ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում մի քանի օրվա տարբերությամբ երկու սկանդալային հաղորդում հեռարձակվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին: Ընդ որում, երկու դեպքերում էլ Հայաստանը եւ ՀՀ իշխանությունները բնորոշվում էին շատ վիրավորական արտահայտություններով:

Օրինակ՝ ՌԴ ՊՆ-ի պաշտոնական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում իշխող ՀՀԿ-ին մեղադրում էին ֆաշիզմի հերոսացման մեջ՝ Գարեգին Նժդեհին անվանելով Ադլոֆ Հիտլերի կողմնակից, իսկ ահա «НТВ»-ի եթերում Հայաստանին համեմատեցին ՌԴ-ի «սիրուհու» հետ, որին Մոսկվան «պահում, կերակրում է», սակայն նա դավաճանում է՝ «երիտասարդ ու գեղեցկակազմ» Արեւմուտքի հետ:
Հետաքրքիր է, որ հայկական կողմի բացասական ռեակցիայից հետո «Զվեզդա»-ն հեռացրեց իր տեսանյութը համացանցից, անգամ ՌԴ-ում ՀՀ դեսպանին բացատրություն ներկայացվեց: Ի վերջո, ինչո՞ւ են ռուսաստանյան ԶԼՄ-ներում այդպիսի հաղորդումներ հեռարձակվում, ո՞րն է պատճառը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ, REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, չնայած պաշտոնական Մոսկվան որեւէ հրապարակային առարկություն չի ներկայացրել Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ, սակայն ռուսական լրատվամիջոցներում հակառակ իրավիճակն է, ականատես եղանք կոշտ քննադատության: Ինչպե՞ս կարող եք այս ամենը բացատրել:
-Այդ երկու դեպքերը բավակա՞ն են, որպեսզի ասենք, թե հակահայկական հիստերիա է սկսվել: Եթե այդպես նայենք, ապա կան հայկական լրատվամիջոցներ, որոնք գրեթե ամեն օր գրում են հակառուսական հոդվածներ: Ընդ որում, մենք գիտենք, որ այդ լրատվամիջոցները լրիվ անկախ չեն: Ի՞նչ եզրակացության մենք պետք է գանք: Դուք այդ երկու հաղորդումներից եզրակացության եք եկել, թե հակահայկական տրամադրություններ են, ապա ՌԴ-ում ի՞նչ պետք է մտածենք ՀՀ-ում չդադարող հակառուսական հոդվածների մասին:
-Սակայն «Զվեզդա»-ն ՌԴ ՊՆ-ի պաշտոնական հեռուստաալիքն է, իսկ «НТВ»-ն կապված է «Գազպրոմի» հետ: Արդյո՞ք դրանք չեն արտահայտում պաշտոնական տեսակետ:
-Այն հայկական լրատվամիջոցները, որոնք հակառուսական հոդվածներ են հրապարակում, եւս հայտնի է, թե ում հետ են կապված: Հայաստանում երբեք չի դադարել նման նյութեր հրապարակվել, կան հակառուսական տրամադրություններ ստեղծող բազմաթիվ լրատվամիջոցներ: Եվ նրանք բոլորն անդադար, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով հակառուսական տրամադրություններ պարունակող հոդվածներ են տպագրում: Այնպես որ, այդ երկու փաստերը բավարար չեն, որպեսզի եզրակացություններ անեք հակահայկական տրամադրությունների մասին: Սակայն կան բազմաթիվ փաստեր, որոնք համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ հայկական մեդիա դաշտում կոնսենսուս է գործում՝ օգուտ ԵՄ-ի համաձայնագրի, որն իբր թե Մոսկվան խոչընդոտել է ամբողջ ուժով: Ընդ որում, ոչ ոք ոչ մի անգամ չի ունեցել ապացույց այն բանի, որ Ռուսաստանը խոչընդոտում է: Բնական է, որ այդ երկու ռուսական հաղորդումները չեն արտացոլում ո՛չ ՌԴ ՊՆ-ի, ո՛չ էլ «Գազպրոմի» տեսակետը: Դուք մտածո՞ւմ եք, որ ՌԴ-ն այնպիսի դաժան, տոտարիտար ռեժիմ է, որ «լքված կնոջ» մասին հայտարարությունները ղեկավարում է «Գազպրոմը», իսկ Նժդեհի մասին հայտարարությունները՝ ՌԴ Պն-ն: Այդ ամենն իրատեսական չէ:
-Սակայն հակահայկական տրամադրություններ առաջացնող այդ երկու հաղորդումները եղան հենց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո:
-Ամեն ինչ էլ ինչ-որ մի բանից հետո է տեղի ունենում: Մի այսպիսի օրինակ բերեմ. Հայաստանում առկա է պաշտոնական, Հայաստանում տպագրվող «Голос Армении» թերթը: Մի քանի տարի առաջ նրանք հոդված էին հրապարակել, որտեղ ինձ անվանել էին ադրբեջանական լրտես: Ես պե՞տք է դա համարեի Հայաստանի պաշտոնական տեսակետ: Իսկ ինչ վերաբերում է համաձայնագրին, ապա այնտեղ խոսք է գնում հայկական ատոմակայանի փակման մասին: Համաձայնագիրը ներքին առումով խնդրահարույց է, այն չի իրականացվի, իսկ եթե սկսի իրականացվել, ապա դա կլինի հայկական տնտեսության վերջը: Հայաստանի ցանկացած հակառակորդ, թշնամի կցանկանա, որպեսզի այդ համաձայնագիրը լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ համաձայնագրին վերաբերում են ոչ թե որպես թղթի կամ այբուբենի, որը պետք է տառ առ տառ իրականացնեն, այլ որպես քաղաքական հռչակագիր, որն ամբողջովին իրականացնել չեն պատրաստվում:
-Շատ շրջանակներ հատկապես «НТВ»-ում հրապարակված հաղորդման մեջ հայկական հետք են տեսնում՝ այն կապելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
-Ձեր վարչապետը «Գազպրոմ»-ում դուստր ձեռնարկություն է ղեկավարել եւ եղել է խորհրդի բազմաթիվ անդամներից միայն մեկը: Նա նույնիսկ չի եղել այդ դուստր ձեռնարկությունների թոփ-մենեջերը: Եթե ՌԴ-ում այդպես ուշադրությամբ հետեւեին նրան, ինչ գրում են հայկական ԶԼՄ-ները, ապա մենք այստեղ վաղուց խելագարված կլինեինք:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ

