ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող Գյումրու եթիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի մրցույթի շուրջ լուրջ սկանդալ է հասունացել: Թեման հասել է անգամ Բաղրամյան 26, որից հետո տնօրենը նշանակվել է սահմանված կարգի խախտումներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հոկտեմբերի 20-ի հրամանով Գյումրու երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է մրցույթ: Այն անցկացվել է դեկտեմբերի 5-ին: Առաջադրվել են երկու թեկնածու` նույն դպրոցի տնօրեն Գինուշ Զատիկյանն ու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, Գյումրիի 41 դպրոցի նախկին տնօրեն Արտակ Ավետիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու թեկնածուներից Գինուշ Զատիկյանը մրցույթի բանավոր հարցաշարին հազիվ է պատասխանել, փոխարենը Ավետիսյանի պատասխանները գերազանց են եղել: Սակայն մրցութային հանձնաժողովը երկու թեկնածուներին ճանաչել է հաղթող, որից հետո սահմանված կարգի համաձայն` ներկայացրել է նախարար Արտեմ Ասատրյանի նշանակմանը, որպեսզի վերջինս ընտրի տնօրենին:
Արտեմ Ասատրյանն էլ ընտրել է Գինուշ Զատիկյանին, եւ նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիրը: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Զատիկյանին Արտեմ Ասատրյանը նշանակել է սահմանված կարգի խախտմամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ նախարարի հրամանով Գինուշ Զատիկյանը դեկտեմբերի 13-ին է նշանակվել դպրոցի տնօրենի պաշտոնին: Նաեւ պնդեցին՝ նշանակումը կատարվել է օրենսդրության համաձայն, եւ ոչ մի ընթացակարգ չի խախտվել:
Միայն թե իրականում խախտվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 16.02.2006թ. N21-Ն հրամանը, այն էլ խախտվել է բավական կոպտորեն… Այդ հրամանին կից հավելվածի 35-րդ կետի համաձայն` նախարարը հաղթող ճանաչված թեկնածուներից որեւէ մեկին պետք է նշանակեր եռօրյա ժամկետում: Այդ կարգի 27-րդ կետի համաձայն` մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթ անցկացվելուց անմիջապես հետո՝ նույն օրը:
ՈՒ եթե որեւէ մեկը չի բողոքարկում մրցույթի արդյունքները, այդ փաստաթղթի 35-րդ կետի համաձայն` մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է նախարարին: «Եզրակացությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր»:
Ասել է, թե Արտեմ Ասատրյանը եթե անգամ ընտրել էր Գինուշ Զատիկյանին, պետք է նրա հետ պայմանագիր կնքեր ոչ թե դեկտեմբերի 13-ին, այլ մրցույթից երեք օր անց՝ ամենաուշը մինչեւ դեկտեմբերի 8-ը: Բայց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզապես արհամարհել է կարգը եւ Գինուշ Զատիկյանին նշանակել է խախտումներով:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գինուշ Զատիկյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ երբ է նախարարը նրան նշանակելու հրամանը տվել: Սակայն լսելով, որ իրեն լրագրող է զանգահարում, Զատիկյանը նյարդայնացավ, հայտարարեց. «Այո, ես նշանակվել եմ դպրոցի տնօրենի պաշտոնին, ի՞նչ խնդիր կա: Ես չեմ կարող հեռախոսով պատասխանել Ձեր հարցերին: Պարտավոր չեմ Ձեզ հաշվետվություն տալու»,- եւ արագ անջատեց հեռախոսը:
Մեկնաբանությունների համար զանգահարեցինք նաեւ մյուս թեկնածուին` Արտակ Ավետիսյանին, սակայն նա փորձում էր խուսափել մեր հարցերին պատասխանելուց. «Ես մտահոգ չեմ: Երկու հոգի մասնակցել են, մեկին նախարարը նշանակել է: Ես լրիվ բավարարված եմ, ինքս նորմալ պատասխանել եմ, իմ արդյունքից գոհ եմ»:
Իրականում, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս մրցույթն ուղեկցվել է սկանդալով. Գինուշ Զատիկյանը համարվում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եւ Շիրակի նախկին մարզպետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հովանավորյալը:
Իսկ Արտակ Ավետիսյանին հովանավորում է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը: Արտակ Ավետիսյանի անունը հանրությանը հայտնի դարձավ ԱԺ վերջին ընտրությունների թոհուբոհում. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել էր ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրող դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, եւ Արտակ Ավետիսյանի կինը` Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն ասել էր, թե ինքն ու ամուսինը «ընտրողների հետ աշխատում են արդեն մի ամիս, ամեն օր` ամենավերջի ձեւով վախեցնելով»:
Եւ ահա, երբ մրցույթի ժամանակ Գինուշ Զատիկյանն իմացել է, որ Ավետիսյանն ավելի լավ է պատասխանել հարցերին ու միգուցե Արման Սահակյանի միջնորդությամբ նրան նշանակեն գիշերօթիկ դպրոցի տնօրեն, դիմել է իր հովանավորներին, վերջիններս էլ՝ մինչեւ անգամ Սերժ Սարգսյանին: Այս թեման մի քանի օր շարունակ քննարկվել է, եւ Արտեմ Ասատրյանին հանձնարարվել է ընտրել Զատիկյանին: Միայն թե, պարզ չէ՝ ինչու է Արտեմ Ասատրյանն այս քայլին գնացել սահմանված կարգի խախտմամբ:
Հ.Գ. Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ մեկ ուշագրավ փաստ եւս. մինչեւ մրցույթի կայանալը, Զատիկյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի հաշվապահը՝ Ավետիք անունով, վերջինս էլ մինչեւ դեկտեմբերի 13-ը ստորագրել է բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ գիշերօթիկ դպրոցի գնումների, ընդունում-հանձնումների փաստաթղթերը, ինչի իրավունքը, սակայն, չուներ, քանի որ ամսի 8-ից հաստատությունը պետք է օրինական տնօրեն ունենար:
Մեր տեղեկություններով` հիմա փորձ է արվում նույն այդ փաստաթղթերը ետին թվով կազմել ու նախարարություն ներկայացնել: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ Ավետիքին, որը, սակայն, լսելով, որ լրագրող է իր հետ խոսում, ասաց, թե իրավասու չէ պատասխանել որեւէ հարցի ու անջատեց հեռախոսը:
Սյունէ Համբարձումյան
Արման Գալոյան