ԱՂՔԱՏԻՆ ԻՆՉ՝ ԳՆԵՐԸ ԹԱՆԿ ԵՆ, ԹԵ ԷԺԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճերի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպես պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներից:

Ջեմմա Բաղդասարյան, ՀՀԿ խմբակցություն


-Տիկի՛ն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում Հայաստանի բնակչության աղքատների պաշտոնական թիվն ավելացել է մոտ 100 հազարով, իսկ ոչ պաշտոնապես՝ մոտ կես մլն-ով: Ի՞նչ է արվում՝ պատկերն ավելի չխորացնելու համար:
-2018 թվականի բյուջեում երկարաժամկետ ծրագրեր են դրված: Այսինքն՝ դա կայունացման, դա այն բյուջեն է, որը նախատեսում է՝ ինչ անել, որ վաղն այդ աղքատ մարդկանց կարողանանք ապահովել: Ոչ թե միայն դրամական վճարներով է մարդ կարող ապրել, այսինքն՝ միայն դրանով չես դու աղքատությունը նվազեցնում, որ արտաքին պարտքով դու այսօր կենսաթոշակ կամ նպաստ ավելացնես: Այ, տեսե՛ք, գյուղատնտեսության ոլորտում. հիմնականում վատ ապրող, աղքատ մարդիկ այսօր գյուղերում են: Գյուղատնտեսության ոլորտում ծախսերը, գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ոռոգման համակարգի միջոցները եթե համեմատենք նախորդ տարվա հետ, վաթսուն տոկոսով ավելանում է: Ի՞նչն է լինելու արդյունքը, գյուղարտադրանքի բարձրացումն է, որը բերելու է նաեւ գների իջեցման:
-Այսօր մենք տեսնում ենք՝ միսը, կարագը թանկանում են: Դուք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք անում՝ դրա դեմ պայքարելու համար:
-Այսօր ես չեմ կարող այնպես անել, որ միսը թանկ չլինի: Բայց բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերին գնաճ լինում է: Դա Նոր տարվա հետ է կապված, բոլորս էլ գիտենք դրա մասին: Բայց ի՞նչ ենք անում այսօր մենք, այո՛, քննարկում ենք եւ փորձում ենք փոփոխություններ մտցնել, նախատեսել երկարաժամկետ ծրագրեր, որ երկու-երեք տարի հետո Դուք նույն հարցը չտաք:
-Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս գնաճի պայմաններում ինչպե՞ս ապրեն:
-Չեմ ասում, որ դա հեշտ է: Այն ընտանիքները, որոնք անապահովության գնահատման համակարգում նպաստ են ստանում, պետությունն այլ միջոցներ է նախատեսում: Ով ասեց, որ կենսաթոշակն ու աշխատավարձն այսօր բավարար է: Ես դրա մասին չեմ ասում, ես ասում եմ՝ ինչ է արվում, որ հետագայում մարդկանց կյանքն ավելի լավ լինի:

Անդրանիկ Կարապետյան, ՀՅԴ խմբակցություն


-Մեր աղքատության մակարդակը Ձեզ չի՞ մտահոգում:
-Շատ խիստ մտահոգում է:
-Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ:
-Դուք ի՞նչ եք անում:
-Մենք մեր գործառույթն անում ենք, բարձրաձայնում ենք, որ խնդիրը կա: Դուք ի՞նչ եք անում՝ որպես օրենսդիր, որ գործադիրը սթափվի:
-Շատ լավ եք անում: Ես իմ հնարավորությունների շրջանակներում քաղաքացիներին ինչով կարողանում եմ, օգնում եմ: Կարող եք գնալ, հետաքրքրվել եւ իմանալ:
-Դուք գործադիրին ի՞նչ եք ասում, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն, որպեսզի այս իրավիճակը մեղմվի:
-Նորից եմ կրկնում՝ շատ է մտահոգում: Գրավոր կպատասխանեմ Ձեզ՝ հատ-հատ ինչ եմ արել, մարդկանց ինչով եմ օգնել, ինչ նախաձեռնություններով, ինչ առաջարկություններով եմ հանդես եկել:

Հակոբ Հակոբյան, ՀՀԿ խմբակցություն


-Պարո՛ն Հակոբյան, Հայաստանում գնաճը շարունակվում է: Ինչպե՞ս պետք է քաղաքացին դիմակայի թանկացումներին:
-Դիմակայել թանկացումներին պետք չէ: Պետք է դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին, թանկացումներն ընդամենը դրանց մի փոքր մասն են: Մեզ մոտ սովորույթ կա, որ դեկտեմբերին ամեն ինչ սկսում է թանկանալ մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը, հետո սկսում են իջնել: Եթե մի քանի տեսակի ապրանքատեսակներ թանկանում են, ապա դա քիչ ազդեցություն կունենա ընդհանուր ընտանեկան զամբյուղի վրա, որովհետեւ նվազագույն զամբյուղը հաշվում է 430 ապրանքների համար, եւ մեկ ապրանքի թանկացումը քիչ էական ազդեցություն կունենա ընդհանուր զամբյուղի արժեքի վրա: Թանկացումն ինքը վատ բան է, որովհետեւ ինքն առաջին պատճառն է աղքատ շերտին հարվածելու: Ես, ճիշտն ասած, չեմ սպասում, որ թանկացումներն այնպես լինեն, որ կառավարությունը ստիպված լինի անդրադառնալ աղքատության նվազագույն զամբյուղի կամ նպաստների վերանայման քաղաքականությանը:
-Բայց երկրում աղքատության այդպիսի մակարդակ է, գնաճն էլ շարունակվում է: Ինչպե՞ս պետք է մարդիկ ապրեն:
-Դուք պետք է հաշվի առնեք հետեւյալը. աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց: Դա ինքնապաշտպանության ինստիկտ է:
-Բայց այդ թանկացումները չեն խորացնի՞ արդեն տիրող աքատությունը:
-Ցանկացած թանկացում խորացնում է աղքատությունը: Ինքը միգուցե չավելացնի, բայց հաստատ կխորացնի աղքատությունը:
-Թանկացումները Ձե՞զ վրա չեք զգում:
-Ես առեւտուր չեմ անում, շուկա չեմ գնում: Տունը երեւի կզգան: Նախատոնական առեւտուրը որ սկսեցին, կասեն՝ ինչն ինչոց է: Ցանկացած մեկը չի ուզում թեկուզ մեկ ապրանքի համար հազար դրամ ավել վճարել:

Լուիզա Սարգսյան, «Ծառուկյան» խմբակցություն


-Տիկի՛ն Սարգսյան, մեր երկրում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ: Դուք՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, ի՞նչ եք անում, որ գործադիրը սթափվի:
-Այսօր քաղաքական մեծամասնությունը կքվեարկի այն փաստաթղթի համար, որը մեր ժողովրդի կյանքում ոչինչ չի բարելավելու: Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ մենք մեր պայքարը ներկայացնում ենք, մենք ցույց ենք տալիս բոլոր այն ոլորտները, որտեղ խայտառակ վիճակ է: Մենք գիտենք այն մասին, որ արդեն գրեթե մեկ միլիոն մարդ Հայաստանում աղքատ է համարվում:
-Այսինքն՝ միայն բարձրացնել, ոլորտային խնդիրները ցույց տա՞լ:
-Տնտեսական մրցակցության մասին խոսել է մեր խմբակցությունը: Ներկայացրել ենք օրենքներ, կարո՞ղ է գործել երկրում մի օրենք, որը ընդունված չի: Կարո՞ղ է երկրում որեւէ ընդդիմադիր ուժ, որը չունի խորհրդարանում այդքան ձայն, որը չունի, ի վերջո, այս գրված փաստաթղթերը հաստատելու ուժ, ինչքան էլ նա ունենա պոտենցիալ, ինչքան էլ ունենա կամք, նորից եմ կրկնում՝ առավոտյան կգաք, կտեսնեք՝ նրանք ինչպես այս փաստաթուղթն ընդունեցին: Մենք ժողովրդի ձայնը բարձրաձայնում ենք, մեր առաջարկները գործադիրին ներկայացնում ենք: Բայց ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք ունենք խորհրդարանական մեծամասնություն, որը պարզ մաթեմատիկական հաշվարկով ընդունում է այն բոլոր օրինագծերը, որն ինքը համարում է լավ: Ընդդիմադիրների պայքարը շարունակվում է, բայց թե ինչ ընթացք սա կարող է ունենալ, ես չեմ կարող պատասխանել: Վաղը կարող է ստորագրվել այնպիսի փաստաթուղթ, որը շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխելու: Հայաստանում աղքատություն՝ հավասար է արտագաղթ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ՁԳՁԳՈՒՄ ԵՆ
Կառավարության ներկայացուցիչների եւ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների միջեւ հետագա համագործակցության հարցը շարունակում է անհայտ մնալ: Ուսանողները ցանկանում են՝ որքան հնարավոր է շուտ համապատասխան փոփոխություններ անել ենթաօրենսդրական ակտերում, սակայն կառավարության ներկայացուցիչներն այնքան էլ չեն շտապում ընդառաջ գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը ցանկանում է այդ հարցերի շուրջ հետագա քննարկումներն ու համապատասխան փոփոխությունները թողնել 2018 թվականի սկզբին, այլ ոչ թե մինչեւ տարեվերջ: Սակայն ինչպես երեւում է՝ ուսանողներն այնքան էլ ոգեւորված չեն այդ մտքից, եւ այժմ հենց նրանցից է կախված՝ բանակցությունները կշարունակվե՞ն հաջորդ տարի, թե՞ նորից կմեկնարկի փողոցային պայքարը: Սակայն փաստ է, որ կառավարությունը ձգձգում է համապատասխան փոփոխություններ անելու գործընթացը:

 

 

ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Ազգային ժողովը ծխելու դեմ պայքարի յուրօրինակ ձեւ է ընտրել: Վերջերս խորհրդարանի ողջ շենքում չծխել գրությամբ ցուցանակներ են հայտնվել: Նաեւ հատուկ տեղ է նախատեսված՝ ԱԺ աշխատակիցների կամ օրենսդիրների ծխելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նույնիսկ կան հատուկ աշխատակիցներ, ովքեր «կարգազանցներին» պետք է զգուշացնեն, որ տվյալ տարածքներում ծխել չի կարելի: Սակայն այդ գրությունները կամ զգուշացումները պատգամավորներին այնքան էլ չեն անհանգստացնում, եւ վերջիններս շարունակում են ծխել չնախատեսված վայրերում՝ արհամարհելով պահանջը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, հարցն ավելի խիստ է դրվել՝ նախարար, թե պատգամավոր, կապ չունի, բոլորը հավասար են եւ չպետք է ծխեն, «կարգազանցներ»-ն էլ ավելի խիստ կզգուշացվեն:

 

 

ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ՋՆՋՈՒՄՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում: Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել: Եվ ահա բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Ռազմիկ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պահանջելով, որ դատարանը ստիպի ՊՆ-ին զինվորական գրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարել:




Լրահոս