Երևանի կրկեսի մասով անպատասխանատու հայտարարություններ են արել. գլխավոր ինժեներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ով ասել է, որ Երեւանի կրկեսի նոր շենքը շահագործման կհանձնվի 2017-ին, անպատասխանատու հայտարարություններ է արել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս մասին դեռեւս 2015 թվականին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի շրջանակներում հայտնել էր այն ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

Ինժեների խոսքով՝ քաղաքացիները պետք է համբերությամբ զինվեն, քանի որ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվում․«Շատ մարդ շատ բան կարող է ասել, ասողը երեւի տեղյակ չէ աշխատանքների ծավալից։ Սա բնակելի շենք չէ, ստանդարտներից դուրս կառույց է՝ տեխնիկական բարդ լուծումներով։ Փորձում ենք գտնել կառույցի կյանքի կոչելու ամենաօպտիմալ տարբերակը։ Ձգձգելու հարց չկա»,- ասաց նա։

Հարցին, թե, ի վերջո, ե՞րբ սպասենք նոր շենքի շահագործմանը, Ա․ Հովհաննիսյանը տվեց մոտավոր պատասխան․«Տարուց ավել էլ կսպասեք»։

Ինժեների խոսքով՝ երկաթբետոնի հետ կապված աշխատանքներն ավարտվել են, կարկասն էլ հարյուր տոկոսով պատրաստ է․«Տանիքի գմբեթն էլ նախագծվել, կառուցվել է, տանիքը ծածկված է, պատվիրատուն ոչ մի հարցի առաջ կանգ չառնելով՝ անում է լավագույնը։ Շենքի երեսպատման աշխատանքներն էլ իննսուն տոկոսով ավարտվել են»,-տեղեկացրեց նա։ Մենք հետաքրքրվեցինք՝ որ հատվածում է տեղ հատկացվելու կենդանիներին՝ հիշեցնելով, որ նախկինում քաղաքացիները դժգոհում էին շենքում տիրող կենդանիների տհաճ հոտից․ «Շենքում մշակված է օդափոխության լուրջ համակարգ, այնպես որ նման խնդիր չի լինի»,-հավաստիացրեց մեր զրուցակիցը։

Այս տարվա աշնանը կրկեսի շենքի ապակիներին հայտնվեցին գունավոր հատվածներ, որոնք հետագայում հանվեցին։ Ա․ Հովհաննիսյանը, սակայն, խոստանում է՝ դրան փոխարինող ավելի հաջող անակնկալ է սպասվում՝ ինտերակտիվ ֆասադի տեսքով․«Գունավոր ապակիները ոմանք կարող էին ասոցացնել էժանագին թիթեղների հետ, սակայն երբ պատուհանները «վերածվեն» մեծ մոնիտորի, քաղաքացիներն էլ ցանկացած պահի ցանկացած պատկեր, հոլովակ տեսնելու հնարավորություն ունենան, այն ավելի կգրավի նրանց»,- եզրափակեց ինժեները։

Աննա Բաբաջանյան




Լրահոս