ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ. ԹՈՇԱԿ ՉՈՒՆԵՆ, ՍՈՑՓԱԹԵԹ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում նոյեմբերի 27-ից մեկնարկել է համաժողով՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ընթացքը քննարկելու համար։

Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը խորագրով միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, դատական իշխանության եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից` «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:
Այս քննարկմանը ներկա էին դատավորներ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ վճռաբեկ դատարանից եւ շատ այլ ներկայացուցիչներ: Ու մինչ միջոցառման ներկաները քննարկում էին ոլորտում առկա խնդիրը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը խոսքի իրավունք խնդրեց եւ հարցով դիմեց «Գրեկո»-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոյին՝ բարձրաձայնելով դատավորների սոցիալական խնդիրների մասին:
Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանը հայտարարեց՝ դատավորը սոցիալական երաշխիք չունի, զրո է. «Լինելով պետական ծառայող, պետական աշխատող, դատավորը չունի բժշկական ապահովագրություն, որեւէ սոցիալական փաթեթի ծրագրից դատավորը չի օգտվում: Բացի այդ՝ վերջին տարիներին իջեցվել է դատավորի թե՛ աշխատավարձը, թե՛ հավելավճարները՝ դատական համակարգում աշխատելու տեւողության հետ կապված, իջեցվել է համարյա երկու անգամ թոշակի չափը: Եվ վերջին գոհարը, այսպես ասեմ, երբ դատավորը ձեւակերպում է իր թոշակը, իսկ մեր Սահմանադրությամբ դա 65 տարին լրանալուց հետո է լինում, արգելք է դրվել դատավորի վրա՝ որեւէ տեղ աշխատելու համար: Համաձայն գործող օրենսդրության՝ եթե դատավորը 65-ը լրանալուց հետո որեւէ տեղ փորձում է աշխատել, կլինի դա թե՛ պետական մարմնում, թե՛ մասնավոր, ապա պետությունը թոշակ չի վճարում թոշակի անցած դատավորին: Այսինքն՝ եթե դու դեռ կարող ես աշխատել, գնա՛, ստացի՛ր աշխատավարձդ, բավարարվի՛ր դրանով, քեզ թոշակ չենք տա: Այս սոցիալական վիճակը, որ մենք ասում ենք՝ դատավորների, սա նպաստում է, թե չէ այդ պայքարին, եւ երկրորդը, միգուցե մեր օրենսդիրը այդ ամեն ինչը անում է ԳՐԵԿՈ-ի ռիկամենդացիաների հիման վրա՞, չգիտեմ»:
Նկատենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթեւոսյանի այս ելույթը միջոցառման մասնակիցների մոտ խոսակցությունների տարբեր արձագանքների առիթ դարձավ, թե այնպես է նկարագրում, որ դատավորները խեղճ են, մինչդեռ դատավորները տեղին համարեցին բարձրաձայնումը՝ չհամարձակվելով շարունակել գործընկերոջ բարձրացրած խնդիրը:
Սակայն նկատենք, որ Անատոլի Մաթեւոսյանն իր այս ելույթով, ըստ էության, ցանկանում էր Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի անդամներին կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհը ցույց տալ եւ ասել, թե դատավորների սոցիալական վիճակը կարգավորեք, որ նրանք կաշառք չվերցնեն, եւ հետո նոր այլ քայլերի մասին մտածեք:
Ի պատասխան դատավորի այս բարձրաձայնմանը՝ ԳՐԵԿՈ-ի ներկայացուցիչը խոստովանեց, որ իսկապես լուրջ խնդիր է:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 25-ին Եվրոպական խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) կողմից զեկույց էր հրապարակվել, որտեղ կոչ էր արվում Հայաստանին քայլեր ձեռնարկել՝ խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից դրսեւորվող կոռուպցիոն դեպքերը կանխելու համար: Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է մնում Հայաստանի հասարակության համար, չնայած որ տարիներ շարունակ դրա դեմ պայքարը եղել է քաղաքական օրակարգում:
GRECO-ն խորհուրդ է տալիս, որ խորհրդականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, դրանց նկատմամբ վերահսկողությունը հետագայում մշակվեն եւ ավելի արդյունավետ դառնան:
