«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլեւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրները ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպաններ կունենան Հայաստանում: Մեր տեղեկություններով, ԱՄՆ նոր դեսպանի ագրեմանը դեռ չի ուղարկվել ՀՀ ԱԳՆ։ Ով կլինի նա, դեռ չգիտեն կամ չեն ասում. հիշեցնենք` դեսպանի թեկնածությունը հաստատում է Սենատը:
Ի դեպ, ԱՄՆ-ն նոր դեսպան ունի նաեւ Ռուսաստանում` մեզ ոչ անհայտ մորմոն Հանթսմանի որդին: Քոչարյանն ավագ Հանթսմանին, հիշեցնենք, Հայաստանում կատարած հումանիտար գործունեության համար պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ Օսկանյանը «հետապնդվել» է Հանթսմանի «փողերի լվացման» համար: Ի դեպ, Հանթսման կրտսերը Ռուսաստանում այս պահին «հայտնի» է նրանով, որ «մերժվում» է շատերի կողմից. ռուսաստանյան մեծ ու փոքր կալիբրի չինովնիկները նրա հետ հանդիպումներից խուսափում են»
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում