ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության շուրջ աղմկահարուց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված ապահովագրական ընկերության գործակալները մեղադրվում են ընկերության գումարները հափշտակելու մեջ:

Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ընկերության հիմնական բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն է:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անհատ ձեռներեց Արեգ Հովհաննիսյանը 2017թ. մայիսի 31-ին գնացել է Երեւանի Վ. Սարգսյան 10 հասցեում գտնվող «Պիցցա Գրանդե» բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գլխամասը, եւ ղեկավարությանն առաջարկել համագործակցություն:
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության եւ անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանի միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել: Դրանից հետո Արեգ Հովհաննիսյանը ձեռք է բերել վկայագրեր կնքելու իրավունք, ինչպես նաեւ պարտավորվել է այդ վկայագրերի դիմաց ստացված գումարները փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին:
Արեգ Հովհաննիսյանը 2017թ. հունիս ամսին «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության անունից կնքել եւ տրամադրել է 25 հատ ընդհանուր՝ 672 հազար դրամի ԱՊՊԱ վկայագրեր: Գործարքների արդյունքում վարորդներից ստացված գումարներից 100 հազար 800 դրամը նա վերցրել է իրեն՝ որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ապահովագրական ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած` 504 հազար դրամը պահել է իրեն, ասել կուզի՝ յուրացրել է:
Արեգ Հովհաննիսյանին այս արարքի համար, իհարկե, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով, այն է՝ «յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է խոշոր չափերով»: Այս մեղադրանքը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով կամ ազատազրկում՝ երկուսից մինչեւ հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Տեղեկացանք, որ Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ օրերս այս գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործն էլ քննելու համար մակագրվել է ոչ ավել, ոչ պակաս Կենտրոն դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին` հանրահայտ Մացոյին, որը հանրության շրջանում առավել հայտնի է քաղաքական գործերի դատավարություններից:
Տեղի ունեցածի առնչությամբ «Ժողովուրդ»-ը պարզաբանման համար դիմեց «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը, որտեղից իրավաբանական բաժնի պետ Զարուհի Մանասյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերությունը գործակալական պայմանագիր կնքելիս առաջնորդվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ եւ ՀՀ ԿԲ կողմից մշակված եւ հաստատված կանոններով եւ միայն այդ կանոններում առկա վավերապայմաններին համապատասխանող անձանց հետ է կնքում ապահովագրական գործակալի գործունեության վերաբերյալ պայմանագիր: Գործակալական պայմանագրի գծով գործակալի կողմից յուրացման դեպքեր լինում են, որոնց դեմ ընկերությունը պայքարում է իր իրավունքների պաշտպանության հետեւյալ միջոցներով` հայցադիմում ներկայացնելով ՀՀ ընդհանուր իրավասության դատարան, հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելով համապատասխան քրեական հետապնդման մարմիններին: Ըստ էության գործակալի կողմից գործակալական պայմանագրից բխող ապահովագրավճարների գումարներն Ընկերությանը չվերադարձնելը վերաբերում է միայն գործակալի եւ Ընկերության միջեւ ծավալվող իրավահարաբերություններին, չի անդրադառնում ընկերության հաճախորդների իրավունքների եւ օրինական շահերին, ինչպես նաեւ՝ ընկերության եւ իր Հաճախորդների միջեւ ծավալվող իրավահարաբերությունների վրա»:
Այս պատմության մեջ ուշագրավը միայն այն փաստն է, որ ինչ-որ մարդկանց մտքով արդեն իսկ անցնում է «Նաիրի ինշուրանս» ընկերության գումարներից գրպանել: Սա նշանակում է, որ մարդկանց հիշողությունը շատ կարճ է: Դեռ 5-6 տարի առաջ ոչ մեկը չէր համարձակվի Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության գումարների վրա աչք տնկել, քանի որ բոլորին հայտնի էր, թե նման քայլն ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Դժվար է ասել՝ մարդկանց հիշողությո՞ւնն է թույլ, թե՞ Քոչարյանների ընտանիքն այլեւս առաջվա ազդեցությունը չունի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 16-ին դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Երեւանի Կռիլովի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Կոնդի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Սիմոնյանը եւ Մառի փողոցի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:
Կատարվածի մասին մեզ նոր մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել, որի հեղինակները ներկայացել են որպես Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ: Նրանք մասնավորապես նամակում նշել են. «Ակնկալում ենք ձեր միջոցով տեղեկացնել հանրությանը եւ իրավապահ մարմիններին նոյեմբերի 16-ին մեր բակում` Նանսենի 4 հասցեում կատարված դանակահարության դեպքի մասին: Հայտնում ենք ձեզ, որ դեպքի գլխավոր մեղավորը դանակահարվածներից Ռոբերտ Մանուկյանի հայրն է` Հենդո Մանուկյանը, որը ավելի շատ հայտնի է Դմբուզ մականվամբ: Այդ օրը երեկոյան մոտ 10 հատ «ՋԻՓ» տեսակի մեքենաներով գալիս են, հաշվեհարդար տեսնեն մեր բակի երեխաների հետ: Բանն այն է, որ Հենդո Մանուկյանի, նրա սանիկի եւ մեր բակի երեխաների միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն: Այդ ժամանակ բակի տղաներից Չախկալը մոտենում է Հենդոյին՝ հույս ունենալով հարթել իրավիճակը, բայց Հենդոն ոչ սթափ լինելով՝ զենքով հարվածում է նրա դեմքին, որից հետո սկսվում է ծեծկռտուքը, ինչի արդյունքում դանակահարվում են այդ երեքը: Մինչեւ այսօր բոլորը հարցաքննվում են՝ բացի գլխավոր մեղավոր Հենդո Մանուկյանից, լինելով այդ երեխաների կրկնակի տարիքին՝ փոխարեն հաշտեցներ, հակառակը՝ նրանց դրդեց արյունահեղության: Այս ամենը ճշտելու համար բավական է տեսնել Չախկալի` զենքով այլանդակված դեմքը եւ մեզ ազատել Հենդոյի նման չարիքից: Հուսով ենք, որ իրավապահ մարմինները հետամուտ կլինեն ճշմարտության բացահայտմանը»:
Նշենք, որ Դմբուզ անունը առաջին անգամ չէ, որ ծեծկռտուքի հետ է կապվում: 2010 թվականին Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմացի մայթին գտնվող սրճարանում տեղի էր ունեցել «ռազբորկա», որին, ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել են աբովյանցիներ` ԲՀԿ կրծքանշաններով, եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում` մասիվցի Դմբուզ Հենդոն եւ Երրորդմասցի Հոնչը: Դեպքի վայրում էր եղել նաեւ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը` իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ում հետագայում իրավապահները խուզարկել էին: Իսկ «ռազբորկայի» պաճառը եղել էր ինչ-որ գումարի հետ կապված վեճը:
Ինչեւէ, դժվարանում ենք ասել, թե որքանով են իրականությանը համապատասխանում «Ժողովուրդ»-ին ուղարկված նամակում առկա պնդումները: Հույս ունենանք, որ նախաքննության արդյունքում իրավապահներն ի վերջո կպարզեն եղելությունը, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ամեն դեպքում փաստ է, որ դանակահարություն է եղել, եւ 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ` ԽԱՂԱԼԻՔ
Դատական համակարգը, մասնավորապես, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերածվել է ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի եւ նրա հանցակից Հայկ Արզունյանի խաղալիքը: Նրանց դեմ 49 դրվագով կալանավայրից խարդախությամբ քաղաքացիներից գույք հափշտակելու համար մեղադրանքով քրեական գործի դատաքննությունը թեեւ սկսվել է դեռ մայիսի 30-ին, սակայն առ այսօր նշանակված 10 նիստերն այդպես էլ չեն կայացել, անգամ մեղադրող դատախազը չի հասցրել ընթերցել մեղադրական եզրակացությունը: Armlur.am-ին հայտնի է դարձել, որ խարդախների խմբավորման անդամները հետաձգում են դատական նիստերը` ամեն անգամ տարբեր պատճառաբանություն բերելով: Դատավոր Արթուր Մկրտչյանը երեկվա դատական նիստը հետաձգել է հանրային պաշտպանների` դատարան չներկայանալու պատճառով: Թե ինչ նպատակ են հետապնդում խարդախները, դժվար չէ կռահել. այսպես փորձում են ժամանակ ձգել, որպեսզի տուժողներին միջնորդավորված համոզեն, որ իրենց դեմ չբողոքեն, բացի այդ` հույս ունեն տուժողներին ու վկաներին անիմաստ դատարան «տանել-բերելով» հոգնեցնել, որ այլեւս չներկայանան դատարան:

 

 

ԴԻ` ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մարզի 70-ամյա բնակչի մահվան հանգամանքները: 2017թ. դեկտեմբերի 02-ին Արարատի մարզի տներից մեկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բռնության հետքերով: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է տան տերը՝ Արարատի մարզի բնակիչ Պետիկ Աբրահամյանը՝ ծնված 1947թ.: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդու մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտի հետեւանքով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ԼԻՆԻ
«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի մեղադրանքի եզրափակիչ մասը հրապարակելու համար նրան բերել էին նիստերի դահլիճ: Նշենք, որ Կարո Եղնուկյանը երեկ հրաժարվել էր նիստին մասնակցելուց` վատ ինքնազգացողության պատճառով: Կ. Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ հնարավոր է, որ եթե իր պաշտպանյալին բերեն նիստերի դահլիճ, նրա ինքնազգացողությունը վատանա: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը շտապել է հանգստացնել. «Ընդամնեը 5 րոպե, մեկ էջանոց մեղադրանքը կարդան իր ներկայությամբ, նորից տանեն, ոչինչ չի լինի»: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

 

 

ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
Արդեն հստակեցված է ԵՄ-ի կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով ՀՀ մայրաքաղաքում իրականացվող «Երեւան` արեւային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արեւային վահանակներ տեղադրելու, տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:




Լրահոս