ՀԷՑ-Ի ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, եւ ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, եւ ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով:
Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ ներկայացրեց: Փաստորեն արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սեփականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է: Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբազվող ընկերությունների կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է: Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցանիշին հասնելու համար:

 

 

 

Ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցներվ հնչող հակահայկական հայտարարություններին: «ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլինի հայկական տնտեսության վերջը: Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերաբերում են ոչ թե որպես թղթի, կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղաքական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում»,- ասել է նա: Կոլերովը նաեւ նշել է, որ «…եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետեւեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք»:

 

 

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները: Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանսի» հետ, ըստ որի՝ ձեռք է բերել վերջինիս անունից վկայագրեր կնքելու իրավունք, նաեւ պարտավորվել դրա դիմաց ստացված գումարները փոխանցել ընկերության հաշվին: Սակայն Հովհաննիսյանը խաբել ու գումարներն այդպես էլ ընկերությանը չի փոխանցել: Խոսքը մոտ 500 հազար դրամի մասին է: Վարորդների վճարած գումարից 100 հազար դրամը վերցրել է որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած 504 հազար դրամը յուրացրել: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, եւ հիմա Հովհաննիսյանը մեղադրյալի աթոռին է:

 

 

 

Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլեւ դեռ մի բան էլ մի փոքր՝ 0.5 տոկոսով, ավելացել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ, ինչն իր հերթին անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն կաթնամթերքի՝ կաթի արտադրության պաշտոնական թվերով անկում չի արձանագրվել:

 

 

 

ԳԵՂԵՑԻԿ ԶԱՎԵՇՏ
Իշխանությունները անխոնջ պայքար են սկսել կոռուպցիայի դեմ: Համենայն դեպս, իրենք հայտարարում են այդ մասին: Ու հայտարարում են դեմքի այնպիսի լուրջ արտահայտությամբ, որ քիչ է մնում իրենք էլ հավատան իրենց ասածներին: Այդ շոուն, իհարկե, վաղուց էին սկսել: Դրանք սաստկացան. նախ՝ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի քննարկումների փուլում ակտիվացրին կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը, իսկ արդեն փաստաթղթի ստորագրումից հետո միայն այդ մասին են խոսում: Վարչապետ Կարեն Կարապետյանը, օրինակ, երեկ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ է անցկացրել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկայացվել է «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը: Հետո խոսել են «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի» մասին: Ըստ այդմ, ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձ հնարավորություն է ունենալու կոռուպցիոն դեպքի հետ կապված ինչպես հրապարակային, այնպես էլ՝ անանուն հաղորդագրություններ ներկայացնել: Ու խոսվել է, որ կան երաշխիքներ, որոնք ապահովելու են անանունությունը, ընդ որում՝ որեւէ մարմին չի կարողանալու պարզել ազդարարի ինքնությունը եւ այն, թե որ համակարգչից է հաղորդագրությունն ուղարկվել:
Ամեն ինչ գեղեցիկ է հնչում: Միայն թե ծիծաղելի է տեսնել, թե ինչպես է մի երեւույթի դեմ պայքարում իշխանությունը, որ ինքն է ծնունդ առել նույն այդ արատից: Ամեն դեպքում, զավեշտալի է: Բայց, դե, սեղանին դրված խաղադրույքը շատ բարձր է. ԵՄ-ն համաձայնագրի դրույթներն իրագործելու համար պատրաստակամություն է հայտնել 25 տոկոսով ավելացնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը: Երեկ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, թե Հայաստանը ԵՄ-ից համաձայնագրով նախատեսված բարեփոխումներն իրականացնելու համար 176 մլն եվրո գումար է ստանալու: Ու հիմա, եթե իշխանություններն ուզում են ստանալ այս գումարը, պետք է համաձայնագրի իրականացմանն ուղղված քայլեր ձեռնարկեն, այլապես կզրկվեն փողից: Դրա համար էլ հիմա օր ու մեջ լսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ի դեպ, որքան հիշում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի իշխանությունը խոսում է տարիներ շարունակ, բայց միայն խոսել է, այլապես հիմա շատ խնդիրներ լուծած կլիներ վաղուց: Մնում է հուսալ՝ ԵՄ-ն կստիպի նրանց որոշակի քայլերի գնալ, գոնե հանուն պարգեւավճարի:




Լրահոս