Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հռչակագրի ընդունումից հետո ՀՀ իշխանությունների պահվածքը կռվից հետո օդում սրեր ճոճել է հիշեցնում: Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ ՍԾՏՀ ԽՎ հռչակագրում վերջին պահին տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ հայկական կողմի համար անբարենպաստ ձեւակերպումներ էին մտցվել (այնտեղ շեշտադրված էր տարածքային ամբողջականության իրավունքը, եւ հիշատակված չէր ազգերի ինքնորոշման մասին): 12 երկրներից 9-ը կողմ էր քվեարկել հռչակագրին՝ ընդունելով այն:
Եւ ահա երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսի հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ հայտարարելով, թե ՍԾՏՀԿ ԽՎ շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը եւ սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են ու հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։
Իսկ ԱԺ-ում ասուլիս էին հրավիրել ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության անդամներն իրենց ղեկավար ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Մինասյանը երեկ փորձում էր ամենատարբեր արդարացումները բերել` կոծկելով հայկական դիվանագիտության ձախողումը: Ու արդյունքում ե՛ւ նա, ե՛ւ պատվիրակության անդամներից կոալիցիոն ՀՅԴ-ի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը սկսեցին իրարամերժ հայտարարություններ անել:
Նախ` Մինասյանը պատմեց, որ հռչակագիրը մինչ այդ ներկայացվել էր նաեւ կառույցի պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ հայկական պատվիրակությունը փոփոխություն էր առաջարկել` կոչ անելով, որ հանձնաժողովը մնա իր առաքելության մեջ եւ ուղղվածությունը պահի տնտեսական հարցերին: Հանձնաժողովում դեմ են եղել Թուրքիան եւ Ադրբեջանը, իսկ մյուսները` կողմ: Նա մի քանի անգամ շեշտեց, թե հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները որեւէ ազդեցություն չեն ունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ավելին, ըստ Մինասյանի՝ ՍԾՏՀ ԽՎ-ն տնտեսական կառույց է եւ որեւէ մանդատ չունի քաղաքական հարցեր քննարկելու, մանավանդ հակամարտություններին վերաբերող: Եւ վերջապես, ըստ Մինասյանի, հռչակագիրն ուղղված է եղել ՌԴ-ի դեմ, պատճառը ռուս-ուկրաինական կոնֆլիկտն է: Նա ասել է, թե ԽՎ-ի եզրափակիչ փաստաթղթի հետ կապված այլ առաջարկ չի եղել ո՛չ աշխատանքի սկսման օրը, ո՛չ էլ հետո: Բայց, ինչպես հետո է պարզվել, սուրճի ընդմիջումից հետո, հայաստանյան պատվիրակությունից գաղտնի քննարկվել են Ուկրաինայի պատվիրակության առաջարկները:
Իսկ Աղվան Վարդանյանն էլ կրկնելով միտքը, որ ՍԾՏՀ ԽՎ հռչակագիրն ավելի շատ ուղղված էր Ռուսաստանի դեմ, հաջորդ նախադասությամբ հերքել է ինքն իրեն` պատմելով, որ ԽՎ պատվիրակության ադրբեջանցի ղեկավար Ասաֆ Գաջիեւը հայկական պատվիրակության հասցեին հայտարարել է. «Հեռացե՛ք Ադրբեջանի տարածքներից, դուք գրավել եք Ադրբեջանի 20 տոկոսը, մենք ունենք փախստականներ»:
Իհարկե, անհասկանալի է փաստը, թե ինչպես ԽՎ պետաիրավական հանձնաժողովում Հայաստանի առաջարկներին, բացի Թուրքիայից եւ Ադրբեջանից, կողմ են եղել մյուս երկրների պատվիրակությունները, բայց հետո նրանք կողմ են եղել նաեւ ուկրաինական պատվիրակության առաջարկած եւ ադրբեջանական լոբբիի պաշտպանած տարբերակին: Ընդ որում, խոսքը նաեւ այնպիսի երկրների մասին է, որոնք առավելագույնս չեզոք են եղել, դեռ ավելին` հարկ եղած դեպքում պաշտպանել են հայկական կողմի տեսակետները` Բուլղարիա, Ռումինիա, Ալբանիա եւ Հունաստան: Սա անուղղակի վկայությունն է, որ հայկական դիվանագիտությունը, նաեւ ԽՎ հայկական պատվիրակությունը պարզապես չի աշխատել, մյուս երկրների ներկայացուցիչներին չի ներկայացրել հարցի էությունը, նրբությունները: Սա նաեւ ցույց է տալիս ԱԳՆ անգործությունը, եւ փաստաթղթի ընդունումից հետո Նալբանդյանի երեկվա «հոխորտանքները» այնքան էլ տեղին չէին:
Իսկ եթե, այնուամենայնիվ, այս փաստաթուղթն ուղղված չի եղել ՀՀ-ի դեմ (ինչպես երեկ պնդում էին հայ պատգամավորները), այլ նպատակը ՌԴ-ին «ցավեցնելն» է եղել, ապա անհասկանալի է հայկական պատվիրակության պահվածքը, երբ հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով հռչակագրում տեղ գտած ձեւակերպումները եւ ի նշան բողոքի՝ լքել դահլիճը: Որքան էլ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, տնտեսական միեւնույն միավորման անդամ, բայց եւ իրենց սեփական շահերն ունեն: Ըստ այդմ, անհասկանալի է, եթե հռչակագիրն ուղղված է եղել ՌԴ-ի դեմ, ինչո՞ւ է հայկական կողմը վիրավորվել ու բոյկոտել ԽՎ նիստը, եւ, ընդհանրապես, ինչո՞ւ առաջարկված փոփոխությունների մասին միայն հայկական կողմին չեն տեղեկացրել՝ գերադասելով շրջանցել: Թե՞ նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում են ՀՀ-ին ու ՌԴ-ին նույնականացնում, ավելի ճիշտ` ՀՀ-ին համարում ՌԴ կցորդը:
Ինչ վերաբերում է փաստարկին, որ ՍԾՏՀ ԽՎ հռչակագրի ձեւակերպումները որեւէ կերպ չեն անդրադառնա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, ապա այստեղ Մինասյանը միանգամայն ճիշտ է: Բայց նկատենք` որքան էլ նման փաստաթղթերը հակամարտության կարգավորման գործընթացի հետ առնչություն չունեն, միեւնույն է` այնտեղ առկա ձեւակերպումները միջազգային հանրության որոշակի շրջանակների մոտ, այնուամենայնիվ, տպավորություն են ձեւավորում: Եւ հենց դրա համար է, որ Ադրբեջանը փորձում է միջազգային բոլոր հնարավոր շրջանակներում քննարկվող փաստաթղթերում իրեն ձեռնտու ձեւակերպումներ մտցնել, եւ Հայաստանը դիմակայում է այդ ամենին:
Կարճ ասած՝ իշխանությունները հերթական ձախողումն են գրանցել, եւ երեկ այդ ամենն արդարացնելու եւ սրբագրելու անհաջող փորձեր էին անում:
Հ. Գ. Իհարկե, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները տարբեր պատվիրակությունների շրջանակում միջազգային տարաբնույթ միջոցառումների մասնակցությունը նույնացնում են զվարճալի ճամփորդության հետ: Նրանք, մեծ հաշվով, ոչինչ չեն անում՝ իրենց բուն պարտականությունները կատարելու համար, դրա համար հաճախ ունենում ենք այսպիսի պատկեր: Հուսանք՝ գոնե Կիեւ գնալիս պատվիրակության նախագահի հեռախոսի 3G-ն անջատված է եղել:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՀՐԱՇԱԼԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարզվում է` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանը տեղյակ չէ, որ կառավարությունը մերժել է 2018 թվականի պետական բյուջեի վերաբերյալ հարազատ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորների ներկայացրած առաջարկները: Ընդ որում, ՀՅԴ խմբակցության բոլոր առաջարկները վերաբերում էին հենց մարզային խնդիրներին: «Ես արձակուրդում եմ եղել, տեղյակ չեմ: Մերժման պատճառը չգիտեմ, դեռեւս երկրորդ ընթերցումը կա, գուցե ինչ-որ բան կփոխվի այնտեղ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա: Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՅԴ-ի միջեւ լարված հարաբերությունների մասին է կրկին բարձրաձայնվում, Լոքյանը շտապեց հերքել. «Հնարովի բաներ են դրանք, ես կարող եմ ասել, որ դաշնակցական նախարարների եւ վարչապետի միջեւ շատ հրաշալի աշխատանքային հարաբերություններ են, այլ հարաբերությունների մասին չենք խոսում: Շատ հրաշալի աշխատանքային հարաբերություններ կան նաեւ մեր մարզպետների եւ վարչապետի միջեւ»:
