Ինչպես հայտնի է՝ երգչուհի Շպռօտը (Անի Թովմասյան) տեւական ժամանակ է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում: Նա բազմիցս իր հարցազրույցներում պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել՝ այնտեղ իր տեղը գտնելու համար: Պարզվում է՝ այսօր եւս երգչուհու կյանքում ամեն բան այդքան էլ հարթ չէ. նա շարունակում է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական: Շպռօտը «Ժողովուրդ»-ին պատմել է իր գործնական ծրագրերի մասին, նշել, թե ում հետ կցանկանար հանդես գալ դուետով: Նա նաեւ կատարել է անկեղծ խոստովանություններ՝ նշելով, որ սիրով կվերադառնա Հայաստան, այն էլ՝ մշտական բնակության համար:
-Շպռօ՛տ, այժմ շարունակում եք ապրել Միացյալ Նահանգներում: Կոնկրետ ի՞նչ գործունեությամբ եք զբաղված: Մի փոքր պատմեք, թե երկրպագուներին ի՞նչ նորություններ են սպասվում, հատկապես Ամանորի հետ կապված:
-Այո՛, ԱՄՆ-ում եմ, աշխատում եմ արաբական ռեստորանում: Պլանավորում եմ առաջիկայում նկարահանել «Քելե, Սաթո» երգի հիման վրա տեսահոլովակ: Ամանորին պետք է երգեմ ռեստորանում, այնպես որ տոնական գիշերը աշխատանքային միջավայրում եմ անցկացնելու:
-Հայկական շոու-բիզնեսից որեւէ մեկի հետ դուետով հանդես գալու մտադրություն ունե՞ք:
-Այո՛, կա նման ցանկություն: Շատ կուզեմ Արտեմ Վալտերի հետ զուգերգ ունենալ:
-Ձեր վերջին տեսահոլովակը` նկարահանված «Գարուն եկավ» երգի հիման վրա, ինչպես եւ դրան նախորդած հոլովակը, միանշանակ չընդունվեց հանրության մի ստվար զանգվածի կողմից: Դուք ունե՞ք դրա պատասխանը՝ ինչո՞ւ:
-Կարող եմ ասել, որ իմ վերջին երկու տեսահոլովակներն էլ ընդունվել են հանրության կողմից: Այդ են վկայում հազարավոր դրական եւ հիացմունք արտահայտող նամակները՝ ֆանատների կողմից, ինչպես նաեւ հոլովակները, որտեղ երեւում է, թե ինչպես են մարդիկ ուրախանում եւ պարում իմ երգերի ներքո: Իհարկե, կան շատերը, որոնք չեն գնահատում իմ աշխատանքը եւ արտահայտում են իրենց դժգոհությունը, եւ դա նորմալ է:
-Երբեմն չե՞ք հոգնում Ձեր անձի շուրջ ծավալվող քննադատություններից, թե՞ դա ծառայեցնում եք Ձեր նպատակներին:
-Ձեր հարցը շատ տեղին էր եւ շեշտադրումը նույնպես՝ «անձի շուրջ ծավալվող քննադատություններ»: Խնդիրը հենց այն է, որ արտիստի անձի շուրջ մարդիկ ծավալվելու իրավունք չունեն: Փոխարենը որքան կարող են, թող ծավալվեն իմ կատարած աշխատանքների շուրջ: Բայց թույլ տվեք նկատել, որ արտիստի անձը նրա գործնականի հետ խառնելը բոշություն է: Անձամբ ինձ այս աշխարհում ճանաչում են շատ քիչ մարդիկ, նրանք, ովքեր ինձ քննադատելու կամ խորհուրդ տալու իրավունք ունեն: Դրանք այն մարդիկ են, որոնք հարազատ են ինձ եւ տարիներ շարունակ առնչվել են ինձ հետ, իսկ մնացածներին խորհուրդ եմ տալիս հեռու խաղալ, թե չէ ես էլ կարող եմ ծավալվել եւ բամբասել, օրինակ, սրա-նրա տղայի ու թոռան վարկի մասին:
-Դուք ԱՄՆ-ում շարունակո՞ւմ եք երգարվեստին չառնչվող գործունեություն ծավալել, թե՞ արդեն զուտ երգարվեստով եք զբաղված: Գիտենք, որ նախկինում տարբեր ծանր աշխատանքներ եք կատարել:
-Դեռ շարունակում եմ աշխատել այլ բնագավառում եւ, անկեղծ ասած, շատ հոգնում եմ: Երբեմն նույնիսկ չեմ կարողանում քայլել:
-Շպռօ՛տ, Հայաստան վերադառնալու ծրագիր, ցանկություն ունե՞ք, ընդ որում, մշտական բնակություն հաստատելու նպատակով:
-Մեծ սիրով կվերադառնամ Հայաստան եւ, այո՛, հենց մշտական բնակության համար…
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ՍԵՐ ՈՒՆԵՆԱԼԸ ՏԽՈՒՐ ԲԱՆ Է»
«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակում անդրադառնում ենք հայտնիների անձնական կյանքի անհայտ դրվագներին: Վերջիններս կատարում են անկեղծ խոստովանություններ, պատմում են, թե ինչ հարաբերություններ ունեն իրենց առաջին սերերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցը «Փեսացուն կրկեսից», «Սահմանին», «Եվա» ֆիլմերից, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ռոզի Ավետիսովան է:
Նա նախ նկատեց, որ առաջին սիրո հետ կապված զգացողությունները մեծապես կախված են այն հանգամանքից, թե որ տարիքում է այն մարդուն այցելում. «Ամեն դեպքում, առաջին սիրո մասին շռայլված խոսքերը, կարծում եմ, չափազանցություն են, դրանք արդեն կարող են տեղ գտնել գրականության մեջ, բայց կյանքում ամեն բան այլ է: Ես համամիտ եմ միայն այն տեսակետին, որ երբ որեւէ բան առաջինն է քո կյանքում, այն արդեն իսկ եզակի է: Բացի այդ՝ առաջին սերը կարող է թողնել հետեւանքներ, նաեւ դրանից է կախված, թե հետագայում ինչ ընտրություն կկատարես»:
Ռոզին շեշտեց՝ ամենակարեւորն այն է, որ քո ապրած սերերը միմյանց հետ չհամեմատես. ամեն սեր լինի սիմվոլիկ եւ իր տեղը զբաղեցնի քո սրտում. «Ես առաջին անգամ սիրահարվել եմ պատանի հասակում: Դա շատ սիրուն ընթացք էր իմ կյանքում, որը վերհիշում եմ ժպիտով: Կարծում եմ՝ առաջին սերը ոչ ոքի մոտ էլ նեգատիվ հիշողություններ չի արթնացնում»:
Հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, իրենց հարաբերություններն ընթացք չստացան, Ռոզին պատասխանեց. «Դժվար է միանշանակ պատասխանել, բայց երեւի շատ փոքր էինք ու հասկանում էինք, որ լուրջ քայլերի գնալու ժամանակը չէր, որովհետեւ չգիտեինք, թե կյանքը մեզ ուր կտաներ: Բացի այդ՝ ինձ սպասում էին ինստիտուտը, դերասանական ոլորտի հետ կապված երազանքներն ու նպատակները: Ամեն դեպքում, չեմ փոշմանում, որ մեր հարաբերությունները նման ավարտ ունեցան»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենց հարաբերությունների ավարտից հետո հանդիպել է այդ տղային. «Ո՛չ, մեր ուղիները չեն խաչվել, բայց գուցե եթե տեսնվենք, հարցնեմ, թե ինչպես է: Չեմ մտածել այդ ուղղությամբ: Կարծեմ նա արդեն ամուսնացել է եւ հայր է դարձել»,-ասաց Ռոզին՝ հավելելով, որ ինքը եւս ունի ընտրյալ:
Դերասանուհին եզրափակեց՝ սերն այնպիսի զգացմունք է, որն ամեն տարիքում ուրիշ կերպ ես ընկալում. «Կյանքը լիարժեք ընկալելու համար մի սերը քիչ է, պետք է սերեր ունենալ, որ հասկանաս՝ հագեցած ես ապրել կյանքդ: Ընկալումների փոփոխությունն է, որ կյանքդ դարձնում է լեցուն: Կյանքում մի սեր ունենալը տխուր բան է»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