Սերժ Սարգսյանի խոստովանությունը` ՌԴ նախագահի հետ խոսելն իր համար շատ դժվար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորության եւ Եվրոպական միության հարաբերությունները նախորդ շաբաթ հետաքրքիր ընթացք ստացան: Ի հեճուկս ամիսներ տեւած անպտուղ բանակցությունների` ՄԹ վարչապետ Թերեզա Մեյն ու ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հաջողեցին «էական առաջընթաց» արձանագրել իրենց հանդիպման ժամանակ: Դրանով, փաստորեն, նոր շունչ հաղորդվեց Բրեքզիթի գործընթացի նորմալ իրականացմանը, թեեւ համաձայնությունը կարելի է որակել վերջին վայրկյանի իրադարձություն:

Երեք ամիս տեւած ՄԹ-ԵՄ բանակցային գործընթացը, ըստ էության, փակուղի էր մտել: ՄԹ-ը եւ ԵՄ-ն չէին կարողանում համաձայնության գալ որեւէ առարկայական հարցում, իսկ իրավիճակն ավելի էր սրվում երկու աշխարհաքաղաքական միավորների ներսում տիրող դրության պատճառով: Եվրոպական միությունը պատրաստ չէր ներելու ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունները, ինչի համար էլ խաղարկում էր առեւտրային հարաբերությունների հարցը: Խնդիրն այն է, որ եթե ՄԹ-ն լքում է միությունն առանց պայմանագրի, ապա այդ դեպքում ԵՄ-ի շուկան ինքնըստինքյան փակվում է բրիտանական արտադրողների ու ծառայություններ մատուցողների համար:

Դրա հետ մեկտեղ խնդիրներ են ծագում Իռլանդիայի հետ սահմանի երկայնքով, քանզի անցակետեր պետք է կառուցվեն, սահմանային մշտական հսկողություն իրականացվի եւ այլն: Լուրջ է նաեւ քաղաքացիների բնակվելու ու աշխատելու իրավունքի հարցը, որին բախվում են միլիոնավոր բրիտանացիներ: Այս երեք ոլորտներում կարգավորումներ մտցնելու հարցում շահագրգռված են երկու կողմերն էլ, քանզի Իռլանդիայի հետ սահմանի հսկողությունը գերկարեւոր է ԵՄ-ի, իսկ առեւտրի արտոնյալ պայմանագիրը` ՄԹ-ի համար:

Նման իրավիճակում, սակայն, բաձրանում էր ԵՄ-ի առջեւ ՄԹ-ի ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը, ինչին կտրականապես դեմ են ՄԹ կառավարության առանցքային ներկայացուցիչները: ԵՄ գրեթե բոլոր պաշտոնյաները հայտարարել էին, որ քանի դեռ թագավորությունը չի ընդունել պարտքերը մարելու համաձայնագիրը, մնացած հարցերի շուրջ քննարկումներ չէին կարող լինել: Դրանից էլ ոգեւորված` ՄԹ արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը կոպտորեն էր արտահայտվել ԵՄ-ի հասցեին` ակնարկելով, որ ՄԹ-ը չի համաձայնելու 60 միլիարդ եվրո վճարելու պայմանին: Իրավիճակը ավելի լրջացավ, երբ պարզ դարձավ, որ ՄԹ կառավարության կազմում իրական ազդեցությունը ԵՄ-ից առանց պայմանագրի դուրս եկողների ձեռքում է` վարչապետի թուլացած դիրքերի ֆոնին:

Մեյը կորցրել է իրական մեծամասնությունը խորհրդարանում եւ հազիվ թե կարողանա կոշտ Բրեքզիթի գնալ, բայց եւ նույն պահին լրջորեն դիմադրել այդ քաղաքականությունը քարոզողներին: Այդ թվում է նաեւ ԱԳ քարտուղար Ջոնսոնը, որի հրապարակային հոդվածը եւ գաղտնի նամակը վարչապետին ավելի հակասական իրադրություն էին ստեղծել` հիմք տալով հոռետեսական կանխատեսումների համար: Հիմա Մեյի խնդիրն է խորհրդարանում ստանալ անհրաժեշտ թվով պատգամավորների համաձայնությունը իր գործողություններին, որոնց շուրջ համաձայնություն կայացավ Բրյուսելում:

