ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 86
Կողմերը պետք է խրախուսեն համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մասնավորապես՝ սոցիալական գործընկերների ներգրավումը Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման եւ բարեփոխումների գործընթացին եւ Կողմերի միջեւ սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությանը։
ՀՈԴՎԱԾ 87
Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել զբաղվածության եւ սոցիալական քաղաքականության հարցերի շուրջ համագործակցությունը՝ տարածաշրջանային, բազմակողմ եւ միջազգային համապատասխան բոլոր ֆորումներում եւ կազմակերպություններում։
ՀՈԴՎԱԾ 88
Կողմերը պետք է խթանեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը եւ խրախուսեն պատասխանատվություն նախատեսող այնպիսի գործարար փորձը, ինչպիսին բազմազգ ձեռնարկությունների համար ՏՀԶԿ ուղեցույցերով, ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրով, ԱՄԿ-ի՝ բազմազգ ձեռնարկություններին եւ սոցիալական քաղաքականությանն առնչվող սկզբունքների եռակողմ հռչակագրով եւ ISO 26000-ով խրախուսվող փորձն է։
ՀՈԴՎԱԾ 89
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 90
Հայաստանը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ VII հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան:
ԳԼՈՒԽ 16
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 91
Առողջապահությանն առնչվող համընդհանուր արժեքներին եւ սկզբունքներին համապատասխան եւ որպես կայուն զարգացման ու տնտեսական աճի նախապայման՝ Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը հանրային առողջապահության ոլորտում՝ դրա մակարդակը բարձրացնելու նպատակով։
ՀՈԴՎԱԾ 92
Համագործակցությունը պետք է անդրադառնա վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու դրանց նկատմամբ հսկողությանը, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միջոցով՝ «բոլոր տեսակի քաղաքականությունների դեպքում՝ առողջապահության սկզբունք» մոտեցման խթանմանը, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությանը, եւ առողջապահությանն առնչվող այնպիսի միջազգային համաձայնագրերի իրականացման խթանմանը, ինչպիսիք են առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան եւ միջազգային առողջապահական կանոնակարգերը։
ԳԼՈՒԽ 17
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 93
Համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար Կողմերը պետք է փոխգործակցեն կրթության եւ վերապատրաստման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ վերապատրաստման համակարգերը Եվրոպական միության քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով։ Կողմերը պետք է համագործակցեն մշտական կրթությունը խթանելու հարցում, ինչպես նաեւ խրախուսեն կրթության եւ վերապատրաստման բոլոր մակարդակներում համագործակցությունն ու թափանցիկությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը։
ՀՈԴՎԱԾ 94
Կրթության եւ վերապատրաստման ոլորտում համագործակցությունը պետք է կենտրոնացած լինի, ի թիվս այլնի, հետեւյալ ոլորտների վրա՝
ա) մշտական կրթության խթանում, ինչն աճի եւ աշխատատեղեր ստեղծելու բանալին է, եւ քաղաքացիներին կարող է ընձեռել հասարակության մեջ լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն,
բ) կրթության եւ վերապատրաստման համակարգերի, այդ թվում՝ պետական/քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համակարգերի արդիականացում, ինչպես նաեւ որակի, վերաբերելիության եւ հասանելիության մակարդակի բարձրացում կրթության սանդուղքի միջոցով՝ վաղ մանկության կրթությունից ու խնամքից մինչեւ միջնակարգ եւ բարձրագույն կրթություն,
Շարունակելի…

 

 

 

ԱՐԾՎԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Դեռեւս 1992 թվականի օգոստոսի 8-ին հայրենի գյուղից բռնագաղթած արծվաշենցիները դեռ բնակարանային շատ վատ պայմաններում են ապրում եւ պահանջում են բարելավել իրենց վիճակը: Նրանց մի մասը երեկ այս պահանջով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության շենքի առջեւ էր, մյուս մասը` ՀՀ նախագահականի: Բողոքի ակցիային մասնակցում էր մոտ 300 արծվաշենցի:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ պետությունն իրենց բնակարանային խնդիրները պետք է լուծեր դեռեւս 2010-2011 թվականներին, սակայն գործընթացը տարեցտարի հետաձգվել է: Հիմա արծվաշենցիները պնդում են, որ իրենք այլեւս ի վիճակի չեն ապրել նման պայմաններում: Նրանցից շատերն այսօր ապրում են Ճամբարակ քաղաքում` փայտե կամ կիսաքանդ տներում: Ըստ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի` կառավարության կողմից մի քանի անգամ մարդկանց մասնակի գումար է հատկացվել տները վերանորոգելու նպատակով:
«Հիմա բնակիչները պահանջում են նորից գումար հատկացնել իրենց կիսաքանդ տները վերանորոգելու նպատակով: Խոսքը 2700 բնակչի մասին է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Նա հիշեց նաեւ, որ դեռեւս 2010 թվականին կառավարությունը որոշել է արծվաշենցիների խնդիրը լուծելու նպատակով 6 մլրդ դրամ հատկացնել, սակայն 2011-ին այդ գումարից միայն 700 մլն դրամն է տրամադրվել: Դրանից հետո այդ նպատակով այլեւս գումար չի հատկացվել: «Դեռ այն ժամանակ ընտանիքի մեկ շնչին բաժին հասավ 360 հազար դրամ: Բայց իր հերթին այդ ժամանակ պետությունը հայտարարեց, թե բնակարաններ կկառուցենք, ինչին չհամաձայնեցին բնակիչները եւ պահանջեցին գումարը տալ անմիջապես իրենց` տները կառուցելու նպատակով»,- պատմեց Մամիկոն Խեչոյանը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը պահանջել է ներկայացնել, թե քանի վթարային տուն կա, եւ ինչ կարելի է ձեռնարկել: Ըստ գյուղապետի` նախարարն իրենց ասել է, թե հարցը փակված չէ, եւ կառավարությունը պատրաստ է ընդառաջել:
Արծվաշենի բնակիչ Արիս Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գնում ենք Վաչե Տերտերյանի, Դավիթ Լոքյանի մոտ, ասում են, թե մեր ուժերից վեր է: Դրա համար բնակիչների մեծ մասը գնացել է նախագահական, դիմում են գրել, թողել: Թող պետությունը գումարը տրամադրի, մենք մեր ուժերով մեր տները կկառուցենք… մենք բոլորս էլ շինարար ենք: Թե չէ այսպես ապրել հնարավոր չէ. տան մի պատի մոտ գնում ենք, մյուս պատն էլ է փլվում…»:
Ի դեպ, այս խնդրի հետ կապված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի հետ: Հանդիպումից հետո գյուղապետ Խեչոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Լոքյանը խոստացել է խնդիրը մոտ օրերս ներկայացնել ՀՀ վարչապետին եւ Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասաց, որ գումարային փոխհատուցման դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կհատկացվի 640 հազար դրամ: Իսկ նշված գումարը արդյոք կբավարարի, որպեսզի արծվաշենցին կարողանա իր տունը վերանորոգել, ցույց կտա ժամանակը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արծվաշենցիների ցանկում, ում ՀՀ օրենսդրությամբ պետք է փոխհատուցում տրվի, կան նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

«ՍՊԱՅԿԱՆ» ՀՈՂԵՐ Է ԳՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերությունը սկսել է գնել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչների վարելահողերը: «Սպայկան» արդեն հասցրել է հաղթանակցիներից մի քանի տասնյակ հեկտար հողեր գնել, եւ այդ թիվը շարունակում է աճել: Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը հայտնեց, որ ընկերությունը Հաղթանակում հեկտարներով բողկ է ցանել, որի բերքը կստացվի 2018թ. առաջին ամիսներին: Նա ասաց, որ «Սպայկան» Հաղթանակում գնված հողերը ոռոգելու համար ջրամբար է կառուցել, որն ունի մոտ 50 մ երկարություն, 40 մետր լայնություն եւ 14 մ խորություն: Նախատեսվում է Հաղթանակում կառուցել եւս մեկ նման ջրամբար: «Սպայկայի» գնած հողերն անջրդի են: Ընկերության կողմից գործարկված ջրամբարում արդեն կուտակվում է Դեբեդ գետից պոմպերով մղված ջուրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սպայկան» Հաղթանակում առաջիկայում պատրաստվում է սառնարանային տնտեսություն կառուցել:
Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը գոհ է իրենց գյուղում «Սպայկայի» ծավալած գործունեությունից, քանի որ այդ ներդրումների շնորհիվ մի քանի տասնյակ մարդ ապահովված է աշխատանքով: Ըստ նրա՝ նախկինում վարձու աշխատանք առաջարկողները օրավարձով բանվորներին օրական 3 հազար դրամ էին առաջարկում, իսկ «Սպայկան» 5 հազար դրամ է վճարում: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանը «Ժողովրդի» հետ զրույցում ասաց, որ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Բագրատաշենի հողերին: Դրանք համեմատաբար բարձրադիր այն հողատարածքներն են, որոնք Դեբեդ գետի ջրով չեն ոռոգվում: Այդ պատճառով էլ սեփականատերերն այդ հողերը չեն մշակում: Բագրատաշենում համայնքին պատկանող հողերը քիչ են: Արկադի Մակյանի խոսքերով՝ «Սպայկան» մտադիր է բագրատաշենցիներից գնել չմշակվող հողերը, քանի որ մտադիր են այդ հողերում ջերմոցներ կառուցել, իսկ ոռոգման խնդիրը՝ ստորգետնյա ջրերով, որոնց վերհանման նպատակով հատուկ ջրհորեր են կառուցվելու: «Սպակայի» կողմից հողերի գնումը ավելացնում է Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում վարելահողերի մակերեսը, ինչի արդյունքում կավելանան համապատասխան համայնքների սեփական եկամուտները, քանի որ մասնավոր ընկերության կողմից հարկերի վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի: Մյուս կողմից էլ այն գյուղացիները, ովքեր հնարավորություն չունեն ոռոգելի դարձնել եւ մշակել իրենց հողերը, ստիպված դրանք «Սպայկային» վաճառելուց հետո կկարողանան օրավարձով զբաղվել հողագործությամբ: Սակայն կլինեն նաեւ մարդիկ, որոնք չեն ցանկանա օրավարձով հողագործությամբ զբաղվել եւ հավանաբար կհեռանան իրենց գյուղից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս