Ինչպես հայտնի է` այս տարի լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան 70-ամյակն ու Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակը: Հոբելյանների կապակցությամբ կկազմակերպվի համերգ: Համերգին հատկացվել է 15 մլն դրամ: Այն կկայանա դեկտեմբերի 18-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Ելույթներով հանդես կգան Էմմա Պետրոսյանը, Էրիկը, Արթուր Իսպիրյանը, Մաշա Մնջոյանը: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ։ Ի դեպ, նա առաջիկա համերգի շրջանակում կատարելու է Մարտին Վարդազարյանի հեղինակած երգը Երեւանի մասին։
Երգահանն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվում եւ փաստում է, որ այնտեղ առկա է 100 հազար ձայնագրություն, դրանք, ցավոք, այսօր չեն հնչում, այնինչ` այդ գործերին հարկավոր է նոր շունչ հաղորդել. «Նվագախումբը հսկայական աշխատանք է կատարել, միայն Մելիք Մավիսակալյանը կատարել է 1200-ից ավել գործիքավորում՝ չհաշված իր գրած երգերը։ Նա լեգենդ է, որին այսօր ոչ ոք չի հիշում։ Նա պետք է արժանապատիվ ապրի։ Պարտադիր է, որ այդ երգերը հնչեն, միշտ քննադատել եմ նրանց, ովքեր հնարավորություն են ունեցել այդ գործերը հնչեցնելու, սակայն չեն արել դա»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Արթուր Իսպիրյանը նաեւ հիշեցրեց, որ դեռեւս 1993 թվականին Ազգային ռադիոյի ձայնագրման ստուդիայում հրդեհ էր բռնկվել (Այդպես էլ չպարզվեց՝ դիտավորյալ, թե պատահաբար, համենայն դեպս, ոչ ոք չպատժվեց-Ա.Ի.), ինչի հետեւանքով արխիվը դադարել էր համալրվել. «Այրվեց ստուդիան, գործիքները, դրանից հետո այնտեղ ձայնագրություններ չարվեցին, կամ արվեցին՝ ցածր որակով։ Ուրախալին այն է, որ ստուդիան այժմ նորից վերանորոգվում է»,-եզրափակեց նա։
Հավելենք, որ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպվել է 1972 թվականին, Երեւանում հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային նվագախմբի հիման վրա, որն իր հերթին ստեղծել էր գործիքային հնգյակի վերակազմավորումից, որպես հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ։
Աննա Բաբաջանյան