«Ժողովուրդ»-ը երգիչ Արսեն Սաֆարյանի հետ զրուցել է 2017 թվականին ունեցած ձեռքբերումների, կորուստների մասին: Վերջինս պատմել է իր կատարած հետաքրքիր ճամփորդության, մյուս տարվա հետ կապած հույսերի մասին: Նա խոստովանել է, որ ցանկանում է շուտ ճանապարհել 2017-ը եւ նորանոր սպասումներով դիմավորել նոր տարին:
-Արսեն, ո՞րն եք համարում 2017 թվականի Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Եթե անկեղծ լինեմ` 2017 թվականն այնքան էլ հաջող տարի չի եղել, սրտանց ուզում եմ, որ այն շուտ գնա, այն հիասթափությունների տարի էր: Չեմ ուզում մանրամասնել, թե այդ հիասթափությունները կոնկրետ որ հարաբերություններում գրանցվեցին, իմաստ չունի որեւէ բան ասել: Հուսով եմ` հաջորդ տարին ուրախ կդիմավորենք, եւ այն ավելի հաջող կլինի:
-2017-ին ստեղծագործական կյանքում Ձեր գրանցած հաջողությունը ո՞րն եք համարում:
-Ունեցել եմ շատ մենահամերգներ` ակումբային տարբերակներով. այդ իմաստով դրական տարի էր: Ամեն համերգից հետո ինքդ քեզ ապացուցում ես, որ կարող ես գեղեցիկ մատուցել քո երաժշտությունը: Դա շատ պետք է քեզ եւ քո հանդիսատեսին: Այդ մենահամերգները շատ ուժ տվեցին ինձ: Ասում են` լավ կրկնությունն էլ լավ բան է. սա այդ դեպքն է: Ստեղծագործական ձեռքբերումներ եղան նաեւ տարեվերջում: Ինձ համար մի հիթային երգ է գրվել, որն արդեն պատրաստ է, 2018-ին նոր դրա հիման վրա տեսահոլովակ կներկայացնենք:
-Իսկ ո՞րն եք համարում տարվա ամենամեծ նյութական ձեռքբերումը:
-Այդպիսի զգալի ձեռքբերումներ չեմ ունեցել. նոր դղյակ կամ վերջին մոդելի «Պորշ» չունեմ: Բայց ես աշխատող մարդ եմ ու միշտ էլ աշխատելու եմ, տարին կապ չունի:
-Իսկ ինչպիսի՞ն էր տարին նոր ընկերներ ձեռք բերելու առումով:
-Ես իմ հին ընկերներով էլ եմ յոլլա գնում: Ձեր ասած նոր ընկերները հաճախ հետաքրքիր անակնկալներ են մատուցում, այնպես որ, հիմա խուսափում եմ նոր ծանոթություններից: Մենք ունենք ընտանիքին մոտ շատ լավ ընկերներ, եւ, կարելի է ասել, դրանով էլ հարուստ ենք:
-Արսեն, ո՞րն եք համարում 2017-ի ամենամեծ կորուստը:
-Առողջությունս էի մի քիչ կորցրել, բայց վերականգնվեց: Գլոբալ կորուստ չի եղել, այսպես ասեմ` ամեն ինչ հետ ենք բերել, փառք Աստծո:
-Ո՞րն է 2017-ին Ձեր կատարած ամենահետաքրքիր ճամփորդությունը:
-Ընտանիքիս հետ եղել ենք Հունաստանում: Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ այս անգամ երեխաներիս հետ էի ճամփորդում, մի տեսակ ավելի մտերմացա նրանց հետ, վերարժեւորեցի ունեցածս: Այլապես շատ էի անիմաստ ժամանակ կորցրել այլ բաների համար:
-Հետաքրքիր է` 2018 թվականի հետ ի՞նչ հույսեր եք կապում:
-Ես այդ առումով չեմ առանձնանում մյուսներից եւ, ինչպես բոլորը, ցանկանում եմ, որ 2018-ին իմ ընտանիքի անդամները, մտերիմները առողջ լինեն: Ինչ վերաբերում է գործնականին, ասեմ, որ փնտրում եմ մի ակումբ, որտեղ կկարողանամ կատարել իմ երգերը, որը կլինի ինձ հոգեհարազատ վայր: Կան մարդիկ, որոնք ուզում են ինձ պարբերաբար լսել: Պարտադիր չէ, որ ես համալիրում համերգ ունենամ: Մարդիկ ուզում են հանդիպել ինձ հետ, գալ, լսել իմ երգերը, հիշել դրանք, ծանոթանալ նոր գործերի եւ այլն: Վստահ եմ, որ երբ գտնեմ այդ միջավայրը, կարճ ժամանակում քաղաքիս համար կվերածեմ այն ջերմ անկյունի: Դեռ փնտրտուքների մեջ եմ: Շատ կուզենամ, որ այդ ակումբում հնչեն նաեւ իմ ընկերների երգերը, ելույթ ունենան իմ կոլեգաները: Հաստատ իրականացնելու եմ այդ նպատակս, մինչեւ հիմա չի եղել այնպիսի բան, որ ուզենամ ու չլինի:
-Իսկ 2018-ին Ձեզնից դուետ սպասե՞նք:
-Դուետ առայժմ չկա, ես էլ հենց այնպես ոչինչ չեմ անի: Եթե լինի հարմար առաջարկ, կընդունեմ, եթե ոչ, նոր երգեր ու տեսահոլովակներ հաստատ սպասվում են: Հիմա կենտրոնացել եմ իմ ստեղծագործական կյանքի վրա:
Աննա Բաբաջանյան