ԱՄՆ-ում ներկայումս ակտիվորեն քննարկվում է հարկային բեռի թեթեւացման հարցը, որը այս պետության հասարակական-քաղաքական կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է: Առհասարակ ԱՄՆ-ում կա այսպիսի մի քարացած կանոն, որ երբ իշխանության են գալիս դեմոկրատները, հարկերը որոշակիորեն ավելանում են, մինչդեռ հանրապետականները դրանք պակասեցնում են: Եվ զարմանալի չէ, որ այդ հարցը նախընտրական շրջանի ամենասուր թեմաներից մեկն էր: Այժմ, երբ Սպիտակ տանը հաստատվել են հանրապետականները, ԱՄՆ-ում ակնկալվում է հարկային բեռի թեթեւացում, ինչի հետ կապված քաղաքական ուժերի միջեւ առկա տարաձայնությունները գնալով խորանում են:
Դեռեւս նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր էապես նվազեցնել հարկային բեռը: Թրամփը պնդում էր, որ դա լինելու է աննախադեպ համալիր-ծրագիր իր մասշտաբներով եզակի Միացյալ Նահանգների պատմության մեջ: Եվ իր այդ գնահատականները ԱՄՆ նախագահը կրկնեց օրեր առաջ` պնդելով, որ այժմ Կոնգրեսում քվեարկվող հարկային նվազեցումների հարցը պատմական նշանակություն ունի, քանի որ նախկին որեւէ նախագահ նման մակարդակի նվազեցման չի գնացել:
Սակայն վերլուծաբանները հերթական անգամ ի դերեւ հանեցին նախորդ նախագահների իրականացրած հարկային փոփոխությունների փաթեթները: Եվ պարզվեց, որ ամենից մեծ հարկային նվազեցումը արել է ոչ այլ ոք, քան նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման` ինչպես մի շարք դեպքերում անձամբ հանդես գալով նման օրինագծերով, այնպես էլ օրենքի ուժով ճանաչելով իր նախորդի` Ջորջ Բուշ Կրտսերի կրճատումները: Հարկային փոփոխությունների փաթեթների համապարփակ ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդելու, որ Թրամփի բարեփոխումները 1918 թվականից ցայսօր իրականացված ռեֆորմների շարքում զբաղեցնում են սոսկ 8-րդ հորիզոնականը:
Հարկային կրճատումների պատմականության հարցի հետ մեկտեղ շարունակվում է բանավեճը, թե ով կշահի այդ բարեփոխումների արդյուքնում: Անշուշտ, ժողովրդահաճության տեսանկյունից Դոնալդ Թրամփը շահեկան դիրքերում է: Ցանկացած իշխանության որոշում` կրճատել հարկային ծանրաբեռնվածությունը, ինքըստինքյան արժանանում է ժողովրդի բարեհաճությանը:
Ներկա իրավիճակում, երբ նախագահ Թրամփը լուրջ խնդիրներ ունի իր քաղաքականության տրամաբանությունը ամերիկացիներին բացատրելու հարցում, երբ նրա վարկանիշը, ըստ սոցիոլոգիական հարցումների, պատմական նվազագույնին է հասել, հարկային կրճատումները կարող են նրան որոշակի քաղաքական կապիտալ բերել: Հաշվի առնելով առարկայական ձեռքբերումների ստվարաքանակը` սա Թրամփը կարող է համարել իրական հաջողություն եւ փորձել այդ հենքի վրա կառուցել գալիք տարվա քաղաքական ծրագրերը:
Ավելին` հարկերի նվազեցումը հնարավոր է` զգալիորեն ավելացնի հանրապետականների հեղինակությունը, որոնք սենատորների վերջին ընտրություններում շարունակաբար պարտություններ են կրում:
Ըստ էության, ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, հնարավոր է, ավելի շատ է շահագրգռված հարկերը կրճատելու հարցում, քան նախագահ Թրամփը: 2018թ. նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի մասնակի ընտրություններ, որտեղ դեմոկրատների հաղթանակը այսօրվա պայմաններում լիովին իրական է թվում: Դա ոչ միայն կկանգնեցնի Թրամփի ու հանրապետականների քաղաքականությունը, այլեւ կարող է սպառնալ գործադիր իշխանության էական սահմանափակմամբ: Իսկ ռուսական հետքի հետաքննության խորացման պարագայում իրադարձությունները կարող են հասնել մինչեւ նախագահի պաշտոնանկությանը:
Այսուհանդերձ, ամերիկյան վերլուծաբանները մի փոքր թերհավատ են հանրապետականների հաջողությունների հարցում: Հաշվի առնելով հանգամանքը, որ հարկային փոփոխությունները նախաձեռնվել են շատ կարճ ժամանակահատվածում, դրանց արագ օգտակար գործողության գործակիցը շատ ցածր կլինի: Ամերիկացի ֆինանսիստները կարծում են, որ այս հարկային փոփոխությունները, ըստ էության, ապագայամետ չեն` սահմանափակվելով սոսկ իրավիճակային շահով:
Ըստ այդմ, անորոշ է, թե ամերիկացիները գործնականում որքանով կզգան կատարված փոփոխությունների ազդեցությունն իրենց վրա, ինչն էլ կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա: Ամերիկյան վերլուծաբանները նկատում են, որ Հյուսիսային Կորեայի ճգնաժամն ու ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությունը ավելի մեծ հավակնություն ունեն որոշելու հանրապետականների ճակատագիրը, քան հարկային բարեփոխումները:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, Հայաստանում իշխանությունները երբեք չեն մտածում հարկային բեռը թեթեւացնելու մասին, քանի որ նրանք ընտրողներին հաճոյանալու խնդիր չունեն: Իսկ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքում երբեք իշխանություն չի փոխվել: Ավելին` ամեն մի ընտրությունից հետո հարկերն ավելի են բարձրանում: Մասնավորապես Հայաստանում եկող` 2018 թվականի սկզբից սպասվում է հարկերի հերթական բարձրացում:
Ն. Հովսեփյան