Բաներ կան, որոնք Սերժ Սարգսյանի մոտ աննախադեպ են. Վազգեն Կարախանյանն էլ է կասկածում ՀՀ վարչապետի կարողությունների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է 2018 թվականի ապրիլը, այնքան Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցավազքն ավելի ակտիվ եւ սուր բնույթ է ստանում: Զուգահեռ շատանում են նաեւ ՀՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալն անխուսափելի համարող հայտարարությունները:

Վերջիններս արդեն ուղղակի հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, եւ հենց նա պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին նշեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

-Պարո՛ն Կարախանյան, այս օրերին ամենաքննարկվող թեման թերեւս Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալ-չդառնալու հարցն է: Դուք` որպես ՀՀԿ-ական, ի՞նչ եք կարծում` Կարեն Կարապետյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան:

-Գիտեք, ես մնում եմ իմ համոզմանը, որ Սերժ Սարգսյանը հազվագյուտ քաղաքական գործիչ է, որն անցել է խրամատով, անցել է ճանապարհ եւ էվոլյուցիոն ձեւով կարողացել է քայլեր կատարելով` հասնել նախագահի պաշտոնին: Եվ ես ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում որեւէ մեկին, որը կարող է ստանձնել այդ պաշտոնը: Եթե խոսքը վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա:

-Ձեզ համար Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է անփոխարինելի:

-Ինքը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ` եթե Կարեն Կարապետյանը կհամոզի, որ ինքը ճիշտ տնտեսական ծրագրեր է իրականացնում, ինքը կարող է տնտեսական բլոկը զարգացնել: Բայց երկրի ղեկավար ես իսկապես տեսնում եմ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի պրակտիկան, շփումները, հազար ու մի բաներ կան, որոնք Սերժ Սարգսյանի մոտ աննախադեպ են, բարձր են նամանավանդ արտաքին հարաբերությունների հարցում: Կարեն Կարապետյանի հետ այդ թեմաներով երբեւէ չեմ խոսել, չգիտեմ իր կարողությունները, բայց ինձ թվում է, որ այսօրվա վիճակով Սերժ Սարգսյանը բարձր է կանգնած:

-Օրինակ` Գալուստ Սահակյանը նշեց, թե Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունի: Համակարծի՞ք եք:

-Ես այդպես շատ կոշտ չէի ասի, որովհետեւ նույն թիմը նաև Կարեն Կարապետյանի թիմում է, եւ մենք իրար հետ համագործակցում ենք: Ես անձամբ իր նկատմամբ հարգանք ունեմ, բայց դա բավարար չէ` երկրի առաջին դեմք լինելու համար:

-Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց, շատ խոստումներ տրվեցին: Ըստ Ձեզ` դրանք իրականացվե՞լ են:

-Ես միգուցե տնտեսական հարցերից լավ չեմ հասկանում, սակայն ինչ-որ բան գուշակում եմ, որ ինքը երկարատեւ ծրագրերի խնդիր է դրել եւ ուզում է, որ րոպեական լուծումներ չլինեն, այլ այդ խոստումներին հետեւի: Այսպես կարող եմ ասել, որ պետք է ունենանք լավ ապագա եւ հույսով ապրենք:

-Դրան միտված քայլեր տեսնո՞ւմ եք:

-Էլի եմ ուզում կրկնեմ, որ դա րոպեական չի, այսօրվա չի: Կարծես թե իր խոստումներից գալիս են ծրագրեր, որոնք վաղը, մյուս օրը, մեկ, երկու, երեք տարի հետո իրողություն են դառնալու: Բայց այսօր՝ ոչ:

Zրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս