Այսօր լրանում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 29-րդ տարելիցը: Չնայած երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց Հայաստանի իշխանություններն այդպես էլ չկարողացան լուծել Գյումրիի անօթեւան ընտանիքների խնդիրը: Երկրաշարժից 29 տարի անց աղետի գոտին շարունակում է գոյություն ունենալ, քանի որ դրա արդյունքում անտուն մնացած ընտանիքներից շուրջ 4 հազարը դեռ շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում:
Ռոբերտ Քոչարյանը 1998-ի իշխանության գալուց հետո հայտարարեց, թե աղետի գոտին մինչեւ 2001 թվականը կվերականգնվի: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2003 թվականը: Իսկ այդ ժամկետի լրանալուց հետո նա հայտարարեց, թե աղետի գոտի չկա եւ վերջ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից խոստանում է հաղթահարել երկրաշարժի հետեւանքները: «Հաշված տարիներ հետո կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետեւանքները: Երբ ասում եմ ամբողջովին, նկատի ունեմ, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չեն լինելու»,- այս խոսքերի հեղինակը նույն Սերժ Սարգսյանն է: Իսկ իրականությունն այն է, որ գյումրեցի մոտ 4 հազար ընտանիք այսօրվա դրությամբ դեռ շարունակում է տնակներում բնակվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ ՀՀԿ-ական ազգականներից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաեւ իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը եւ նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, իշխանական շրջանակներում բարձր դիրքերի հասել են հենց Աղաբաբյանի շնորհիվ: «Ինչու եք հետաքրքրվում մարդկանց անձնականով: Դա անձնական հարց է: Թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք, ինչ ենք, մեր գործն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ երեկ հայտարարել է Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ 2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանեց 60 մլն դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը խզել է «ԽԱՔ» եւ «Տիսա» ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրերը՝ պահանջելով դրանց ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների շարքում: Պատճառը եղել է այն, որ այդ ընկերությունների կողմից մատակարարված կաթնամթերքում որակական շեղումներ են արձանագրվել: Ընդ որում, այս երկու ընկերություններն առաջին անգամ չէ, որ ՊՆ-ի դժգոհությունն են հարուցել: Բայց հակառակ այդ թերացումներին, նրանք շարունակել են մատակարարումները: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն դեռ հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման եւ իրացման ոլորտներում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով, եւ 30 ընկերություններում, այդ թվում՝ «Տիսա» եւ «ԽԱՔ» ՍՊԸ-ներում, խախտումներ են հայտնաբերվել:
«Աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է: Նա այդ կերպ է պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե աղքատները ինչպես պետք է դիմակայեն թանկացումներին: Այլ կերպ ասած՝ ըստ Հակոբյանի՝ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ
2018թ. պետական բյուջեի նախագծի շուրջ պարադոքսային վիճակ է: Բյուջեին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս խմբակցություններից միայն իշխող կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Իսկ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները, ընդհակառակը, դեմ են քվեարկելու: Կմտածեք՝ այս պատկերը միանգամայն բնական է. իշխանական թեւը կողմ է լինելու կառավարության ներկայացրած փաստաթղթին, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ ընդհակառակը: Բայց արի ու տես, որ այստեղ որոշակի տարօրինակություն կա. ՀՅԴ խմբակցությունն այս բյուջեին կողմ է լինելու այն դեպքում, երբ կառավարությունը մերժել է իրենց բոլոր առաջարկները: Ավելին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնիսկ գովերգում էր ներկայացված փաստաթուղթը՝ այն որակելով «տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող»: Փոխարենը կառավարությունը մասամբ ընդունել էր բյուջեի նախագծի վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի առաջարկները: Բայց այդ խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում քարը քարի վրա չթողեցին՝ ամենավերջին քննադատությունը հնչեցնելով կառավարության ու վերջինիս ներկայացրած փաստաթղթի շուրջ:
Տարօրինակությունները, սակայն, այսքանով չեն ավարտվում. երեկ բյուջեի մասին իր ելույթում որոշակի քննադատություն հնչեցրեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ճիշտ է՝ քննադատությունը հնարավորինս մեղմ էր. ի վերջո, Բաբլոյանը ՀՀԿ անդամ է, բայց, դե, նա չկարողացավ շրջանցել թերությունները եւ տողատակում, այնուամենայնիվ, մի քանի ակնարկ արեց: Բաբլոյանն ասաց, թե բյուջեի նախագիծը ե՛ւ ոգեւորում է, ե՛ւ անհանգստացնում: Նա նաեւ մատնանշեց անհանգստացնող պատճառները. «Նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ», այնուհետեւ խոսեց, թե որքան կարեւոր է առողջապահական համակարգի ֆինանսավորումն ավելացնելը: Նա նաեւ խորհուրդ տվեց. «Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլեւս հետեւում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետեւանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է եւ այլն»: Սա, ի դեպ, առաջին անգամն է, երբ խորհրդարանի ղեկավարը բյուջեի նախագծի մասին խոսելիս այսկերպ է արտահայտվում: Ու տարօրինակն այն է, որ Բաբլոյանն էլ այսքանից հետո կոչ արեց կողմ քվեարկել բյուջեի նախագծին:
Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, ի՞նչ բիզնես շահ ուներ, այնուամենայնիվ: