ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դադարեցնում են իշխանությունների հետ բանակցությունները, քանի որ պաշտպանության նախարարությունն իրեն չի արդարացրել:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով` ուսանողները մեկ առաջարկ էին ներկայացրել, որը մերժվել է, իսկ մյուս առաջարկն այդպես էլ չի ներկայացվել:
Եվ ահա, ուսանողներից երկուսը՝ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը, այսօր առավոտյան հացադուլ են հայտարարել։
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ նման քայլի գնալու պատճառն այն է, որ գերատեսչությունների կողմից նախապես խոստացված զիջումները չեն եղել: «Մեզ առաջարկում են՝ չափորոշիչներ ներկայացնել հանճարեղ ուսանողների համար, բայց մենք այդ չափորոշիչները չունենք»,- ասաց ուսանողը։
Հիշեցնենք՝ դեռևս մեկ ամիս առաջ ուսանողները դասադուլ և հացադուլ էին հայտարարել տարկետման իրավունքի վերացման դեմ օրինագծի վերացման պահանջով: Ի վերջո, պայքարն ավարտվեց նրանով, որ իշխանություններն ուսանողներին կլոր-սեղան քննարկման հրավիրեցին՝ նշելով, որ կքննարկեն նրանց առաջ քաշած պայամանները: Օրինագիծն ընդունվեց, իսկ ուսանողների պահանջները չիրագործվեցին:
Ուսանողներն էլ այսօր հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է. «Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել»։