«Parliamentmonitoring.am» կայքն ամփոփել է Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները՝ ավանդաբար ներկայացնելով ամենա-ամենա պատգամավորների թոփ տասնյակները:

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակված տվյալներից պարզեց, որ ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը, ինչպես նախորդ ժամանակահատվածներում, շարունակում է գլխավոր «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ամենաշատ բացակայած պատգամավորների հնգյակն ունի հետեւյալ տեսքը.
Գագիկ Ծառուկյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-169 անգամ,
Նորա Առուստամյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-111 անգամ,
Էդմոն Մարուքյան՝ «ԵԼՔ» խմբակցություն-82 անգամ,
Սամվել Ֆարմանյան՝ ՀՀԿ խմբակցություն – 77 անգամ,
Հերմինե Նաղդալյան՝ ՀՀԿ խմբակցություն – 75 անգամ:
Ամենաշատը ելույթ ունեցած, հարց հնչեցրած պատգամավորների հնգյակում միայն «ԵԼՔ»-ի եւ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն են: Իսկ հնգյակն այս տեսքն ունի.
Արտակ Զեյնալյան՝ «ԵԼՔ» խմբակցություն-76 անգամ,
Նիկոլ Փաշինյան՝ «ԵԼՔ» խմբակցություն-52 անգամ,
Միքայել Մելքումյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-50 անգամ,
Սերգեյ Բագրատյան՝ «Ծառուկյան» խմբակցություն-45 անգամ,
Մանե Թանդիլյան՝ «ԵԼՔ» խմբակցություն-43 անգամ:
Նախագծերին ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների հնգյակը բաղկացած է միայն «ԵԼՔ» խմբակցության անդամներից.
Լենա Նազարյան՝ 39 անգամ,
Մանե Թանդիլյան՝ 36 անգամ
Արամ Սարգսյան՝ 34 անգամ,
Արտակ Զեյնալյան՝ 33 անգամ,
Գեւորգ Գորգիսյան՝ 33 անգամ:
Իսկ նախագծերին ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորների հնգյակն էլ բաղկացած է միայն իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներից:
Սամվել Նիկոյան՝ 166 անգամ,
Գրիգոր Ավալյան՝ 166 անգամ,
Գագիկ Մելիքյան՝ 166 անգամ,
Վահրամ Բաղդասարյան՝ 166 անգամ,
Ավետ Սարգսյան՝ 166 անգամ:
Նախագծերին ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորներն էլ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներն են: Հնգյակն այսպիսի տեսք ունի.
Վարդան Բոստանջյան՝ 10 անգամ,
Վահան Կարապետյան՝ 10 անգամ,
Նաիրա Զոհրաբյան՝ 10 անգամ,
Վահե Էնֆիաջյան՝ 9 անգամ,
Արայիկ Աղաբաբյան՝ 9 անգամ:
Կարելի է ասել, որ խորհրդարանական վիճակագրությունը խոսուն է, քանի որ ամբողջությամբ արտացոլում է Հայաստանի խորհրդարանում առկա պատկերը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԿՍՏԵՂԾՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 7-ի նիստում ընդգրկված է նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին հարցը: Ըստ այդմ, կառավարության նիստում «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն կճանաչվի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ, եւ կհաստատվեն ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձեւերը: Նախագծում նշվում է, թե կառավարության կողմից հիմնադրված ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ, ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից: Նախատեսվում է, որ ընկերությունը կստեղծի մոտ 45 նոր աշխատատեղ, որից 5 հոգին կլինի ղեկավար անձնակազմը, որի միջին աշխատավարձը կկազմի շուրջ 600 հազար դրամ, իսկ վարչատնտեսական աշխատակազմինը՝ 200 հազար դրամ:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ՊՈԱԿ-Ի
Մինչ իրավապահները մեկը մյուսի հետեւից քրեական գործ են հարուցում ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ապօրինի ծառահատման դեպքերով, նախարարությունը իր հերթին է դատի տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դատի է տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին եւ պահանջում է, որ ՊՈԱԿ-ը վճարի շրջակա միջավայրին պատճառած վնասի գումարը, որը կազմում է 1 միլիոն 247 հազար դրամ:

 

 

 

ԿՐԿԻՆ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ընկերությունները դատական հայցեր են ներկայացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի «Սոցապ նախարարությանը իր հետ պայմանագիր կնքի եւ պայմանագրի նախագիծ չներկայացնելու պատասխանողի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի»:
Ըստ էության վերոնշյալ ընկերությունը պրոթեզներ է մատակարարում նախարարությանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նախարարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել այս ընկերության հետ:
Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ «Ժողովուրդը» դեռես հունիս ամսին գրել էր՝ լսողական սարքեր ստացող քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Եվ, ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատճառով ավելի քան հինգ ամիս չեն ստացել իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Եվ ահա ըստ էության այս իրավիճակն է պատճառը, որ մարդիկ նման խնդրի առաջ են կանգնել:




Լրահոս