«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Հակառակ իշխանությունների` նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին` Հայաստանում գործազրկության մակարդակը դեռեւս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գործազրկությունը 16.4% էր, 2010թ.` 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյակին՝ 17.8 տոկոս: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենեւին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետեւանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն` այս տարիների ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների` եթե Ս. Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարում՝ 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այլ կերպ ասած` եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմպեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ` գերազանցելով անգամ ճգնաժամի տարիների ցուցանիշը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։