ՀՀ նախագահի պաշոնի համար մրցավազքը կարելի է պաշտոնապես համարել սկսված: ԱԺ «Ելք» խմբակցության նիստում որոշվել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին: Ընդ որում, խմբակցությունը նախաձեռնում է բանակցություններ սկսել «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Ելք» խմբակցության որոշմանն ու իրենց հետ բանակցություններ սկսելու նախաձեռնությանը, նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը, եւ մենք հարգանքով ենք վերաբերում յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշմանը: Այս պահին «Ծառուկյան» դաշինքը նման հարց չի քննարկել: Երբ կուսակցության քաղաքական խորհրդում եւ դաշինքում կլինեն քննարկումներ, մենք անպայմանորեն կտեղեկացնենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին:
-Պարո՛ն Զեյնալյան, նոր Սահմանադրության պայմաններում, երբ նախագահը գործադիրի վրա ազդելու լիազորություն չունի, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պաշտոնավարումը:
-Նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ: Դրանք խորհրդարանական կառավարման հանրապետության նախագահին ներհատուկ լիազորություններ են: Եվ շատ բնականոն, նորմալ, խորհրդարանական կառավարման երկրի համար նախատեսված նախագահի լիազորություններ են:
Այն գործադիր իշխանության ղեկավարը չի հանդիսանում, ինչպես որ հանդիսանում է ներկայիս նախագահը, եւ շփոթել այդ դերերը, լիազորությունների ամբողջությունը, բոլորովին տեղին չէ: Եվ ուշադրություն դարձրեք այն հանգամանքի վրա, որ հանրապետության նախագահը հանդիսանում է պետության գլուխը, եւ ավելի շատ արարողակարգային բնույթ են կրում նրա գործառույթները, լիազորությունները եւ հետեւում են Սահմանադրության պահպանմանը: Եվ պետք է նախագահը լինի անաչառ, իր գործառույթներն իրականացնի անաչառ եւ առաջնորդվի բացառապես համապետական եւ համազգային շահերով:
Գործադիր իշխանության ղեկավարը լինելու է վարչապետը, իսկ նախագահն ունի Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունները, ուստի այստեղ կարելի է լինել նաեւ նախագահ եւ չլինել քաղաքական մեծամասնության պրոտեժեն:
-Ամեն դեպքում այդ պաշտոնը լինելու է ներկայիս իշխանության օրոք:
-Այո, եթե ընտրվեմ նախագահի պաշտոնում, բնականաբար ես իրականացնելու եմ նախագահին վերապահված լիազորությունները՝ անաչառորեն առաջնորդվելով բացառապես համապատեկան եւ համազգային շահերով՝ անկախ նրանից, թե ով է քաղաքական մեծամասնություն: Իսկ քաղաքական մեծամասնությունը փոխվելու նաեւ շանս ունի եւ հնարավորություն:
-Ստացվում է, որ Դուք ընտրվելու դեպքում պատրաստ եք դադարեցնե՞լ Ձեր կուսակցական գործունեությունը, քանի որ, ըստ օրենքի, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է անկուսակցական լինի:
-Դա սահմանադրական պահանջ է եւ անաչառության, անկողմնակալության, համապետական եւ համազգային շահերով առաջնորդվելու համար չափազանց կարեւոր է, որպեսզի այդ ազդեցություններից՝ կուսակցական, խմբային, զերծ լինի նախագահը: Դա հենց այդ հատկանիշներից մեկն է խորհրդարանական կառավարման երկրի նախագահի լիազորությունների: Այո՛, որքան էլ ինձ համար հարազատ է կուսակցությունը, որի հիմնադիր անդամներից եմ, այնուամենայնիվ, այո՛, պատրաստ եմ կասեցնել կամ դադարեցնել կուսակցական գործունեությունը:
-Սակայն Ձեր առաջադրման հարցում որոշիչ դերակատարություն է ունենալու «Ծառուկյան» խմբակցությունը: Համոզվա՞ծ եք, որ նրանք կաջակցեն Ձեզ:
-Ենթադրությունների ոլորտից է այս պատասխանը լինելու, ուստի որեւէ բան չեմ ցանկանում ասել այս առիթով: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
-Սակայն «Ելք» դաշինքը բազմիցս հանդես է եկել «Ծառուկյան» խմբակցության դրսեւորած վարքագծի շուրջ քննադատությամբ, բայց այժմ հենց նրանց աջակցությունն է հարկավոր: Նման իրավիճակում իրատեսական է աջակցություն ակնկալել:
-Քննադատությունը հատուկ է ժողովրդավար հասարակություններին, եթե քննադատություններ եղել են: Իհարկե, նաեւ «Ծառուկյան» եւ ոչ միայն նրանց խմբակցության աջակցությունն է ակնկալում «Ելք» խմբակցությունը, այլ նաեւ հնարավոր է, որ 1/4-րդը ձեւավորվի նաեւ այլ խմբակցությունների ստորագրություններով: Իհարկե, մեր հիմնական մասը լինելու են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, ովքեր ներկայանում են որպես ընդդիմադիր պատգամավորներ, որպես ընդդիմադիր խմբակցություն:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը