10 ՏԱՐՎԱ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ` ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի՝ որպես երկրի ղեկավարի պաշտոնավարման տասը տարին: Ուստի լրիվ ժամանակն է սկսել ամփոփել նրա պաշտոնավարման արդյունքները: Ինչպես հայտնի է՝ նրա պաշտոնավարման առաջին երկու տարիները նշանավորվեցին աղքատության ցուցանիշի կտրուկ աճով: Փաստորեն Սերժ Սարգսյանը կարող է արձանագրել, որ իր պաշտոնավարման արդյունքում Հայաստանի բնակչության աղքատների պաշտոնական թիվը ավելացավ մոտ 100 հազար հոգով, իսկ ոչ պաշտոնապես` մոտ կես միլիոնով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ նույնիսկ ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016 թվականին արձանագրված ցուցանիշը 2008 թվականի ցուցանիշից շարունակում է ավել մնալ 1,8 տոկոսով: Մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը կարող է նաեւ որպես իր գործունեության արդյունք արձանագրել, որ տասը տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է շուրջ 350 հազար մարդ: Փաստացի առկա է մի իրավիճակ, որտեղ անցած տասը տարիների կտրվածքով Հայաստանի տնտեսության հետ կապված գեթ մեկ դրական արդյունք անհնար է մատնանշել: Սա է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների արդյունքը:

 

 

 

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտպանության բանակի զորամասերից ռազմամթերքների անհետացման դեպքեր. ենթադրվում էր՝ որպես կամավոր ռազմաճակատ մեկնածները զենքն իրենց հետ տարել են: Զենքերի անհետացման կապակցությամբ նույնիսկ Արցախի դատախազությունում քրեական գործեր էին հարուցվել: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում բացահայտվել է՝ Երեւանի բնակիչ Լեւոն Գեւորգյանը 2016 թվականի ապրիլի 10-ից 2016 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում՝ Արցախի Հանրապետության պաշտպանական գործողությունների ընթացքում, գտնվել է Քարվաճառի շրջանում ուսումնական նպատակով ժամանակավոր ստեղծված լեռնադաշտավայրային հրաձգարանում, որտեղից էլ ապօրինի զենք է ձեռք բերել՝ 176 հատ գործարանային արտադրության մարտական փամփուշ, ինչը այս տարվա օգոստոսին հայտնաբերվել է նրա բնակարանում, եւ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել: Հիմա քրեական գործը դատարանում է:

 

 

 

ԱԺ պատգամավորներից ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանը նախաձեռնել է ստեղծել ոչ ֆորմալ ակումբ, որտեղ քննարկվելու են ժողովրդագրական միտումները. երեկ այդ մասին նա խոսել է ԱԺ հայտարարությունների ժամին՝ հրավիրելով քաղաքական ուժերին ու փորձագետներին մասնակցել այդ ակումբի աշխատանքներին: Ամենայն հավանականությամբ, Ֆարմանյանը որոշել է ետ չմնալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանից: Բանն այն է, որ նոր խորհրդարանի կազմավորումից հետո՝ հունիսին, Աշոտյանն իր ղեկավարած հանձնաժողովին կից «Անալիտիկ» անվանումով խորհուրդ էր ստեղծել՝ հրավիրելով նախկին ու ներկա դիվանագետների, փորձագետների: Իսկ նպատակը պետք է լիներ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարբերաբար քննարկումների շարք ծավալելը: Աշոտյանի նախաձեռնած ակումբին մասնակցելուն արձագանքել էին նաեւ լուրջ գործիչներ, եւ հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի կարժանանա Ֆարմանյանի նախաձեռնությունը: Նկատենք, որ Ֆարմանյանը կզբաղվի այն գործառույթներով, որը կոչված է իրականացնել ՀՀԿ-ական սոցապնախարարը:

 

 

 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը շատերի կողմից ոգեւորությամբ ընդունվեց: Բայց կատարվածում ուշագրավ երկու բան կար, որ նախ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Բաղմանյանը զորացրվելու դիմում ներկայացրել է իր հորդորով, քանի որ չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները: Անկեղծ ասած՝ ցանկալի կլիներ, որ ՀՀ Պնախարարն առավել զուսպ լիներ իր խոսքերում, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երիտասարդ նախարարը Սերժ Սարգսյանի մարտական ընկերոջը բանակից հեռանալու հորդոր ներկայացնում: Եւ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, բանակային կարգուկանոնը թելադրում էր այդպիսի կոշտ հայտարարության անհրաժեշտություն, ապա դրանից հետո պետք է իրավական գործողություններ հետեւեին: Բնականաբար, քրգործ չի հարուցվելու: Իսկ ընդհանուր առմամբ, նկատենք, որ Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է պաշտոնից հրաժարական տված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերեւից, կասկածամտորեն:

 

 

 

ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ ՉԿԱ
Ոչ վաղ անցյալում ԱԺ հայտարարությունների ժամը եւ կառավարության հետ հարցուպատասխանն ամենասպասված իրադարձությունների թվում էին: ԱԺ քառօրյայի օրերին ԱԺ ամբիոնը մի քանի ժամով վերածվում էր քաղաքական մարտադաշտի, որտեղ թեժ բախումներ էին ընթանում իշխանության եւ ընդդիմության միջեւ, հնչում ամենադաժան քննադատությունները: Այդ ամենից բացի՝ ապահովված էր նաեւ զավեշտը. իշխանական պատգամավորների եւ հատկապես պատգամավորուհիների համար ԱԺ հայտարարությունների ժամը Սերժ Սարգսյանին քծնելու, նրա վարած խորիմաստ քաղաքականությամբ հիանալու, խրոխտ կեցվածքով պարծենալու լավ առիթ էր: Ու իշխանական թեւի պատգամավորները պիոներիկի ջանասիրությամբ այնպես էին փորձում իրագործել իրենց առաջ դրված այդ խնդիրը՝ օգտագործելով հայոց լեզվի բոլոր հնարավորությունները, որ անհնար էր զսպել ծիծաղը:
Բայց հիմա պատգամավորների մոտ չկա նախկին էնտուզիազմը: Այս գումարման խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամն անցնում է աննկատ, նույնիսկ ձանձրալի, անգամ շեֆին քծնելու համար առիթը չեն օգտագործում, իր հերթին թույլ է ընդդիմությունը, որ չի փորձում մերկացնել իշխանություններին: Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հնչած քիչ, թե շատ հիշվող ելույթը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանինն էր, այն էլ գյումրվա բարբառի «խաթեր», եւ հետո տարբեր սկանդալների կիզակետում հայտնված նախկին քաղաքապետն ինքը կոլորիտային կերպար է, որին միայն լսելը, դիմախաղին հետեւելն արդեն իսկ հետաքրքիր է: Բայց այդ ելույթը կապ չուներ երկրի քաղաքական օրակարգի հետ, ոչ էլ իշխանություն-ընդդիմություն բանավեճ էր:
Եթե անկեղծ, ապա այսօր քաղաքական օրակարգում կարծես չկա բանավեճի առարկա, քննարկումների լուրջ թեմա: Ընդհակառակը, հիմա քաղաքական պրոցեսներն ընթանում են իշխանական կուլիսներում, այն էլ առավելագույնս նեղ շրջանակների գիտությամբ: Կարծես բոլորը սպասում են 2018 թվականի ապրիլին, որպեսզի պարզ դառնա՝ ո՞վ է լինելու երկրի վարչապետը: Ու քանի որ շրջանառվում է երկու հիմնական թեկնածուի անուն՝ Սերժ Սարգսյան եւ Կարեն Կարապետյան, քաղաքական խորքային պրոցեսներն ընթանում են հենց իշխանական ճամբարում, այն էլ ամենաներսում: Իսկ խորհրդարանական մյուս երեք խմբակցությունները, այդ թվում՝ իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն, մի տեսակ օտարված են քաղաքական գործընթացներից: Ճիշտ նույն կերպ այդ ամենից օտարված է նաեւ ՀՀ քաղաքացին, որի քվեն գնեցին 10 հազար դրամով եւ որի տեսակետը հիմա հաշվի չեն առնում:




Լրահոս