Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Լոռու մարզի Մղարթ, Արդվի եւ հարակից գյուղերի բնակիչները երեկ փակել էին Մղարթ տանող գլխավոր ճանապարհը: Նշենք, որ երեկ նշված համայնքում նախատեսված էր «Միռամ» ընկերության կողմից Շեկաղբյուրի բազմամետաղային հանքերեւակման երկրորդ հանրային լսումները: Գյուղացիները պնդել են, որ ճանապարհը չեն բացելու, ու «Միռամ»-ի ներկայացուցիչներին թույլ չեն տալու մտնել գյուղ: Նրանք հանդես են գալիս «Մեր ոսկին մեր հարստությունն է», «Արդվին. հայոց նստավայր» եւ այլ ցուցապաստառներով:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ավանդի ո՞ր տեսակները չեն երաշխավորվում բանկերի կողմից:
Սերինե Մխիթարյան (66 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք ա) պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, բ) պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, դ) ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, ե) սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից, զ) ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմանադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ե՛ւ կանխիկ, եւ անկանխիկ եղանակով` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով: Ի դեպ, ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնալուծությունից հետո իրավական ինչպիսի՞ հետեւանքներ կարող են առաջանալ: Այսինքն՝ ամուսնալուծված զույգերն ունե՞ն իրավական պարտականություններ, թե՞ ոչ:
Սյուզաննա Անթաշյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Անթաշյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանում ենք, որ ամուսնալուծությունից հետո առաջացած իրավական հետեւանքներն են՝
– Հայաստանում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,
– ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
– ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով կամ փոխհամաձայնությամբ,
– Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:
Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված, հայցադիմումի հիման վրա: Ընդհանուր կարգով հայցվորն ամուսնալուծության մասին հայց է ներկայացնում պատասխանողի` օրենքին համապատասխան գրանցված, բնակության կամ գտնվելու վայրի դատարան: Հայցվորի խնամակալության տակ գտնվող անչափահաս կամ մանկահասակ երեխաների, կամ առողջական կամ այլ հարգելի պատճառով պատասխանողի բնակության վայր մեկնել չկարողանալու պարագայում հայցադիմումը կարող է ներկայացվել հայցվորի բնակության կամ գտնվելու վայրում: Ամուսինների համաձայնությամբ գործը կարող է քննվել նրանցից յուրաքանչյուրի բնակության վայրում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով: