Նոր զարգացումներ. կնոջ հետ առերեսման ժամանակ ինչ է մանրամասնել մանկապարտեզ ներխուժած տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում անձնական խնդիրների համար 3-ամյա Հմայակ Համազասպյանին պատանդ վերցրած Արգամ Հովիկյանին «Գրիգոր Լուսավորիչ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ժամը 16:25-ի սահմաններում ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր կնոջը: Ու մինչ նրա կինը կներկայանար, տղամարդը մանկապարտեզի սան, 3-ամյա Հմայակ Համազասպյանին նստեցրել է իր գիրկը, դանակը պահել վզին: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Արգամ Հովիկյանն այս քայլին գնացել էր, քանի որ կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հեռացել էր տանից, ընդհատել հղիությունը: Կատարվածում Արգամ Հովիկյանը մեղադրել էր իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի տատիկին՝ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանին:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե իբր քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Արգամ Հովիկյանին՝ անձնական խնդիրների համար երեքամյա երեխային պատանդ վերցնելու համար: Ուստի վերջինիս պաշտպան Արսեն Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Ի պատասխան` փաստաբանն ասաց, թե Արգամ Հովիկյանի անվտանգության մասով խնդիրներ չկան: Ավելին` պաշտպանից տեղեկացանք, որ արդեն երկու անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առերեսում է իրականացվել Արգամ Հովիկյանի, նրա նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի եւ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանի մասնակցությամբ:
Ըստ պաշտպանի` առերեսման նպատակը մեկն է եղել. արդյո՞ք Արգամ Հովիկյանը ցանկացել է որեւէ մեկին սպանել:

Ըստ պաշտպանի` առերեսման ժամանակ հակասություններ են առաջ եկել:
Արսեն Սարգսյանի խոսքով` Արգամ Հովիկյանը առերեսման ժամանակ պնդել է, որ նման մտադրություն չի ունեցել, իսկ նրա նախկին կինը եւ կնոջ տատիկը հակառակն են պնդել: «Տատիկը առերեսման ժամանակ էլ շարունակեց պնդել, որ ցանկացել է սպանել, իսկ ահա նրա նախկին կինը իր ցուցմունքներում արդեն այդ մասին գրել էր»,- պարզաբանեց փաստաբանը:

Քնար Մանուկյան




Լրահոս