Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խոշոր և առանձնապես խոշոր չափերով խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված և տևական ժամանակ քննված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, Լ. Փաշինյանը 2013-2017թթ-ի ընթացքում տարբեր անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ, ինչպես նաև վերջիններիս դրդել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն:
Մասնավորապես, 2013թ.-ին` Ռ. Հովակիմյանի կնոջը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով, Լ. Փաշինյանը Ռ. Հովակիմյանից ստացել է 4.850.760 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:
Այնուհետև 2016թ.-ի մարտին, Երևան քաղաքում գործող ակումբի հաշվապահին ներկայանալով որպես ԼՂՀ զորամասերից մեկի աշխատակից, Լ. Փաշինյանն առաջարկել է իր միջնորդությամբ պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով կարգավորել նրա ազգականին այլ գումարտակ տեղափոխելու հարցը: Այդ պատրվակով Լ. Փաշինյանը հիշյալ հաշվապահից մաս-մաս ստացել է ընդհանուր 1.146.120 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար գումար, ապա` խաբեությամբ հափշտակել այն:
Բացի այդ, Լ. Փաշինյանը, 2017 թվականի հուլիսին իր ծանոթ Ս. Եղոյանի հորը ներկայացել է որպես փաստաբան և Ս. Եղոյանին քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 7.173.000 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար և 910.000 ՀՀ դրամի չափով գումար:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված քրեական գործը 06.12.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար: