ԱՅԺՄ ԷԼ ԹԻՐԱԽՈՒՄ ԱՄՆ-Ի ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում թերեւս կան երկու պետություններ, որոնք համարվում են հավերժ դաշնակիցներ եւ աշխարհաքաղաքական շահերի տեսնակյունից հազվադեպ են հակադրվում: ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության միջեւ նման հարաբերություններ ձեւավորվել են դեռեւս Երկրորդ աշխարհամարտի շրջանում եւ ավելի ամրապնդվել Սառը պատերազմի շրջանում: ԽՍՀՄ փլուզումից հետո այս երկու տերությունները պահպանեցին միմյանց նախաձեռնություններին աջակցելու քաղաքականությունը, ինչը դրսեւորվեց նաեւ 2003թ. Իրաքի խնդրահարույց պատերազմում: Այժմ, սակայն, թվում է, ԱՄՆ-ի ու ՄԹ-ի քաղաքական առաջնորդները սկսել են միմյանց չհասկանալ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տանդեմի համար:

ՄԹ-ում Բրեքզիթի հաջողությունը, իսկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակը հստակ ուղերձ էր համաշխարհային հանրությանը, որ արեւմտյան աշխարհաքաղաքական երկու կարեւոր ուժային կենտրոններում հասարակական տրամադրությունների ծայրահեղացում է նկատվում: Ի դեպ, Բրեքզիթի գաղափարը մեծ ջատագովությամբ պաշտպանում էր հենց դեռեւս նախագահ չդարձած Թրամփը: Եվ ահա այդ հողի վրա, թվում էր, ՄԹ-ի ու ԱՄՆ-ի նոր կառավարող վերնախավերը պետք է հեշտությամբ ընդհանուր հայտարարի գային: Պատահական չէր, որ ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը առաջինն էր, որ այցելեց ԱՄՆ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո՝ ցուցադրելով ինչպես երկու երկրների սերտ համագործակցությունը՝ փաստացիորեն ձեռք մեկնելով քաղաքականապես մեկուսի ու արտերկրում հակասականորեն ընդունվող Թրամփին: Մեյի այցելությունը ԱՄՆ հուշում էր, որ վարչապետը Բրեքզիթի քաղաքականության հարցում կարող է ակնկալել Թրամփի օժանդակությունը: Դա ձեռնատու էր նաեւ Թրամփին, որը համաշխարհային առաջնորդների հետ ոչ միանշանակ հարաբերություններ ուներ՝ ի մասնավորի Եվրամիության շարժիչ համարվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի: Տրամաբանական էր, որ համաշխարհային ինտեգրացիայից խուսափող, մեկուսացված քաղաքականության կողմնակից Թրամփն ու Մեյը պետք է ձգտեին միմյանց: Այլ կերպ ասած՝ երկու պետություններն էլ պետք է գործեին հին մեթոդաբանությամբ՝ փոխված ունենալով միայն առաջնորդներին ու դրանով պայմանավորված նաեւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները: Սակայն ՄԹ-ում Մեյի ներքաղաքական դրության վատթարացումն ու ԱՄՆ-ում Թրամփի՝ սկանդալներով ընթացող նախագահությունը ստիպեցին երկու առաջնորդներին ավելի եւս կենտրոնանալ ներքին հարցերի վրա՝ երկրորդական ուշադրություն դարձնելով արտաքին քաղաքականությանը: Ի վերջո, ՄԹ-ում հասարակական-քաղաքական շրջանակները Թրամփի հանդեպ նկատելիորեն բացասաբար են տրամադրված, ինչպես, օրինակ, Լոնդոնի քաղաքապետը, որը հայտարարել էր Թրամփին մայրաքաղաք չթողնելու մասին: Եվ թեպետ Թրամփին արտերկրյա առաջին այցի հրավերը հղել էր հենց Մեյը, ԱՄՆ նախագահը մինչ օրս չի այցելել ՄԹ՝ նախընտրելով առաջինը լինել Ֆրանսիայում: Ի վերջո, ՄԹ Համայնքների պալատը նույնպես հրաժարվեց ընդունել Թրամփին՝ արգելելով ԱՄՆ նախագահին ուղերձով հանդես գալ խորհրդարանի առջեւ:
