Հայաստանում սպառողական գները շարունակում են աճել: Ամանորի տոներին ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը Հայաստանում դարձել է ավանդույթ: Բայց այս տարին նախորդներից տարբերվում է, քանի որ 25 օրից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում մոտ 800 ապրանքների մաքսատուրքը, երրորդ երկրներից ներկրելու դեպքում, բարձրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում հնդկական ընկույզի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, սովորական տեղական ընկույզը` 6000-9000 դրամով: Բացի այս՝ ամանորյա սեղանին դրվող նուշի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, պնդուկը` 5000 դրամով, պիստակը` 7000-ից 10000 դրամ, գետնանուշը` 1400 դրամով, չամիչը` 1400-ից 1600 դրամով: Կարագի գնաճը Հայաստանում կազմել է ավելի քան 40 տոկոս: Ի դեպ, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի` կարագի գնի բարձրացումը կապված է միջազգային շուկայում տեղի ունեցող երեւույթների հետ: Նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4430-ից 4480 դրամով, «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4550 դրամով: Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն եւս թանկացել է, մեկ հավկիթը ներկայումս վաճառվում է 75 դրամ: Հիշեցնենք, որ վերջին շրջանում բարձր գնաճ արձանագրվեց նաեւ մսամթերքի շուկայում: Խոսքը ոչխարի, խոզի եւ տավարի մսի թանկացումների մասին է: Ի դեպ, որքան մոտենում է Ամանորը, այնքան միսն ու մսամթերքն ավելի են թանկանում: Ըստ առեւտրականների` խոզի մսի գինը Ամանորի նախաշեմին 3500 դրամից բարձր կլինի:
Պանրի շուկայում թանկացումները կազմել են 25-ից 30 տոկոս: Օրինակ՝ «Լոռի» տեսակի պանիրը բոլոր ընկերությունները թանկացրել են շուրջ 500 դրամով: Եթե «Իգիթ» ընկերության «Լոռի» տեսակի պանրի մեկ կիլոգրամը երկու ամիս առաջ վաճառվում էր 1880 դրամով, ապա այն այժմ 2450 դրամ է: Ի դեպ, պանրի արտադրության ծավալները այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, անցած տարվա համեմատ, կտրուկ նվազել են` 16.9 տոկոսով:
Ինչեւէ, տնտեսվարողները պնդում են, որ թանկացումների հիմնական ալիքը դեռ առջեւում է: Եկող տարվա հունվարի 1-ից Հայաստանում թանկանալու են մի շարք լայն սպառման ապրանքատեսակներ, քանի որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դրանց մաքսատուրքերի արտոնյալ ժամանակաշրջանն ավարտվում է: Եկող տարվանից միայն ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության ապրանքները կարող են առանց մաքսատուրքի ներկրվել Հայաստան: Իսկ, այսպես կոչված, երրորդ երկրներից ներկրելու դեպքում գործարարները ստիպված են լինելու բարձր մաքսատուրքեր վճարել: Մասնավորապես հունվարի 1-ից լայն սպառման 40 անուն ապրանքատեսակների մաքսատուրքերը կբարձրանան, ինչը ենթադրում է, որ դրանք կթանկանան: Օրինակ՝ լայն սպառման մթերքներից թանկանալու են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող կաթը, կարագը, ձեթը, թռչնամիսը, թեյը եւ այսպես շարունակ: Կարագի մաքսատուրքը կբարձրանա 2 տոկոսով, թռչնամսինը` 4 տոկոսով, իսկ ձեթի դեպքում` մինչեւ 2 տոկոս եւ այլն: Ի դեպ, ձեթը այն եզակի ապրանքներից է, որի շուկայում այս ընթացքում գնաճ չի արձանագրվել, բայց առաջիկայում այդ ապրանքը եւս կթանկանա:
2018 թվականից ԵՏՄ երկրներում բարձրանալու են նաեւ ծխախոտի, օղու եւ դիզելային վառելիքի ակցիզային դրույքաչափերը: Այս փաստը եւս հանգեցնելու է սպառողական գների ընդհանուր բարձրացման: Ի դեպ, ՀՀ իշխանությունները հույս ունեն, որ իրենք՝ գործարարները, կզսպեն գնաճը՝ սեփական եկամուտները նվազեցնելու հաշվին, շրջանառության կտրուկ անկումներից խուսափելու նպատակով:
Հ.Գ. Արդեն մի քանի օր է, ինչ մանր ու միջին խանութների տնօրենները մատակարարներից ձեռք են բերում մեծ խմբաքանակով ապրանքներ, որպեսզի հունվարի 1-ից հետո իրենք էական վնասներ չկրեն: Այսինքն՝ նրանք ապրանքները գնում են ցածր գնով, որպեսզի հունվարի 1-ից հետո այն վաճառեն նոր՝ բարձրացած գներով եւ նոր խմբաքանակ գնելու համար ստիպված չլինեն լրացուցիչ միջոցներ ներդնել: Մի խոսքով, տնտեսվարողներն իրենց համար խնդրի լուծումը գտել են: Ինչպես միշտ, միակ տուժողը սպառողն է, որի սոցիալական վիճակն այս թանկացումների արդյունքում է՛լ ավելի կվատթարանա:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀԷՑ-ԻՆ ԿՏՈՒԳԱՆԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր կայանալիք նիստում նախատեսում է հինգ միլիոն դրամով տուգանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի համար առիթ են դարձել այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին անցկացված մոնիթորինգի արդյունքները: Ըստ այդմ, ՀԾԿՀ-ն պարզել է, որ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանագրերը չեն համապատասխանում միացման պայմանագրի օրինակելի ձեւին: Այլ կերպ ասած՝ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը մոնիթորինգի ընթացքում պարզել է, որ ՀԷՑ-ը չի թարմացրել իր փաստաթղթային բազան. պայմանագրերի օրինակելի ձեւերը չի փոխել: Արդյունքում, որոշել են ընկերությանը տուգանել: Իսկ եթե ՀԾԿՀ-ն, այնուամենայնիվ, հաստատի ՀԷՑ-ին տուգանելու որոշումը, ապա վերը նշված ընկերությունը կարող է դատական կարգով բողոքարկել: Բայց որպես կանոն նման բողոքները արդյունք չեն տալիս: Ուստի ՀԷՑ-ը պետք է կողմնորոշվի՝ իմաստ ունի՞ իրավաբանների վրա գումար ծախսել եւ բողոքարկել, թե՞ միանգամից գումարը փոխանցի ՀԾԿՀ-ի մատնանշած հաշվեհամարին:
ԷԺԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են նաեւ պետական գույքի սեփականաշնորհման մասին որոշումների նախագծեր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործադիրին առաջարկել է մասնավորեցնել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը: Բաժնետոմսերը նախատեսվում է մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ որպես մեկնարկային գին առաջարկվում է սահմանել 361 հազար դրամ: Բացի այդ՝ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԸ-ն ունի նաեւ 596 հազար դրամի պարտավորություններ: Այլ կերպ ասած՝ պոլիկլինիկայի մեկնարկային գինն իրականում կազմում է 957 հազար դրամ, քանի որ գնորդը պարտավոր է լինելու մարել ընկերության պարտքերը: Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշված է, որ գործարքի կայանալուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում: Այլ կերպ ասած՝ բացառված չէ, որ Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկան այլ պարտքեր եւս ունի, որոնք հետագայում ի հայտ կգան:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով էլ առաջարկվում է մասնավորեցնել «Երառսպասարկում» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: Այս դեպքում ընկերության բաժնետոմսերի մեկնարկային գինը 17 միլիոն 545 հազար դրամ է: Բայց ինչպես պոլիկլինիկայի դեպքում «Երառսպասարկում» ՓԲԸ-ն եւս պարտքեր ունի` 2 միլիոն 431 հազար դրամի չափով: Ասել կուզի՝ այս դեպքում էլ մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի իրական մեկնարկային գինը 19 միլիոն 976 հազար դրամ է: Ի դեպ, «Երառսպասարկում» ՓԲԸ-ի բաժնետոմսերը եւս նախատեսվում է դասական աճուրդով սեփականաշնորհել:
Ի դեպ, եթե կառավարությունը հավանություն տա վերը բերված նախագծերին, ապա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր է լինելու որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել երկուական աճուրդ: Բաժնետոմսերի երկրորդ աճուրդները պետք է տեղի ունենան առաջինների չկայանալու դեպքում` 15 օր հետո: Ուշագրավ է, որ երկրորդ աճուրդը պետք է անցկացվի առաջինի պայմաններով: Այլ կերպ ասած՝ բաժնետոմսերի մեկնարկային գինը չպիտի նվազեցվի: Սովորաբար պետական գույքի մասնավորեցման աճուրդների չկայանալու դեպքում մեկնարկային գինը նվազեցվում է, սակայն այս դեպքում կառավարության որոշման նախագծով այլ բան է նախատեսված:
Վ. Հ.