2017-ը մտքի թռիչքի և ժամանակի կորստի տարի էր. Լուիզա Ներսիսյանը սպասում է հրաշքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցների շարքը հայտնիների հետ: Մենք անդրադառնում ենք 2017 թվականի ընթացքում նրանց ունեցած ձեռքբերումներին, կորուստներին, խոսում ենք այս տարվա հուսադրող եւ հիասթափեցնող կողմերից: Այսպիսով՝ մեր զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է: Նա խոստովանում է, որ 2017-ին իր մոտ աշխարհընկալման փոփոխություն է տեղի ունեցել: Դերասանուհին հասցրել է ունենալ նաեւ հետաքրքիր ճամփորդություններ:

-Լուիզա, ո՞րն եք համարում 2017 թվականի Ձեր լավագույն ձեռքբերումը:

-Մտքի թռիչքը, որ ունեցա, նոր գաղափարները: Առհասարակ, կապված աշխարհընկալմանս հետ մտքի փոփոխություն տեղի ունեցավ: 2017-ն այս առումով տարբերվեց մնացած տարիներից: Հայացքների փոփոխություն, ունեցածի վերարժեւորում եղավ:

-Մարդկանց ճանաչելու առումով այս տարի հետաքրքիր բացահայտումներ արեցի՞ք:

-Այն փոփոխությունները, որ եղան, երեւի թե դրա հետ էլ էին կապված: Ամեն դեպքում, այնպես չէր, որ ինչ-որ բաներ ինձ համար անսպասելի էին, մեկ էլ հանկարծ սպասելի դարձան:

-Այս տարի ստեղծագործական առումով ի՞նչ ձեռքբերումներ եղան, որո՞նք են այդ առումով վառ կետերը:

-Ես ամեն օր ինձ համար ապահովում եմ այդ վառ կետերը, դրա համար ինչ-որ հատուկ բան առանձնացնել չեմ կարող: Եթե իմ ամեն օրվա մեջ չունենամ այդպիսի մի լույս, ապրելս անիմաստ կհամարեմ, իսկ ես փորձում եմ այդպես չապրել:

-Ո՞րն է եղել 2017-ի նյութական ձեռքբերումը, որն ուրախացրել է Ձեզ:

-Մեր տան վերանորոգումը, որն, ի դեպ, ընթացքի մեջ է, դեռ չենք տեղափոխվել այնտեղ: Դա իսկապես ուրախություն է բերում, քանի որ աուրա է փոխվում, թարմություն է մտնում կենցաղ:

-Իսկ ֆինանսական առումով տարին բարեբե՞ր էր, թե՞ ոչ այնքան:

-Ինչքան բարեբեր էր, այնքան էլ «բարետար էր» (ծիծաղում է):

-Այս տարվա կորուստը ո՞րն եք համարում:

-Ոչ միայն այս տարվա, այլեւ ամեն տարվա մեծագույն կորուստը ժամանակի կորուստն է: Մենք անխնա մսխում ենք մեր ժամանակը՝ առանց այդ մասին գիտակցելու:

-Բայց Ձեր ոլորտից շատերը դժգոհում են հակառակից, ասում են, որ ոչ մի րոպե ազատ ժամանակ չեն ունենում: Ձեր գրաֆիկն էլ, կարծես, բավական խիտ է:

-Կարեւոր չէ, ես ժամանակը ռացիոնալ օգտագործելու մասին եմ խոսում, այն էներգիայի, որը պարբերաբար վատնում ենք:

-Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար 2017-ը հաջո՞ղ տարի էր:

-Միշտ էլ երբ տրվում ես մի բանի, մեկ այլ բան տուժում է: Ամեն դեպքում, ես փորձում եմ բալանսը պահել, աշխատում եմ ամեն բան հասցնել, որպեսզի, այսպես ասած, կշեռքի ոչ մի նժարը չծանրանա:

-Այս տարվա ամենահետաքրքիր, հիշարժան ճամփորդությունները որո՞նք են եղել:

-Շատ շրջագայություններ են եղել, բոլորն էլ տպավորիչ ու լավը: Տարեսկզբին, օրինակ, հյուրախաղերով եղանք Միացյալ Նահանգներում, որը նոր լիցքեր հաղորդեց մեզ, իսկ վերջերս էլ ներկայացումներով մեկնել էինք Իրան, որտեղ հանդիպեցինք մի շարք դժվարությունների, բայց միեւնույն ժամանակ էմոցիոնալ պահեր ապրեցինք:

-2017-ի լավագույն համագործակցությունները որո՞նք եք համարում:

-Այս տարի եղան շատ լավ նախագծեր՝ թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ: Նկարահանվեցի «Ամուսնացածների լիգա» սիթքոմում, որի շուրջ շատ հետաքրքիր թիմ էր հավաքվել, եղավ համագործակցություն դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Վահիկ Փիրհամզեի հետ, ինչի համար եւս շատ ուրախ եմ:

-2018-ից Ձեր ամենամեծ ակնկալիքը ո՞րն է, ինչի՞ հետ է այն կապված:

-Կրկին ժամանակի: Շատ եմ ուզում` ժամանակը ճիշտ համակարգելու հնարավորություն տրվի, եթե դա լինի, գործնական կյանքում կունենամ ավելի լավ արդյունքներ:

-Ձմեռ պապիկից ի՞նչ եք խնդրում:

-Որ գալիք տարում հրաշքները, հաճելի անակնկալները շատ լինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս