Աջ ղեկով մեքենաների ներկրումն ապրիլի 1-ից կարգելվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկություն: Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկայացնել առաջարկություն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին»թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող երկրների ցանկում (Ղազախստան, Բելառուսիա) Հայաստանի Հանրապետությունը ընդգրկելու համար:




Լրահոս