Այսպիսով՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսից եկած հյուրերը տարաբնույթ մեթոդներով պայքարում են կոռուպցիայի դեմ, սակայն որքան շատ են պայքարում, այնքան ավելի է խորանում կոռուպցիան մեր երկրում: Գուցե գա մի ժամանակ, որ դադարեցնեն պայքարը, եւ այդ երեւույթն ինքնըստինքյան վերանա՞:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴՈՆ ՊԻՊՈՅԻ ԳՈՐԾՈՎ
Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեռեւս շարունակում է մնալ օդից կախված: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումից անցել է 6 ամիս, սակայն մինչ օրս գործով կալանավորվածների մի մասը հրաժարվում է ցուցմունք տալ եւ բարձրաձայնում է՝ քրեակատարողական հիմնարկում իրենց անվտանգության մասին նշելով: Եւ մինչ օրս օդից կախված է մնում հարցը, թե ովքեր էին կանգնած այս սպանության նախապատրաստության հետեւում, ասել է՝ ով կամ ովքեր էին պատվիրատուները:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Հիշեցնենք նաեւ, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի: Երեք անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց:
Ըստ մամուլի հրապարակումների՝ այս միջադեպի հետեւում կանգնած է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը (Արտյոմ Կանեւսկո):
Հավելենք, որ այս գործով քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, ճանաչվել է տուժող:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ
2017 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզպետարանից գողություն էր կատարվել: Մարզի բնակիչ Աշոտ Քարամյանը ինչ-որ հարցով գնացել էր մարզպետարան ու տեսնելով, որ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի թիվ 510 աշխատասենյակում մարդ չկա, եւ այնտեղ դրված են բաժնի աշխատակիցների պայուսակները, հափշտակել էր դրամապանակը, դրանում եղած 41 հազար դրամը, 5 հազար ռուբլին եւ 50 դոլարը: Երբ նրանով սկսել էին զբաղվել իրավապահները, Աշոտ Քարամյանը հայտնել էր, որ մարզպետարան էր գնացել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից ֆինանսական օգնություն ստանալու ակնկալիքով, սակայն տեսնելով, որ մարզպետարանում մարդ չկա, գողություն էր արել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանն այս գործով հրապարակել է վճիռ եւ Աշոտ Քարամյանին կատարած արարքի համար ազատազրկման է դատապարտել 3 տարի 4 ամիս ժամկետով: Իհարկե, գողության դեպքն արդարացնել չի կարելի երբեք, ոչ մի հիմնավորմամբ, բայց արդյո՞ք նշանակված 3 տարի 4 ամիս ժամակետով մարդուն ազատազրկելը համարժեք պատիժ է:

 

 

 

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է
ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, Ազգային Ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկմանը խմբակցությանն առաջարկներ է ներկայացրել. «Մենք առաջարկում ենք տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով յուրաքանչյուր զորակոչի համար, սակայն հաշվի առնել որոշակի հանգամանքներ եւ այդ չափն իջեցնել մինչեւ 60-ապատիկի կամ 30-ապատիկի: Բացի դրանից՝ առաջարկում ենք, որ 27-ը լրացած այն անձինք, որոնք չեն կարող վճարել, կամավոր սկզբունքով մեկնեն ծառայության»: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տուգանքի չափի մեջ տարբերակում դնելու առաջարկությանը կտրականապես դեմ է արտահայտվել: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նույնպես չի համաձայնել այս առաջակության հետ: Հարցը դրվել է քվեարկության: Ձայների մեծամասնությամբ նախագիծն ընդունվել է՝ դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյային ընդունելու համար:

 

 

 

ՏԱՏԻԿԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է
Տավուշի մարզում նորածնի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել նորածնի տատիկին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրածին Փ.-ն սեպտեմբերի 27-ի գիշերը Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է երեխային, ապա գցել արտաքնոցի փոսի մեջ: Նորածնի տատիկին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:




Լրահոս