«Կարենն իր ծանոթ տղերքի միջոցով փոխանցում է, թե Արտակին ասեք` քեզ քցելու եմ».Մալաթիա-Սեբաստիայում սպանված երիտասարդի հայրը ուշագրավ մանրամասներ է պատմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա դեկտեմբերի 6-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանված Արտակ Գալստյանի հայրը՝ Էդիկ Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ որդուն սպանել է իր աներորդու տղան՝ Կարենը: Ըստ սպանվածի հոր` դեպքից օրեր առաջ միջնորդներ են խառնվել, որ երկու ազգականների միջեւ ծագած հակասությունը փորձեն հարթել, սակայն մինչ նրանք կփորձեին իրենց ջանքերը կյանքի կոչել, սպանությունն արդեն իսկ տեղի է ունեցել:

Ինչպես հայտնի է` վերը նշված օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ ավտոմեքենայի մեջ սպանվել էր Արտակ Գալստյանը: Սպանությունից անմիջապես հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ Արտակ Գալստյանին սպանել է իր քեռու տղան՝ Կարենը, որը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչ է եւ տեղացիների շրջանում առավել հայտնի է Ջոնիկ անունով:

Հետախուզման մեջ գտնվող Կարենը

Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն եւս հայտարարեց, որ Արտակ Գալստյանի ուղղությամբ կրակած անձի ինքնությունը հայտնի է: Սակայն իրավապահները ենթադրյալ հանցագործություն կատարած անձի անունը չհրապարակեցին, եւ մինչ օրս այդ տվյալը գաղտնի է պահվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էդիկ Գալստյանը պատմեց որդու սպանության պատճառների մանրամասները:

«Մոտ 5 տարի առաջ որդիս տարածք ուներ, ծախեց, ու նրա ձեռքում գումար կար: Կարենը, որը աներձագիս տղան է, իմացել էր, որ որդուս ձեռքը գումար կա, ու եկել, տղայիցս` Արտակից, 25 հազար դոլար գումար էր վերցրել, թե Արտակ, ինձ փող տուր, դեղատուն եմ ուզում սարքել, սարքեմ, դեղատունը կդնեմ բանկ ու փողդ կվերադարձնեմ: Մի խոսքով, դեղատունը սարքեց, պրծավ ու որոշ ժամանակ անց տղայիս գումար էր պետք: Որդիս Կարենին ասում է, որ գումարը կամաց-կամաց տուր, քանի որ ինձ պետք է: Կարենը մանր-մանր տալիս էր, ու պարտք էր մնացել 13 հազար դոլար»,- պատմեց սպանվածի հայրը:

Շարունակելով նա ասաց, որ երբ Արտակ Գալստյանն իր քեռու տղայից պահանաջում է պարտքի մնացորդը՝ 13 հազար դոլարը, դրանից հետո նրանց հարաբերությունները սկսում են սրվել: «Կարեն, փողը երբ ես տալիս, թե հեսա-հեսա: Անընդհատ քնացնում է ու փշերի մեջ: Ու հանկարծ մի օր էլ Կարենն իր ծանոթ տղերքի միջոցով փոխանցում է, թե Արտակին ասեք` էդ փողը չեմ տալու, քեզ քցելու եմ: Որդիս գնում է ու ասում է, թե դու ով էս, որ այդ փողը չտաս: Տղեքի ասելով` այդտեղ որդիս չափալախում է Ջոնիկին: Մի խոսքով, այդ խոսակցությունները գնալով սրվում են ու սրվում»,- պատմեց Էդիկ Գալստյանը:

Ըստ նրա` իրավիճակն ավելի է բարդանում, երբ Կարենի դեղատնից գողություն է տեղի ունենում, եւ նա մերձավորների շրջանում հայտարարում է, թե այդ գողության ետեւում կանգնած է Արտակ Գալստյանը: Շարունակելով ներկայացնել մինչ սպանությունը տեղի ունեցած իրադարձությունների զարգացումները` սպանվածի հայրը պատմեց. «Իմ որդին կյանքի տղա էր ու երբ իմանում է, որ իրեն մեղադրում են գողության մեջ, մի օր հարբած գնում, մտնում է դեղատուն, ոչ մի բանի ձեռք չի տալիս, դեղատան սեղանին 200 դրամ է գցում ու ձեռքերը ցույց է տալիս տեսախցիկներին, ի նշան, որ ինքն է եւ ոչինչ հետը չի տանում ու դուս է գալիս: Տղես այդ քայլով ուզում էր ցույց տալ, որ ինքը այդ մարդը չի: Անցնում է ժամանակ, ու Կարենի դեղատանը կրկին գողություն է տեղի ունենում, ինչը ես համարում եմ շոու: Կրկին ասում են, թե սա Արտակի ձեռի գործն է: Բայց Արտակը այդ տղան չէր: Որդուս սպանությունց 15 օր առաջ կրկին գողերը մտնում են Ջոնիկին պատկանող ԱՊՊԱ գործակալություն, վարսավիրանոց ու ամեն ինչ մաքրում, տանում են: Նա կրկին հայտարարում է, որ Արտակի գործն է եղել: Բայց ոչ մի ապացույց չունեն: Ոչինչ, իրական անողներին կգտնեն, ու ամեն ինչ կբացահատվի, որ իմ որդին այդ գողությունների հետ կապ չի ունեցել: Մի խոսքով, այս ամենը այնքան է խորանում, որ միջնորդներ են խառնվում, որպեսզի Կարենը եւ Արտակը հանդիպեն, զրուցեն եւ հաշտության եզրեր գտնեն, բայց դա տեղի չունեցավ»:

Էդիկ Գալստյանի խոսքերով` դեպքի օրը որդուն Մուշ անունով մեկն է զանգահարում եւ կանչում հանդիպման: «Արտակի կողքին մայրն է եղել, ու մոր ներկայությամբ Արտակը ասում է, թե Մուշ ջան, հեսա կգամ: Մենք Մուշ անունով ընկեր չենք ճանաչում, մեռանք հարց ու փորձ անելով, թե ով է Արտակի ընկեր Մուշը, այդպես էլ չգտանք: Մուշ անունով մարդ չկա, որդիս միտումնավոր մոր մոտ Կարեն անունը չի տվել, որ մայրը չիմանա: Եթե մայրը իմանար Կարենն է, չէր թողնի` դուրս գա: Օդանավակայանի տեսագրություններում երեւացել է, թե ինչպես է Կարենը մեքենան թողնում օդանավակայանում, տոմս առնում ու գնում Հայաստանից: Ես համոզված եմ, որ ինքն է խփել իմ որդուն, ինքը խփեց, թռավ»,- եզրափակելով ասաց Էդիկ Գալստյանը:

Քնար Մանուկյան




Լրահոս