ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՓՈՂԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ մասնավոր փոխանցումների միջոցով ՀՀ-ից հոկտեմբերին դուրս է բերվել 115 մլն 706 հազար դոլար: Սա վերջին մի քանի տարվա մեջ ամենաբարձր ցուցանիշն է, ընդ որում, վերջին ամիսներին կապիտալի արտահոսքը գնալով ավելացել է: Ի դեպ, Հայաստանից արտերկիր փոխանցված գումարներից ամենաշատը դեպի Ռուսաստան փոխանցումներն են: Ընդհանուր ՌԴ է փոխանցվել 43 միլիոն 696 հազար դոլար:
Նշենք նաեւ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր արտերկիր է փոխանցվել 814 մլն 218 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 641 մլն 139 հազար դոլար: Հայաստանից արտերկիր փոխանցումների կտրուկ աճի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել եւ կազմել է ընդամենը 47.3 մլն դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների արդյունքներով տրանսֆերտների ընդհանուր չափը կազմել է 583 միլիոն 503 հազար դոլար, անցած տարի այդ ցուցանիշը եղել է 556 միլիոն 540 հազար դոլար:

 

 

Կառավարությունը մերժել է 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ներկայացրած բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ 8 առաջարկ է ներկայացրել, ընդ որում, ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից: Կառավարությունը որպես մերժման հիմնավորում նշել է, թե առաջարկված ծախսերն առաջնահերթ չեն: Եթե անկեղծ՝ ապա ՀՅԴ խմբակցության առաջարկները չեն վերաբերել համակարգային խնդիրների լուծմանը: Դրանց նպատակը եղել է կոնկրետ մի քանի գյուղերին պետբյուջեից հատկացվելիք գումարները ավելացնելը` մշակույթի կենտրոնի, համայնքային կենտրոնի վերանորոգման կամ ասֆալտապատման համար: Ամեն դեպքում, այն փաստը, որ կառավարությունը մերժել է կոալիցիայի անդամ ԱԺ խմբակցության բոլոր առաջարկները, չի կարող պատահականություն լինել: Ի վերջո, վաղուց է հայտնի, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում:

 

 

 

Հայաստանում դատավորները համարվում են ամենապահովված խավը: Բայց արի ու տես, որ նրանք եւս դժգոհում են սոցիալական ծանր պայմաններից: «Ժողովուրդ» օրարթերը օրերս արձանագրեց, թե ինչպես է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը մի քննարկման ժամանակ ներկայացնում դատավորների սրտաճմլիկ վիճակը: «Լինելով պետական ծառայող, պետական աշխատող, դատավորը չունի բժշկական ապահովագրություն, որեւէ սոցիալական փաթեթի ծրագրից դատավորը չի օգտվում: Բացի այդ՝ վերջին տարիներին իջեցվել են դատավորի թե՛ աշխատավարձը, թե՛ հավելավճարները՝ դատական համակարգում աշխատելու տեւողության հետ կապված, իջեցվել է համարյա երկու անգամ թոշակի չափը: Համաձայն գործող օրենսդրության՝ եթե դատավորը 65-ը լրանալուց հետո որեւէ տեղ փորձում է աշխատել, կլինի դա թե՛ պետական մարմնում, թե՛ մասնավոր, ապա պետությունը թոշակ չի վճարում»,- դժգոհել է Անատոլի Մաթեւոսյանը:

 

 

 

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում: Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան Հայաստանի իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, առանց որի նրանք ուղղակի կյանք չունեն: Բայց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում Դավիթ Հարությունյանի՝ վերը բերված պնդումը. «Գիտեք՝ ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենքներին եւ Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սեւ է: Եվ դա իրեն կհաջողվի անել այնպիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը բաց կմնան»:

 

 

 

ԱԶՆԻՎ ՄՂՎԱԾ
Իշխանությունների մոտ շարունակում է պահպանվել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը հաջորդած էյֆորիան: Երեկ էլ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե այդ փաստաթղթով քաղաքացիների կյանքն են բարելավելու:
Իշխանությունները նույնկերպ հրճվանքի մեջ էին նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելիս: Այս տարիների ընթացքում բազմիցս ենք լսել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան հայկական արտադրատեսակներով գրավելու անծայրածիր հնարավորությունների մասին: Ընդ որում, նման հայտարարություններ ՀՀ իշխանությունները հնչեցրել են ամենաբարձր մակարդակով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Բայց այսօր իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում. այս տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկան այդպես էլ չնվաճվեց, նույնիսկ այդ ուղղությամբ փորձեր չարվեցին: Ընդհակառակը, շեշտակի աճել են ՀՀ ԵԱՏՄ երկրներից ներկրումները: Բայց այդ ամենի պատճառն ամենեւին էլ տնտեսական այդ միավորումը չէ. ԵԱՏՄ պաշտոնյաներն իրենք են բազմիցս հայտարարել, որ Հայաստանը պետք է կարողանա օգտվել միավորման ընձեռած հնարավորություններից, իսկ եթե չի կարողացել, պատճառները պետք է փնտրել երկրի ներսում:
Նույնը նաեւ այս դեպքում է լինելու. ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բարեփոխումների լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին, ընդ որում, բարեփոխումներ պետք է արվեն հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այս առումով իշխանությունները, նաեւ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ճիշտ են, երբ ասում են, թե փաստաթղթի իրագործման արդյունքում քաղաքացիների կյանքն է բարելավվելու: Այնպես որ, հիմա խնդիրը հենց համաձայնագրի դրույթների իրագործումն է. արդյո՞ք իշխանությունները կցուցաբերեն քաղաքական կամք ու կգնան բարեփոխումների, թե՞ ամեն ինչ կավարտվի ձեւական քայլերով՝ այդ ընթացքում հասցրած լինելով մսխել ԵՄ տրամադրած ֆինանսական օժանդակությունը:
Ամեն դեպքում, ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումն այն նվազագույն քայլն էր, որ արեցին իշխանությունները: Շատ կարճ ժամանակ անց գալու է այդ համաձայնագիրը դրույթ առ դրույթ կյանքի կոչելու ժամանակը, եւ կերեւա՝ որքանո՞վ էր ՀՀ-ն ազնիվ իր մղումներում:




Լրահոս