանություններն ընդամենը փափուկ բարձ են դնում ուսանողների գլխի տակ, եւ տարկետումը վերացնելու մտադրությունից ՀՀ կառավարությունը չի հրաժարվելու: Արդեն նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը իր ստորագրությամբ վավերացրեց օրենքը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանից պարզել, թե ինչ են պատրաստվում անել խաբված ուսանողները: Սակայն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դեռ չեն կողմնորոշվել իրենց անելիքների հարցում. քննարկում են՝ ինչը ինչպես սկսել: Նրանք աշխատում են նոր հայտարարության տեքստի վրա:
Հավելենք՝ ուսանողների մեջ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է վերսկսել դասադուլները եւ ակցիաների միջոցով ստիպել իշխանություններին իրենց ցանկալին իրականություն դարձնել: Իրապես՝ ռոմանտիկ երիտասարդներ:

 

 

 

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար. այս ցուցանիշը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի իրականացված ուղղակի ներդրումները 12.1 մլրդ դրամով կամ 25.1 մլն դոլարով ավելի են` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բայց, նկատենք, որ ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ. միայն 58 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել է Ջերսի օֆշորային կղզուց: 7 մլրդ դրամի ներդրում էլ հանքարդյունաբերության ոլորտում արվել է Գերմանիայից: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ուրիշ պետություններից ներդրումները եղել են աներեւակայելի քիչ, եւ չեն գերազանցում 5 մլրդ դրամը: Դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ:

 

 

 

Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ընկերությունը` «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ եւ բազում սեփականատերերի պարզապես խաբել էր: ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գործած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»:

 

 

 

Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն: Միաժամանակ, փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: «Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, եւ չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաեւ ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետեւ փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում ե՛ւ խմբերի, ե՛ւ տարբեր ձեւաչափերի»,- ասել է նա: Այսինքն՝ ուսանողների համար տրանսպորտը այլ սակագին կունենա, թոշակառուների համար՝ այլ, շարքային քաղաքացու համար՝ այլ, եւ այսպես շարունակ:

 

 

 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Հայտնի է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման օրը: Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում կհանդիպեն դեկտեմբերի 6-ին Վիեննայում: Երեկ Մամեդյարովը, խոսելով այդ հանդիպման մասին, տեսակետ է հայտնել. «Մենք միշտ ասում ենք, որ բանակցությունները պետք է լինեն բանական եւ սուբստանտիվ: Մոսկովյան հանդիպման ընթացքում մենք համանախագահների հետ խորը եւ մանրամասն քննարկումներ ենք ունեցել: Համանախագահները թերեւս կշարունակեն բանակցություններն այս ուղղությամբ»:
Հետաքրքիրն այն է, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման նախաշեմին կողմերը հրապարակային դաշտում փորձում են միմյանց դեմ դիվիդենտներ շահել: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում հռչակագրում վերջին պահին ԼՂ խնդրի վերաբերյալ հակահայկական ձեւակերպումներ են մտցվել, եւ 12 երկրներից 9-ը կողմ է քվեարկել այդ փաստաթղթին: Մեծ հաշվով, այս փաստաթուղթը որեւէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ի վերջո, հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները հայտնի են, համաձայնեցված են, եւ կողմերը բանակցում են այդ սկզբունքների շրջանակներում: Բայց Ադրբեջանը կարող է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հռչակագրի դրույթներն օգտագործել քարոզչական դաշտում, ոչինչ ավելի:
Նաեւ Հայաստանն է փորձում որպես հակակշիռ իր քայլերն անել: Մասնավորապես երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովի հաստատմանն է ներկայացրել Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։ Տեքստը, սակայն, չի հրապարակվել: Եւ դեռ պարզ չէ` նախագիծն առաջիկայում ինչ ճակատագրի կարժանանա: Ի վերջո, ՀԱՊԿ անդամ երկրների մեջ նաեւ Ադրբեջանի բարեկամ երկրներն են, որոնք հազիվ թե համաձայնեն: Ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտությունից: Ու մնում է հուսալ` ՀՀ իշխանություններն այս քայլին գնացել են ոչ ցուցադրական PR-ի համար: Մեկ փաստ էլ. ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը, այնպես որ` ներկայացված փաստաթղթի ճակատագրի պատասխանատուն առաջին հերթին ինքն է, հետեւաբար պետք է ամեն ինչ արվի՝ այն իրագործելու համար: Իսկ մինչ այդ, նկատենք, որ երկու կողմն էլ խնդրի լուծման ուղղությամբ իրական ջանքեր չեն ներդնում, այլ ընդամենը զբաղված է քարոզչական պատերազմով:




Լրահոս