ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը այս տարվա 10 ամիսների արդյունքներով նվազել է 4.1 տոկոսով` կազմելով 735 մլրդ 677.7 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 10 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 756 մլրդ 587.3 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 439 մլրդ 180 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշին զիջում է 8 տոկոսով: Ըստ մասնագետների` բուսաբուծության ոլորտում արձանագրված անկման հիմնական պատճառը եղել է ամռան ամիսներին ողջ հանրապետությունում արձանագրված երաշտը: Գյուղատնտեսության ոլորտում տարին բավական ծանր սկսվեց. եղան ցրտահարություններ, ինչի արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս ուշ սկսվեցին, ապա տեղումների բացակայության արդյունքում ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց: Այնուհետեւ, ամռան տապն ուղեկցվեց երաշտով եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Մյուս կողմից էլ խոտհարքերի բերքը եւս շատ քիչ ստացվեց, եւ անասնակերի պաշարները նախատեսվածից քիչ եղան: Այս ամենին ավելացնենք նաեւ այն փաստը, որ պետական աջակցության շրջանակներում գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութը եւ դիզվառելիքը ուշացումով բաշխվեցին: Ուստի նման պայմաններում գյուղատնտեսության համախառը բերքի ծավալների անկումը լրիվ սպասելի արդյունք է:
Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 296 մլրդ 497 մլն 700 հազար դրամ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2,3 տոկոսով: Այլ կերպ ասած՝ այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով 2.8 տոկոսով աճել են նաեւ մսի արտադրության ծավալները: Այս մի ցուցանիշը կարող է ուղղակի կապ ունենալ երաշտի եւ քիչ անասնակեր պահեստավորելու հանգամանքի հետ: Բանն այն է, որ անասնակերի դեֆիցիտի եւ մսի գնի բարձրացման պայմաններում սեպտեմբերից սկսած անասունների մորթի քանակն էապես աճել է: Ինչի արդյունքում էլ մսի արտադրության ծավալներն ավելացել են:
Վերը նշվածը ապացուցում է նաեւ այն փաստը, որ ընդհանուր կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Օրինակ՝ նշված ժամանակահատվածում պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով: Ի դեպ, ըստ ԱՎԾ-ի՝ կաթի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլեւ դեռ մի բան էլ մի փոքր՝ 0.5 տոկոսով, ավելացել են:
Ըստ ոլորտի մասնագետների` կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կանթնատվության կրճատման հետ, ինչն իր հերթին անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է: Սակայն, ինչպես տեսնում ենք, կաթի արտադրության պաշտոնական թվերով անկում չի արձանագրվել:
Այսօր արդեն ակնհայտ է, որ երբ 2017 թվականի արդյունքներն ամփոփվեն, անասունների գլխաքանակն էապես նվազած կլինի: Բայց բացառված չի, որ պաշտոնական վիճակագիրներն ամեն ինչ այլ կերպ ներկայացնեն, ասենք՝ աճ ներկայացնեն՝ այդ կերպ պնդելով, թե անասունների մորթի արդյունքում գլխաքանակի նվազում տեղի չի ունենոմ:
Ի դեպ, ավարտին մոտեցող տարվա ընթացքում բնության պատճառած տհաճ անակնկալները եւս մեկ անգամ փաստեցին, որ գյուղատնտեսության ապահովագրությունը առավել քան ռիսկային է, եւ այն կարող է ներդրվել միայն պետական գործուն աջակցության դեպքում: Իսկ գյուղատնտեսության ապահովագրությունն էապես կկայունացնի ֆերմերների տնտեսական գործունեությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳԱԶԻ ՍՊԱՌՈՒՄԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է
Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 689,2 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Անցած տարվա համեմատ գազի ներկրման ծավալները աճել են 273,5 միլիոն խորանարդ մետրով կամ շուրջ 18 տոկոսով: Ուշագրավ է, որ աճել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից ներկրվող բնական գազի ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա ինն ամիսներին Ռուսաստանից ներկրվել է 1 միլիարդ 354,9 միլիոն խորանարդ մետր բնական գազ, իսկ Իրանից՝ 334,3 միլիոն խորանարդ մետր: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել էր 1 միլիարդ 122,2 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Իրանից՝ 293,5 միլիոն խորանարդ մետր: Նշված երկրներից ներկրվող բնական գազի ծավալների աճը համապատասխանաբար կազմել է 232,7 միլիոն եւ 40,8 միլիոն խորանարդ մետր:
Հիշեցնենք, որ իրանական բնական գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի կարիքների համար: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՁԷԿ»-ն իրանական գազով էլեկտրական էներգիա է արտադրում, եւ ԳԷՑ-ն էլէներգիայով էլ գազի դիմաց է վճարում՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 3 կիլովատ ժամ հարաբերակցությամբ:
Հարկ է նշել, որ բնական գազի սպառման բոլոր խմբերն էլ իրենց ծախսն ավելացրել են: Մասնավորապես բնակչությունը ինն ամիսներին սպառել է 448,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, այս տվյալը անցած տարվա բուն ցուցանիշը գերազանցում է 82,6 միլիոն խորանարդ մետրով: Որոշ դիտարկումների համաձայն՝ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա առաջին երկու ամիսների՝ հունվար-փետրվարի խստաշունչ ձմեռով, որը պահպանվեց նաեւ գարնան առաջին ամսին: Այս գնահատականների ճիշտ կամ սխալ լինելը պարզ կդառնա եկող տարվա առաջին երեք ամիսների բնական գազի սպառման տվյալների ամփոփումից հետ:
Առավել ուշագրավ է այն փաստը, որ գրեթե կրկնակի ավելացել են էներգետիկ ոլորտի սպառած բնական գազի ծավալները: Անցած տարի էներգետիկ ոլորտը սպառել էր 152,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, այս տարի այդ ցուցանիշը հասել է 300,5 միլիոն խորանարդ մետրի: Հիշեցնենք, որ էներգետիկ նպատակներով բնական գազ օգտագործում են Հրազդան քաղաքի երկու ՋԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրական էներգիան ամենաթանկերից է:
Ինչեւէ, արդյունաբերության ոլորտն այս տարվա ինն ամիսներին սպառել է 155,7 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որը անցած տարվա սպառածից ավել է 14,5 միլիոն խորանարդ մետրով:

Վ. Հ.

 

 

 

 

ՀԷՑ-Ի ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑԱԾՐ ԵՆ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մատակարարել են 4 միլիարդ 806,7 միլիոն կիլովատ ժամ էլէներգիա: Գումարային արտահայտությամբ մատակարարված էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 110 միլիարդ 399 միլիոն 900 հազար դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերը, կարող է արձանագրել, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի ամենախոշոր արտադրողը շարունակում է մնալ Մեծամորի ատոմակայանը: Փաստացի ՀԷԿ-ը մատակարարել է ՀԷՑ-ի ստացած էլէներգիայի մոտ մեկ երրորդը կամ ավելի կոնկրետ՝ 32,5 տոկոսը: Սակայն դրա դիմաց ՀԱԷԿ-ին վճարվել է 23 միլիարդ 743,2 միլիոն դրամ: Այսինքն՝ էլէներգիա արտադրողներին վճարված գումարի մեկ հինգերորդն է բաժին հասել ՀԱԷԿ-ին: Այս փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ ատոմակայանը ամենաէժան էլեկտրական էներգիան է մատակարարում՝ մեկ կիլովատ ժամը՝ 6.9 դրամ սակագնով:
Ինն ամիսների արդյունքներով Հայաստանի՝ էլէներգիա արտադրող հաջորդ ամենախոշորը «Երեւան ՋԷԿ» ընկերությունն է: Վերջինիս բաժին է հասնում ՀԷՑ-ին մատակարարված էլեկտրական էներգիայի 19 տոկոսը: «Երեւան ՋԷԿ»-ի արտադրած էլեկտրական էներգիան եւս համեմատաբար էժան է՝ մեկ կիլովատը՝ 19,3 դրամ: Հզորությամբ երրորդ ամենախոշոր էլէներգիա արտադրողը «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունն է, կամ նույն ինքը՝ «Որոտանի ՀԷԿ»-ը: Այս ՀԷԿ-ին բաժին է հասնում ՀԷՑ-ին մատակարարված էլէներգիայի 12 տոկոսը: Ի դեպ, «Որոտանի ՀԷԿ»-ի մեկ կիլովատ էլեկտրական էներգիայի համար ՀԷՑ-ը վճարում է 8 դրամ:
Հատկանշական է այն փաստը, որ այս տարվա ինն ամիսների արդյունքներով ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշն աննախադեպ ցածր է 8,8 տոկոս: Նման ցուցանիշ առնվազն վերջին տասը տարիների կտրվածքով երբեւէ չի արձանագրվել: Մասնավորապես ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելուց առաջ, այսինքն՝ մինչեւ 2015 թվականի աշունը, էլէներգիայի կորուստները կազմում էին 13 տոկոս եւ ավել, երբեմն այդ ցուցանիշը նվազում էր մինչեւ 12,5 տոկոս: Հարկ է նշել, որ էլեկտրական էներգիայի կորուստների մեկ տոկոսը կազմում է մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Ասել կուզի՝ վերջին երկու տարիներին էլեկտրական էներգիայի կորուստների ցուցանիշը ավելի քան չորս տոկոսով նվազեցնելու արդյունքում ՀԷՑ-ը խնայել է շուրջ 4 միլիարդ 800 միլիոն դրամ կամ նույնն է, թե 10 միլիոն դոլար: Եթե այս տարվա վերջին երեք ամիսներին նույն ցուցանիշը պահպանվել է, ապա միայն կորուստների նվազեցման հաշվին ՀԷՑ -ի խնայողությունները տարվա կտրվածքով կկազմեն մոտ 15 միլիոն դոլար:
Այս տվյալները հաշվի առնելով՝ բնական հարց է ծագում՝ ՀԷՑ-ի նախկին տնօրինությունն ինչո՞ւ չէր կարողանում կորուստները նվազեցնել: Իսկ գուցե չէի՞ն ցանկանում դա անել: Ի վերջո, Հայստանի իրականությանը ծանոթ մարդկանց համար գաղտնիք չէ, որ մինչեւ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոխվելը այդ ընկերության ղեկավար կազմի անդամները՝ տեղամասերի պետերից սկսած, մինի-միլիոնատերեր էին, որոնք, ինչպես ընդունված է ասել, «օդից փող էին կպցնում», կամ ճիշտ կլինի ասել՝ «հոսանքից փող էին շինում»: Իսկ արդյունքում տարին մեկ ՀԷՑ-ը դիմում էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջով: Ասել կուզի՝ կորուստների հաշվին հարստացողներն իրականում մեր՝ սպառողներիս հաշվին էին հարստանում:

Վ. Հ.




Լրահոս