ԳՈՐԳ ՉԿԱ, ՉԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության զարգացման նորաստեղծ հիմնադրամը, պարզվում է, անգամ ավտոմեքենայի գորգերն է պետական միջոցներով ձեռք բերում: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ հիմնադրամը ավտոմեքենայի համար նախատեսված մեկ գորգ է գնել նոյեմբերի 7-ին, որի համար վճարել է 20 հազար դրամ: Այսքանից հետո, թերեւս, պետք է խորը շունչ քաշել ու հանգստանալ. պարզվում է` նորաստեղծ հիմնադրամը գտել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիների շարունակական անկման պատճառը. իրենց ղեկավարի ավտոմեքենայում գորգի բացակայությունն է եղել: Ու հիմա այդ գորգը բյուջեի միջոցներով ձեռք բերելուց հետո Հայաստանում աննախադեպ տեմպերով զարկ կտրվի գյուղատնտեսության ոլորտին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է պաշտոնյաների ավտոմեքենաների աքսեսուարները եւս բյուջեի միջոցներով գնվեն: Խոսքը այն աքսեսուարների մասին է, որոնք որեւէ առնչություն չունեն մեքենայի լավ ու վատ աշխատանքի հետ, այլ ղեկավարների քմհաճույքն են:
ՆՎԱԶԵԼ ԵՆ
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրման ծավալները, նախորդ տարվա համեմատ, աճել են 12.3 տոկոսով, փոխարենը նվազել են ուղեւորափոխադրումները՝ 3.2 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ արդեն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, այդ ծավալները սկսել են նվազել՝ 5.3 տոկոսով: Նշենք նաեւ, որ հոկտեմբերին կտրուկ նվազել են ե՛ւ օդային, ե՛ւ երկաթուղային ճանապարհով իրականացված բեռնափոխադրումները: Ինչ վերաբերում է ուղեւորափոխադրումներին, ապա հիմնականում նվազել են ավտոմեքենաներով, այդ թվում՝ տաքսիներով իրականացված ուղեւորափոխադրումները՝ նախորդ տարվա տասը ամսվա համեմատ: Իսկ ահա օդային, երկաթուղային եւ էլեկտրատրանսպորատային ուղեւորափոխադրումներն աճել են:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է
Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջ չի ընթանում, որովհետեւ Արդրբեջանը գործով այն մերժում է: Ըստ նրա՝ բանակցային գործընթացում Ադրբեջանը իմիտացիոն գործողություններ է ցուցադրում եւ շփման գծում սադրանքների քաղաքականություն վարում՝ դրա համար օգտագործելով ուղղակի ռազմական ուժ: «Դրանով նրանք, ըստ էության, ցուցադրում են, որ շահագրգռված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացով»,- պարզաբանել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Բաքուն ամեն կերպ փորձում է այս հարցում ճշմարտությունը խեղաթյուրել:
ԿԱԽՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅԻՑ
Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի՝ Եվրահանձնաժողը դեռ չի ստացել Եվրոպական խորհրդի մանդատը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: «Հայկական կողմը չի կարող ասել, թե երբ կսկսվի այդ գործընթացը եւ ինչքան կտեւի, քանի դեռ գործընթացի պաշտոնական մեկնարկը չի տրվել: Դա կախված է եվրոպական կողմից»,- հավելել է Բալայանը: Հիշեցնենք՝ օրերս Սերժ Սարգսյանը հենց վիզաների ազատականացումը մատնանշել էր որպես Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումից ակնկալող դրական հանգամանք: Նշենք, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներն այս առումով հասկանալի են: Այժմ Եվրոպան Հայաստանի հետ վիզաների ռեժիմի պարզեցման փուլում է: Հղում անելով նաեւ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում տեղ գտած ձեւակերպումներին՝ Սվիտալսկին նշել էր, որ 20 ակնկալվող արդյունքներն, ըստ էության, ազդարարում են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Իշխող Հանրապետականում վստահ են՝ Հայաստանը կարող է անցնել այդ ճանապարհը, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ՝ 1-2, գուցե 3 տարի: