Այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ Հայաստանում իրականացվել է 19 հազար 513 գործարք:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունից տեղեկացավ, որ նշված գործարքների 36,6 տոկոսը բաժին է հասնում մարզերին: Իսկ մարզերից ամենաշատը գործարքներ կնքվել է Կոտայքի մարզում՝ ընդհանուրի 11,4 տոկոսը: Իսկ մնացած մարզերում գործարքների թիվը 4-ից 7 տոկոսի միջակայքում է: Ամենաքիչ գործարքները կնքվել են Վայոց ձորի մարզում, որին բաժին է հասնում ընդհանուր թվի 2,8 տոկոսը: Հոկտեմբերին գրանցված գործարքների 10,6 տոկոսը եղել են գրավադրման գործարքները:
Այլ կերպ ասած` անշարժ գույքի տիրապետող 2 հազար 70 ընտանիք կամ իրավաբանական անձ հոկտեմբերին իր բնակարանը, տունը, հողը, կամ հասարակական նշանակության տարածք է գրավադրել: Իսկ գործարքների 29,1 տոկոսը եղել են օտարման գործարքները: Ուշագրավ է այն փաստը, որ վարձակալության գործարքների մասնաբաժինը ամենափոքրն է՝ 5,6 տոկոս, կամ նույնն է, թե հազար 90 գործարք:
Հանրապետության կտրվածքով վարձակալությունների գործարքի նման թիվը իրական քանակից մի քանի անգամ փոքր է: Այսինքն` Հայաստանում մարդիկ շարունակում են տարածքները առանց պայմանագրի վարձակալությամբ տալ: Այս երեւույթի պատճառն այն է, որ ֆիզիկական անձանց միջեւ գործարքի դեպքում անշարժ գույքի սեփականատերը պետք է 10 տոկոսի հարկ վճարի: Արդյունքում տան տերերը մի զգալի մասը խուսափում է պայմանագիր կնքելուց, հետագայում էլ երբ վարձավճարի հետ կապված խնդիրներ են առաջանում սկսում են բողոքել, թե օրենքն իրենց իրավունքները չի պաշտպանում:
Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա հոկտեմբերի համեմատ, բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի մեկ քառակուսի մետր մակերեսի շուկայական գները էապես նվազել են: Բացառություն է կազմում միայն Երեւանի Կենտրոն վարչական շրջանը, որտեղ բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը, ըստ պաշտոնական վիճակագիրների, այս տարվա հոկտեմբերին միջինացված արժեցել է 455 հազար 800 դրամ` անցած տարվա 428 հազար 250 դրամի դիմաց: Երեւանի մնացած վարչական շրջաններում եւ մարզերում, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ բնակարանի միջին գինն անցած տարվա համեմատ 5-ից 10 տոկոսով նվազել է:
Վ. Հ.