Պարտքի հետ զուգահեռ պահուստներն էլ են աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 174 միլիոն 400 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացավ նաեւ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները ավելացել են 55 միլիոն 600 հազար դոլարով: Հիշեցնենք, որ նույն նոյեմբերի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 115 միլիոն դոլարով:

Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ պետական պարտքի մի մասն ուղղվել է միջազգային պահուստների համալրմանը: Այլ կերպ ասած` նոյեմբերին ստացված վարկային միջոցները անհրաժեշտից ավել են եղել, եւ Հայաստանի կառավարությունը դրանց մի մասը ներդրել է միջազգային պահուստներ համալրելու համար, որպեսզի մեկ կամ երկու ամիս անց այդ միջոցները ուղղի պետական բյուջեի կարիքները հոգալու համար: Սա նույնն է, թե մարդը բանկից վարկ վերցնի, բայց դրա մի մասի կարիքը չունենա եւ ցածր տոկոսով, որպես ավանդ, դնի բանկում՝ հաջորդ ամիս այն ծախսելու համար:

Բնականաբար, արդյունքում տվյալ անձը տուժում է, բայց ողջ խնդիրն այն է, որ վարկը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել ստանալ, եւ նա չի կարող դրա մի մասից հրաժարվել, այնուհետեւ մեկ ամիս անց կրկին բանկից գումար խնդրել: Նա պարտադրված է գումարը վերցնել եւ բանկի տոկոսները վճարել՝ համոզված լինելու համար, որ հաջորդ ամիս ինքը խնդիրներ չի ունենա: ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է նույն վերը նկարագրված վիճակում:




Լրահոս