Թրամփի ու Մեյի սառնությունը այնուհետ նկատվեց արդեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որտեղ ՄԹ-ը ընդգծված պասիվ վարքագիծ էր դրսեւորում: Եվ սա ինչ-որ տեղ բնական էր՝ հաշվի առնելով Բրեքզիթի ոչ միանշանակությունը ինչպես արտաքին հարաբերություններում, այնպես էլ ներքին կյանքում: Մեյը անգամ գնաց արտահերթ ընտրությունների՝ ԵՄ-ից դուրս գալու մանդատը ամրացնելու միտումով, սակայն փաստացիորեն ձախողվեց ու կորցրեց խորհրդարանում ունեցած նախկին պատկառելի մեծամասնությունը: Դրանից հետո Մեյն ավելի մեկուսացավ, իսկ այժմ ամբողջովին թաղված է կառավարության ներսում տիրող քաոսի ու ԵՄ-ի հետ խճճված բանակցությունների մեջ: Եվ ահա այս պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան հրապարակումներում անուղղակիորեն լարվածություն հարուցեց երկկողմ հարաբերություններում: ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում տարածել էր բրիտանական աջ ծայրահեղական խմբերի պատրաստած տեսանյութերը՝ ամբողջովին հակամահմեդական բովանդակությամբ: Տեսանյութերը տարածելը բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակները խիստ քննադատության ենթարկեցին: Վարչապետ Մեյի մամուլի խոսնակը պաշտոնապես հայտարարեց, որ ԱՄՆ նախագահը լուրջ սխալ է թույլ տվել՝ դրանք տարածելով: Նա նկատել է, որ բրիտանացիները միահամուռ կերպով մերժում են աջ ծայրահեղականության հռետորաբանությունը, որը արժանապատվության, հարգանքի ու հանդուրժողականության արժեքների հակառակորդն է: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ եւ Մեյից հետո վարչապետությանը հավակնող Ջերեմի Քորբինը նույնպես քննադատել է Թրամփի քայլը՝ այն անվանելով տհաճ, վտանգավոր եւ բրիտանական հասարակությանը նետված սպառնալիք:
Բնականաբար, բրիտանացիներից ստացված հարվածները Դոնալդ Թրամփը անկարող էր կուլ տալ եւ զերծ մնալ կրակի վրա յուղ լցնելուց: ԱՄՆ նախագահը թվիթերյան մի նոր գրառմամբ դիմեց ՄԹ վարչապետ Մեյին՝ կոչ անելով նրան ոչ թե կենտրոնանալ իր՝ ԱՄՆ նախագահի վրա, այլ խորհել Միացյալ Թագավորությունում ծաղկող ավերիչ ռադիկալ իսլամական տեռորիզմի մասին: Թրամփը հավելել է, որ պետք չէ անհանգստանալ ամերիկացիներ համար: Ըստ էության, նա վարչապետին խորհուրդ է տվել չխառնվել այլոց գործերին՝ իր երկրի ներսում տիրող բազմաթիվ խնդիրները լուծելու փոխարեն: ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները եւ բրիտանական արձագանքը էական լարվածություն են առաջացրել երկու դաշնակիցների միջեւ, ինչը, անշուշտ, անակնկալ չէ՝ հաշվի առնելով Թրամփի բնավորությունը: Այլ հարց է, որ այդ բնավորությունը քայլ առ քայլ հարվածում է ԱՄՆ-ի քաղաքակրթական հիմնասյուներին՝ լարելով ոչ միայն մրցակից պետությունների հետ հարաբերությունները, այլեւ վտանգելով ԱՄՆ դաշնակիցների հետ բարեկամությունը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴԱՍԱԴՈՒԼ՝ ԸՆԴԴԵՄ ՏՆՕՐԵՆԻ

ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը տեւական ժամանակ է, ինչ դժգոհում են տնօրեն Լեյլի Մանուկյանի գործելաոճից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այգեստանցիները հայտարարեցին, որ իրենց դժգոհության պատճառը տնօրենի կոպիտ վարքագիծն է: Դպրոցում, ի նշան բողոքի, անգամ դասադուլ է կազմակերպվել: Այգեստանի դպրոցն ունի 292 աշակերտ: Իսկ Լեյլի Մանուկյանը մոտ երկու տարի է, ինչ դպրոցի տնօրենն է:

Դպրոցի ուսուցիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին` պատմելով, որ տնօրենն իրենց ամեն պատեհ-անպատեհ առիթի նկատողություն է անում: Նրանք խուսափում են ներկայանալ, քանի որ վախենում են աշխատանքից ազատվելուց:
Ուսուցիչների դժգոհությունը «Ժողովուրդ»-ը փոխանցեց Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանին: Նա անդրադառնալով տնօրենի վերաբերյալ բարձրացված հարցին՝ մեզ հետ զրույցում հայտարարեց. «Իրոք, ինքը էությամբ կոպիտ մարդ է: Բայց ես Ձեզ ասեմ, որ շատ լավ աշխատող է: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ինքը լավ տնօրեն է: Միայն իր պահանջկոտությունը շատ մարդկանց մոտ խնդիր է առաջացնում: Սա է խնդիրը: Ո՞ւմ դուր կգա, որ իրենից անընդհատ պահանջեն լավ աշխատել: Ինքը նախորդ անգամ վերընտրվեց դպրոցի տնօրենի պաշտոնում, իսկ ես պաշտպանեցի իր թեկնածությունը: Բայց նրա հակառակ կողմը, որին չպաշտպանեցի, մինչեւ այսօր ինձ բարեւ չեն տալիս»:
Գյուղապետը նաեւ ասաց, որ Լեյլի Մանուկյանը 5-6 ամսից թոշակի է անցնելու, ինչից հետո դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է մնալու: «Թող համբերեն դժգոհողները, ինքը 5-6 ամիս հետո թոշակի կգնա: Հիմա մեր գյուղապետարանն էլ ընդդեմ մի շարք գյուղացիների դատարան է դիմել եւ պահանջել վճարել հողի հարկերը, ինձ էլ պետք է ասեն՝ վատն եմ, կոպիտ գյուղապետ եմ: Բայց ես գնում եմ մարզպետարան, ինձնից են պահանջում, չէ՞»,- արդարացավ գյուղապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նաեւ դպրոցի տնօրեն Լեյլի Մանուկյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

«ԳԻԾԸ» ՏՐՎԵԼ Է ՏԱՔՍԻՍՏՆԵՐԻՆ
2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: 2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Նշված գծում միկրոավտոբուսային ուղերթներ էր իրականացնում «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կապվում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անձի հետ: Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորների տեղափոխումը հիմնականում իրականացվում է տաքսիների միջոցով: Չնայած նախարար Վ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ հանրապետությունում ստեղծվելու է միասնական երթուղային ցանց, սակայն Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին այդպես էլ չվերագործարկվեց:

 

 

 

ԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԳԱԶԻ
Արդեն 2 տարի է, ինչ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղը գազաֆիկացված է, սակայն Ոսկեպարի բնակիչները բնական գազ չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ոսկեպարի բնակիչները բնական գազից չեն օգտվում, որովետեւ հնարավորություն չունեն վճարել իրենց տների գազաֆիկացման համար: Ինչպես հայտնի է՝ մայր գազատարից առանձնատների միացման շինարարական աշխատանքների համար «Գազպրոմ Արմենիայի» շինարարական կազմակերպությունները մի քանի հարյուր հազար դրամ են պահանջում: Իսկ սոցիալապես անապահով ոսկեպարցիների համար նման գումարներ վճարելը գրեթե անլուծելի խնդիր է: Ոսկեպարցիները չեն ցանկանում մեծ գումարներ վճարել՝ դեպի իրենց տուն գազի խողովակ անցկացնելու համար: Իհարկե, մյուս կողմից էլ, այն ոսկեպարցիները, ովքեր կարողացել են իրենց տունը գազաֆիկացնել, միեւնույն է՝ նրանք բնական գազն օգտագործում են միայն խոհանոցում: Իսկ տների ջեռուցումը ոսկեպարցիները իրականացնում են փայտով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս