Իշխող կոալիցիայի ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ խուլ դիմակայություն է ընթանում, որը երբեմն-երբեմն բացահայտ դրսեւորումներ է ստանում:
Խոսքը միայն այն մասին չէ, որ կառավարության վերջին նիստում վարչապետն առիթը բաց չթողեց բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին հերթական անգամ հակադարձելու համար: Երբ խոսվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավական կարգավիճակը փոխելու մասին (այն հանվում է ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությունից ու վերածվում Կոմիտեի), եւ երբ Մինասյանն ասաց, որ ռեֆորմները պետք է ավարտվեն երեք տարում, վարչապետն անմիջապես հակադարձել էր. «Ռեֆորմը 3 տարի չի կարող լինել, դա արդեն ռեֆորմ չի: Ծրագիր 3 տարվա` հա, ռեֆորմ 3 տարվա` չէ» (հիշում եք՝ նախկինում էլ ուրիշ առիթներով էր նա անընդհատ կոպտել Մինասյանին):
Վարչապետ-ՀՅԴ դիմակայությունը երեւում է շատ ավելի լուրջ հարցերի շուրջ: Բանն այն է, որ կառավարությունն իր դիրքորոշումն է ներկայացրել 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների ներկայացրած առաջարկների առնչությամբ: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մերժվել են կոալիցիոն ՀՅԴ բոլոր առաջարկները:
Նկատենք՝ խորհրդարանական չորս խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է, որ առաջարկները ներկայացրել էր ոչ թե պատգամավորների, այլ հենց խմբակցության անունից՝ այդպես ավելի արժեւորելով իրենց քայլը: Չնայած դրան, կառավարությունը մերժել է նրանց ներկայացրած բոլոր 8 առաջարկները:
Իհարկե, այնպես չէ, որ ՀՅԴ ներկայացված առաջարկները համակարգային հարցերի վերաբերյալ են: Օրինակ՝ ՀՅԴ-ականներն առաջարկել են սկսել Խաչիկ սահմանապահ գյուղի ոռոգման ջրամբարի կառուցումը, Խաչիկ գյուղին 160 մլն դրամ հատկացնել՝ բնակելի տների կառուցման համար: Կամ ՀՅԴ-ն առաջարկել է 70 մլն դրամ տրամադրել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար, 40 մլն դրամ՝ նույն մարզի Արաքս համայնքի մշակութային կենտրոնի վերանորոգման համար, 70 մլն դրամ՝ Արտաշար համայնքի ճանապարհների ասֆալտապատման, 180 մլն դրամ էլ՝ Տավուշի մարզի Դիտավան համայնքի ճանապարհների ասֆալտապատման նպատակով: Կառավարությունն ԱԺ ՀՅԴ խմբակցության այս առաջարկները մերժել է՝ պատճառաբանելով, թե բյուջեի մուտքերից եւ ծախսերից ելնելով՝ դրանք առաջնահերթ չեն:
Հասկանալի է՝ ՀՅԴ-ն բյուջեի վերաբերյալ առաջարկները խմբակցության անունից ներկայացնելով՝ փորձել է անհարմար դրության մեջ դնել վարչապետին, որպեսզի դրանք չընդունելու դեպքում ստացվի այնպես, որ կառավարությունը մերժել է ոչ թե պատգամավորին, այլ կոալիցիոն գործընկեր քաղաքական ուժին: Ընդ որում, սովորաբար նման դեպքերում հատկապես կոալիցիոն գործընկեր կուսակցությունները փորձում են առաջնահերթությունները ներկայացնել նախագիծը գրելիս, իսկ ԱԺ խմբակցության անունից ներկայացված առաջարկները սկզբում փորձում են քննարկել կուլիսներում, համաձայնեցնել, հետո նոր արդեն փաստաթղթավորել: Ու հիմա ՀՅԴ-ի այս քայլից կարելի է ենթադրել՝ կա՛մ կոալիցիոն գործընկերները փորձել են նախապես համաձայնեցնել, բայց կառավարության մերժումը ստանալով՝ որոշել են հրապարակայնացնել նախագծերը, կա՛մ ի սկզբանե չեն գնացել այդ ճանապարհով՝ միանգամայն հասկանալի պատճառներով: Դե, կառավարությունն էլ որոշել է չնահանջել ու իր դիրքորոշումն է պաշտպանել:
Համեմատության համար նշենք որ կառավարությունը մյուս պատգամավորների առաջարկները մերժելիս ոչ միշտ է այդպես կտրուկ գտնվել: Մասնավորապես ՀՀԿ-ական գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի առաջարկները եթե չի ընդունել, բայց եւ չի մերժել՝ նշելով, որ դրանց իրականացման հարցը դեռ կքննարկեն ՀՀ 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակներում: Բացի այդ՝ հետաքրքիր է, որ կառավարությունը որոշ դեպքերում ընդառաջ է գնացել ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր համարվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած առաջարկներին՝ ընդունելով դրանք, իսկ կոալիցիոն գործընկերոջ հանդեպ միանգամայն այլ որոշում ցուցաբերել:
Իսկ, ընդհանրապես, տեղեկացնենք, որ պատգամավորները ներկայացրել են 111 առաջարկ, որից 15-ն է ընդունվել միայն, այն էլ մի քանիսը՝ մասնակի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԴԵՌ ՉԻ ՎԵՐԱԴԱՌՆԱ
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ խորհրդարանում էր, նա նույնիսկ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ ելույթով հանդես եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է առաջիկայում ինքն ակտիվ քաղաքականություն վերադառնա: «Շատ խիստ տեսականորեն չեմ կարող բացառել ակտիվ քաղաքականություն վերադառնալու հավանականությունը»,-պատասխանեց Թորոսյանը: Նա նաեւ նշեց, թե գործնական առումով, եթե անհրաժեշտություն տեսնի հետագայում, ապա կմտածի քաղաքականություն վերադառնալու շուրջ: Չգուշակենք որեւէ բան, բայց այն, ինչով ես զբաղվում եմ, զբաղվել եմ նաեւ ամբողջ կյանքի ընթացքում, նաեւ խորհրդարանում եղած ժամանակ: Այնպես որ, այդ զբաղմունքն ինձ լիովին բավարարում է»,- պատասխանեց ԱԺ նախկին նախագահը:
ԱԺ ՕՐԱԿԱՐԳ
Եկող երեքշաբթի կմեկնարկի ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 4-ին, ԱԺ խորհուրդը նիստ կգումարի եւ կհաստատի հերթական քառօրյայի օրակարգը եւ հարցերի քննարկման հերթականությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկա քառօրյայի օրակարգը բավական բազմազան տեսք կունենա: Մասնավորապես օրակարգում ընդգրկված կլինի աղմկահարույց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգման մասին» նախագիծը, կքննարկվի նաեւ մեկ անգամ ՀՀԿ-ականների կողմից մերժված վերահսկիչ պալատի՝ 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը, ինչպես նաեւ կշարունակվի 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այժմ քննարկում են, թե ինչպես շարունակեն համագործակցությունը իշխանության ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 29-ին Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, եւ դեկտեմբերի 9-ին այն ուժի մեջ կմտնի: Իսկ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ օրերս հայտարարեց, թե օրենքն արդեն փոփոխման ենթակա չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանն ասաց, թե այս պահի դրությամբ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկումները դադարեցնելու որեւէ պայմանավորվածություն չկա: «Ուղղակի կան սկզբունքներ, որոնք պետք է հետագա քննարկումների հիմքում ընկած լինեն: Եթե այդ սկզբունքները չպահվեն, մեր նախաձեռնությունը կդադարեցնի քննարկումները»,- նշեց Բալդարյանը:
ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը մեծ ձեռքբերում է: Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը եւ զարգացմանը: «Մենք մանրամասն քննարկել ենք այդ համաձայնագրի շրջանակներում մեր կողմից ներգրաված ինտեգրացիոն գործընթացները համատեղելու խնդիրները, եւ ես կարող եմ ասել, որ փաստաթուղթն իսկապես հանդիսանում է Հայաստանի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների համադրությունը»,-վստահեցրել է Գաբրիելյանը:
ՀԱՄԱԺՈՂՈՎ ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
Ամստերդամում դեկտեմբերի 1-3-ը տեղի կունենա Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների «Ալյանս» կուսակցության համաժողովը, որին կմասնակցի նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Համաժողովի օրակարգում կլինեն քաղաքական դեբատներ ընտրական գործընթացների եւ արդի սոցիալական հիմնախնդիրների շուրջ:
ԴՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիի գնահատմամբ՝ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է: Նրա համոզմամբ՝ այս համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում: «Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաեւ աշխատում, եւ, ի վերջո, գործընթացը հասավ իր վերջնակետին»,-ընդգծել է դեսպանը:
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության առավել ամրապնդման եւ խորացման համար: Նախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
ԱՌԱՋԱՐԿ ՉԻ ԵՂԵԼ
Թուրքական ավիաուղիների կողմից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու վերաբերյալ ոչ մի հայտ, առաջարկ չի եղել, հայտնում են ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից: Երբ դիմեն եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացնեն, պարզ կլինի` հնարավո՞ր է իրականացնել թռիչքներ, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը հայտնել էր, որ Turkish airlans թուրքական ավիաընկերությունը պատրաստվում է կանոնավոր չվերթներ սկսել դեպի մի շարք նոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան: Նախօրեին, սակայն, Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հերքել էր տարածված տեղեկատվությունը: