«Սլավմեդ» բժշկական կենտրոնում երեք զույգ երեխա է ծնվել, բոլորը՝ աղջիկներ: ArmLur.am-ի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ երեխաների քաշը նորմայի սահմաններում է՝ ամենափոքրը 2100 գ է, ամենամեծը՝ 2450 գ:
«Առաջին օրերին որոշակի շնչառական խնդիրներ ունեին փոքրիկներից երկուսը, սակայն համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն բոլորի վիճակը կայուն է: Վաղը երեխաները համատեղ կեցության հիվանդասենյակներում կլինեն»,- ասաց նա:
Երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների հնարավորությունները ընդլայնելու համար ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավարն էլ փաստում է, որ բժշկական կենտրոնն այսօր արդեն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
«3 զույգի ծնունդը մեզ համար ուղղակի տոն է: Ասեմ, որ մենք՝ բժիշկներս, հաճախ չենք կիրառում «զույգ» հասկացությունը, քանի որ բժշկության մեջ տարբերում են միաձվանի կամ երկձվանի երկվորյակներ, որոնք առաջանում են երկու կամ ավելի բեղմնավորված ձվաբջիջներից, առանձին սպերմատոզոիդներից: Հենց վերջիններիս էլ ժողովուրդն անվանում է զույգեր»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:
Բժիշկը նորածնի խնամքի կարևոր բաղադրիչներից է համարում լավ բուժանձնակազմն ու տեխնիկական հագեցվածությունը։
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում բոլոր հնարավորությունները սինթեզված են, իսկ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են»,- ընդգծեց Հովհաննես Ղազարյանը:
Ինչպես նորածինների ծնողներն են պատմում, անակնկալի են եկել, երբ տեղեկացել են, որ զույգ բալիկներ են ունենալու:
«Երբ նման լուր ես իմանում, ամեն ինչ մոռանում ես, որովհետև իրենք հրեշտակային բալիկներ են լինում, ուղարկված աստծու կողմից: Բայց անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։ Շատ գոհ եմ բոլորից, շատ ուշադիր են, գիտես, որ այստեղ երեխաներդ ապահով են։ Սա նախատոնական նվեր էր բոլորիս համար»,- իր խոսքը եզրափակեց երջանիկ մայրիկը: