«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբիրելյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցին եւ նիստեր չնշանակելու կաշկանդվածության խնդրին, ասաց, որ բացի օրենքից` որեւէ այլ անձից կա մեկից կաշկանդվածություն չունի:
Ինչպես հայտնել էինք` փաստաբան Գեւորգ Գյոզալյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: Վերջինս այդ քայլին գնացել է, քանի որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը 8 ամիս նիստ չի հրավիրում: «Քանի որ դատավորը նիստ չի կայացնում, դիմել եմ արդարադատության խորհուրդ, որ այդ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, սակայն այդպես էլ դատավորին պատասխանատվության չկանչեցին, ինչի համար էլ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշման համար հայց եմ ներկայացրել դատարան»,- ասել էր փաստաբանը:
Ավելին` փաստաբանը որպես դատավորի կողմից նիստ չհրավիրելու պատճառ երկու վարկած էր առաջ քաշել. նա կաշկանդվածություն ունի այդ գործով, քանի որ հայցը հարկային տեսչության դեմ է, կամ էլ նա պարզապես օրենքներին չի տիրապետում:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ զրուցեց դատավոր Ավագ Գաբիրելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր վարույթում գործեր կան, որոնցով նիստեր չանցկացնելու համար հայտնվել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
-Մի քանի անգամ:
-Հիմա բանը հասել է այնտեղ, որ Ձեր նիստեր չանցկացնելու համար փաստաբանները դատական պրոցեսներ են սկսել Ձեր դեմ:
-Գիտեք, այդպիսի բան չկա, ուղղակի ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց մտածածները: Կարող եմ ասել, որ օրենքով սահմանված կարգով նախագահող դատավորի կողմից ապահովվում են երկու կողմերի իրավունքները: Նրանց իրավունքները ապահովվելուց հետո նոր նախագահող դատավորի կողմից որոշում է կայացվում նախնական դատական նիստ կամ քննություն անցկացնելու մասին: Ընդամենը սա կարող եմ ասել:
-Վստա՞հ եք, որ որեւէ գործով կաշկանդվածություն չունեք:
-Ես որեւէ կաշկանդվածություն չունեմ որեւէ մեկից, բացի օրենքից:
Քնար Մանուկյան