Այսպես` նախորդ շաբաթ Մեյը ուղեւորվեց Բրյուսել, որտեղ ԵՄ հանձնաժողովի նախագահ Յունկերի հետ մի շարք պայմանավորվածությունների եկան: Բանակցությունների ավարտին Յունկերը հայտարարեց, որ այս փուլի համար բանակցությունները էական առաջընթաց են արձանագրել` հնարավորություն տալով անցնել հաջորդ շրջանին: Սակայն համընդհանուր բավարարվածությունը կարծես չի կիսում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, որը բանակցային առաջընթացը պայմանավորել է բացառապես ՄԹ վարչապետի անձնական հաջողությամբ` նկատելով, որ ծանր քննարկումները դեռ առջեւում են:

Ըստ Տուսկի` Բրեքզիթի հանրաքվեից անցել է մեկ ու կես տարի, եւ այդ երկար ժամանակահատվածը պարզապես անհամարժեք է բանակցություններում գրանցված առաջընթացին: Նա զգուշացրել է, որ մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել վերջնական համաձայնության գալու համար, ուստի պետք է շտապել: Թե՚ Միացյալ Թագավորության, թե՚ ԵՄ-ի պաշտոնյաները արդեն իսկ խոսել են փոխզիջման կարեւորության մասին` նկատելով, որ բանակցությունները իսկապես երկուստեք ծանր են եղել, որտեղ հաղթել է ողջամտությունը:

Իրավիճակը հուշում է, որ ՄԹ-ը համաձայնել է ֆինանսական պարտավորությունների կատարմանը եւ պատրաստակամություն հայտնել ԵՄ-ին վճարելու 60 միլիարդ եվրո: Ենթադրվում է, որ Մեյը այլ տարբերակ չի ունեցել` զգուշանալով կոշտ քաղաքականությունից: Միաժամանակ ԵՄ-ն էլ իր հերթին է զիջման գնացել` Իռլանդիայի հետ սահմանի հսկողության հարցում մեղմ վերաբերմունք դրսեւորելով: Փաստորեն, գործ ունենք իրական փոխզիջման հետ, որը հաճախ չի պատահում, օրինակ` մեզ նման երկրների դեպքում: Ինչպիսի փոխկապակցվածություն այսօր կա ՄԹ-ի ու ԵՄ-ի միջեւ, այդպիսի մի կախվածություն ունի Հայաստանը Ռուսաստանից: Սակայն Հայաստանի պաշտոնյաները միշտ չէ, որ կարողանում են զիջումներ պոկել ռուսական կողմից:

Դա հատկապես դրսեւորվում է քաղաքական հարցերում, երբ Հայաստանն ակամայից վերածվում է գերտերությունների միջեւ մրցակցության առարկայի: Հայկական կողմի՝ իր շահերը պաշտպանել չկարողանալու հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցն է:

Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ տարաձայնություններ են ի հայտ գալիս, եւ հայկական կողմին՝ պետության շահը առաջ մղելու համար անհրաժեշտ է համառություն դրսեւորել, ՀՀ ղեկավարություն նահանջում է` նախընտրելով անձնական շահը: Նույնիսկ Ռուսաստանի համար ոչ սկզբունքային հարցերում, որտեղ, թվում է, հայկական կողմը կարող էր հարաբերականորեն ազատ ու անկաշկանդ գործել, կրկին նույն դրությունն է: Սա արդեն իշխանության փիլիսոփայության ու բնույթի խնդիր է, որտեղ միշտ գերակայում է անձնական շահը եւ վախը ռուսական ցարից: Ի վերջո, Սերժ Սարգսյանն ինքն է տարիներ առաջ խոստովանել, որ ՌԴ նախագահի հետ խոսելն իր համար շատ դժվար է:

Ն.Հովսեփյան




Լրահոս