Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը, որին հաջորդել է համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը:
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ հաճախակի երկկողմ շփումները վկայում են KfW-ի հետ համագործակցության կարևորության մասին, և Հայաստանը շահագրգռված է շարունակել ու զարգացնել այն: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը ևս կնպաստի Գերմանիայի և Վերականգնման վարկերի բանկի հետ հարաբերությունների ամրապնդմանը: «Այսօր երկու փաստաթուղթ ենք ստորագրելու՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը և «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» համար նախատեսվող դրամաշնորհային համաձայնագիրը: Վերջինիս ներդրումը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը», – ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է KfW-ին՝ դիտարկել նաև պետություն-մասնավոր հատված ձևաչափով համագործակցության ընդլայնման և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները՝ նշելով, որ միջազգային դոնոր կառույցների հետ նման ձևաչափով գործակցության հաջողված օրինակներ արդեն կան Հայաստանում:
KfW տարածաշրջանային տնօրենն արդյունավետ է գնահատել մեր երկրի հետ իրականացվող ծրագրերը և կարևորել ստորագրվելիք համաձայնագրերի նշանակությունը համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից: «Ամբողջ աշխարհում մեր պորտֆելում դուք առաջին երկիրն եք, որը գնում է գյուղատնտեսության ապահովագրության ճանապարհով: Մենք գիտենք, որ Հայաստանում փոքր ֆերմերները բավական լուրջ վնասներ են կրում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, և այս ծրագրի գաղափարը հենց պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում գործելն է», – նշել է Օլաֆ Զիմելկան:
Հաջորդիվ ստորագրվել են համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի» վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը (5,3 մլն եվրո) և «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ I» ծրագրի 2-րդ փուլի համար նախատեսվող վարկային համաձայնագիրը (18,5 մլն եվրո): Առաջին համաձայնագրի շրջանակում իրականացվելիք ծրագիրն իր բնույթով եզակի է. ՀՀ և ԳԴՀ կառավարությունները համատեղ առաջին անգամ համամասնական սկզբունքով կաջակցեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարողներին՝ ապահովագրելով նրանց գործունեությունը կլիմայական ռիսկերից: ԳԴՀ կողմից 5,3 մլն եվրո գումարի չափով հատկացումը կտրամադրվի 2 մասնաբաժնով. 1-ին մասնաբաժինը կազմում է 4,8 մլն եվրո, որով բացառապես ֆինանսավորվելու են ներդրվող գյուղատնտեսության ապահովագրական համակարգի շրջանակում վաճառվող ապահովագրական պայմանագրերի ապահովագրավճարները, 2-րդ մասնաբաժինը՝ 515 հազ. եվրո, նախատեսված է համակարգի ներդրման խորհրդատուի ծախսերի ֆինանսավորման համար: ՀՀ կողմից համաֆինանսավորման գումարի չափը կազմում է 5 մլն եվրո:
Երկրորդ համաձայնագրով նախատեսվող միջոցներն ուղղվելու են Կումայրիի ոռոգման ջրատար թունելի ընդլայնմանը, խողովակաշարի համակարգի կառուցմանը, մոտ 740 հատարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը: