ԹԱՏՐՈՆՆԵՐՆ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՄԱՆՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օրից արդեն Ամանոր է, եւ շատերս մտածում ենք մեր եւ մեր երեխաների ժամանցը կազմակերպելու մասին: Այս օրերին մանկական սրճարաններ, խաղային հրապարակներ այցելելուց բացի` ծնողները ցանկանում են նաեւ երեխաներին մոտեցնել արվեստին: Եվ էլ ո՞ր միջավայրում կարող է նրանց նման հնարավորություն ընձեռվել, եթե ոչ թատրոններում: Իսկ ամանորյա ի՞նչ ծրագրեր են պատրաստում երեւանյան թատրոնները, եւ ի՞նչ անակնկալներ են սպասվում հանդիսատեսին: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է իրականացրել` ստանալու համար այս հարցերի պատասխանները:

Այսպիսով` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին կլինի նոր մանկական ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Սառցե սիրտը»: Բեմադրիչը Լիլի Էլբակյանն է, նկարչական ձեւավորումն արել է Գարիկ Եվանգուլյանը: «Ներկայացում-մյուզիքլը հանդիսատեսի դատին կհանձնվի ոչ միայն տոնական օրերին, այլեւ ավելի ուշ այն կներառվի թատրոնի խաղացանկում»,- «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Ի դեպ, «Սառցե սիրտը» բեմադրվելու է համանուն մուլտֆիլմի մոտիվներով: Իհարկե, ներկայացման մեջ կլինեն որոշակի փոփոխություններ, հավելումներ: Բեմադրության մեջ ընդգրկված է շուրջ 20 դերասան:
Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, օրինակ, դեկտեմբերի 23-ին կկայանա Ղազարոս Աղայանի հեղինակած «Եդեմական ծաղիկը» հեքիաթի հիման վրա ներկայացման պրեմիերան: «Ռեժիսորը Անուշ Սարգսյանն է. հենց նա է հեքիաթը վերածել պիեսի: Սա մանկական ներկայացում է»,-պատմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում էլ դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի ջրահարս Արիելի մասին ներկայացում, որը կփոխանցի ուրախ, վառ տրամադրություն: Թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը տեղեկացրեց, որ ներկայացումը թատրոնում խաղալու են օրական 4 անգամ. «Այն բեմադրվել է Արիելի մասին պատմող մուլտֆիլմի մոտիվներով: Ներկայացման շրջանակում ընդգրկված է շուրջ տասը հոգանոց դերասանական կազմ»,-ասաց նա: Իսկ հարցին, թե արդյոք ինքն էլ է խաղալու այդ ներկայացման մեջ, դերասանուհին պատասխանեց. «Ո՛չ, վաղուց է, ինչ ամանորյա ներկայացումներում ընդգրկված չեմ լինում. կա՛մ մեկնած եմ լինում հանգստի, կա՛մ էլ այլ նախագծերի շրջանակում եմ աշխատում»:
Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում եւս փոքրիկներին սպասվում է անակնկալ: Թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-29-ը եւ հունվարի 3-7-ը փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու «Ո՞վ է գողացել նվերները» ներկայացումը: Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է, նկարիչը` Կարինե Օնանյանը: Երաժշտական ներկայացման պարային հատվածը բեմադրել է Աիդա Սիմոնը: Ներկայացումը, որի շուրջ հավաքված է թատրոնի դերասանական ողջ անձնակազմը` 26-27 հոգի, խաղալու են օրական 4 անգամ:
«Հնարավոր է` այս ներկայացումը հունվարի 7-ից հետո էլ խաղանք, քանի որ տոմսերի վաճառքից արդեն զգում ենք, որ այն պահանջարկ ունի: Ասեմ, որ թատրոնում այժմ ջերմ տրամադրություն է տիրում, բոլորս սպասում ենք Ամանորին»,-ասաց նա:
Հարցին, թե օրական 4 ներկայացում խաղալը արդյո՞ք շատ չէ, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Մենք հիմա խաղում ենք օրական 7 ներկայացում եւ խաղում ենք ստիպված, քանի որ թատրոնի ֆինանսավորումը ամեն տարի կրճատվում է, եւ մենք ստիպված ենք բյուջեն համալրել ինքներս: Չնայած, պետք է խոստովանեմ, որ այդ տեմպը բացասաբար է ազդում ներկայացումների որակի վրա»:
Ամանորյա թոհուբոհից հերթական տարին է` դուրս է մնում Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, քանի որ, ինչպես հայտնի է, այն չունի իր սեփական շենքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով` իրենք երբեք ամանորյա միջոցառում չեն ունեցել խաղացանկում. «Այս օրերին դահլիճները գերծանրաբեռնված են, մեզ ո՞վ պետք է դահլիճ տա: Յուրաքանչյուրն իր համար աշխատում է: Այնուամենայնիվ, մենք միշտ էլ ունեցել ենք ամանորյա ներկայացումներ բեմադրելու գաղափարներ, մտածում ենք, օրինակ, երբ շենք ունենանք, անպայման բեմադրելու ենք «Շելկունչիկը». դա կլինի, այսպես ասած, մնջախաղ-հեքիաթ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԶԱՐՄԱՆՔԸ ՆՈՒՅՆՔԱՆ ՄԵԾ Է ԵՂԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐԸ»

Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում: Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Գրեմմիի» առաջադրվելը Մանսուրյանի նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ նրան համապատասխան առաջարկ է արվել, նշեց. «Նա չէր կարող ցանկություն հայտնել, այն էլ ինքը, հեչ երկրային չէ, ախր: Ես հստակ կարող եմ ասել, որ բացառվում է` ինքը առաջարկած լինի, կարծում եմ` նրա զարմանքը նույնքան մեծ է եղել, որքան մերը, եւ «Գրեմմիի» առաջադրվելը նրա համար նույնքան անսպասելի է եղել, որքան մեզ համար»:
Տիկին Պետրոսյանը շեշտեց` «Ռեքվիեմ»-ը աստվածային ստեղծագործություն է, եւ, անկախ «Գրեմմիի» արդյունքներից, մնալու է պատմության մեջ. «Տիգրան Մանսուրյանն ունի գործեր, որոնց ոչ բոլորն են ծանոթ, սակայն դրանք մնալու են հայ երաժշտության պատմության մեջ»,-ասաց նա:
Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեցրեց` առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Մանսուրյանի ստեղծագործությունը ներառված էր սաքսոֆոնահար Ժան Գարբարեկի (Jan Garbarek) ալբոմում, եւ այն 2004-ին առաջադրվել էր «Գրեմմիի»: Ես գիտեմ, որ Գարբարեկը, առհասարակ, հայկական երաժշտությանը ծանոթացել է Տիգրան Մանսուրյանի շնորհիվ: Նա ժամանակակից հնչողությամբ գործիքներով կատարել է մեր միջնադարյան հոգեւոր երաժշտությունը. դա ուղղակի ֆանտաստիկ է»:
Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեց Մանսուրյանի պատմած մի հետաքրքիր դրվագ` կապված հայկական երաժշտության ֆենոմենի հետ. «Մի առիթով Տիգրան Մանսուրյանը նկատել է, որ հայտնի ջազ դաշնակահար Քեյթ Ջարեթի (Keith Jarret) կատարումներում ինչ-որ հայկական բան կա: Նա հարցրել է` որտեղի՞ց: Պարզվել է` դաշնակահարի դայակը հայ է եղել եւ նրա համար միշտ երգել է Կամիտաս… Տեսեք` ինչ բան է կոմիտասյան երաժշտությունը…»:
Հիշեցնենք, որ ամենամյա «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 28-ին Նյու Յորքում: Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն եւ բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձեւը… Չափազանց շատ է այս տեքստով երգվել, ու ես գտա իմ բանալին` իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը: Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ իմ ընտանիքի պատմությունը»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ՀԱՅՏՆԻ Է
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London Chess Classic»-ում հայտնի է: Լոնդոնի հեղինակավոր այս մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինն է: Երկրորդ տուրից հետո բոլոր մասնակիցներն ունեն 2-ական միավոր: Մյուս զույգերն են` Նեպոմնյաշչի-Կարուանա, Կարլսեն-Անանդ, Ադամս-Լագրավ, Նակամուրա-Սո:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):




Լրահոս