Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը ակնառու ցույց տվեց, թե նոր խմբագրությամբ Սահմանադրության պայմաններում ինչ փակուղային իրավիճակներ կարող են ստեղծվել խորհրդարանում: Իսկ ինչից սկսվեց այս ամենը. երեկ խորհրդարանում քվեարկության դրվեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն սահմանադրական օրենք է, հետեւաբար կարող է ընդունվել, եթե օրինագծի օգտին կքվեարկեն պատգամավորների 3/5-ը, ասել է, թե նախագիծը կարող էր ընդունվել առնվազն 63 կողմ ձայնով:
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ծառուկյան» խմբակցությանը կոչ արեց չքվեարկել, քանի որ իշխող կոալիցիայի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորները դահլիճում 61-ն էին: «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք եւս չեն քվեարկի: Այդ ընթացքում տեսանելի էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շրջվել է դեպի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչ-որ մեկին հասկացնում էր, որ կողմ քվեարկի: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության, եւ ցուցատախտակի վրա արձանագրվեց 61 կողմ:
Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունից Ռուստամ Մախսուդյանի կողմ կոճակը չի աշխատել, եւ նրա քվեարկությունը չի արձանագրվել, ուստի նա եւ արտերկրում գտնվող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւս կողմ են քվեարկել: Ըստ այդմ, ստացվեց 63 կողմ: Դահլիճում աղմուկ բարձրացավ: «Ելք» խմբակցության անդամները մեկը մյուսի ետեւից վարման կարգով ձայն էին վերցնում եւ հայտարարում, որ օրինագիծը չի ընդունվել: Այդ թոհուբոհի մեջ պարզ դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը օրինագծին կողմ է քվեարկել:
Բոլորը փորձում էին պարզել, թե ինչպես է քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, իսկ վերջինս պաշտոնապես՝ իր խոսափողից ոչ մի հայտարարություն չէր անում: Երբ դահլիճում կրքերը շատ էին լարվել, նա ուղղակի դահլիճից դուրս եկավ: Ի վերջո, «Ելք» խմբակցությունը բոյկոտեց եւ լքեց ԱԺ նիստերի դահլիճը: Նրանցից հետո նիստերի դահլիճը լքեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Վահրամ Բաղդասարյանից պարզել՝ ճի՞շտ է, որ Նապոլեոն Ազիզյանն իր հորդորով կողմ է քվեարկել: Ի պատասխան` նա ասաց. «Նապոլեոն Ազիզյանը կայացած անձնավորություն է, նա որեւէ հրահանգի չի ենթարկվում»: Իսկ Նապոլեոն Ազիզյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե ինքն առհասարակ չի քվեարկել եւ այդ մասին տեղեկացրել է ԱԺ քարտուղարությանը. «մատս էր կպել ուղղակի»:
Նապոլեոն Ազիզյանի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում «Ծառուկյան» խմբակցության ներսում եւս կրքերը լարվեցին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Նապոլեոն Ազիզյանի հասցեին հնչեցրած արտահայտության պատճառով վեճ էր բռնկվել «Ծառուկյան» խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանի եւ Արթուր Մանուկյանի միջեւ: Ականատեսների խոսքերով` երկու պատգամավորներն իրենց հարաբերությունները «պարզել» էին պատգամավոր, Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում: Ավելի ուշ բոլորը հավաքվեցին Ծառուկյանի առանձնատանը եւ հարցին լուծում տվեցին՝ պաշտոնապես հայտարարելով, թե որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել:
Ինչեւէ: Դատական նոր օրենսգրքի նախագիծը ներկայացնելու նպատակով խորհրդարան եկած ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր կարծիքով թյուրիմացություն է եղել, քանի որ դատական գործող օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծը սահմանադրական օրենք չէ, եւ կարիք չկար, որ այն 3/5-րդով ընդունվեր: Այլ կերպ ասած` ողջ պատմության պատճառը եղել է ԱԺ ղեկավարության սխալը: Իսկ արդեն օրվա վերջին ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը փորձել էր սրբագրել Արա Բաբլոյանի սխալը` միեւնույն ժամանակ տալով հիմնական մեղավորի անունը. «ԱԺ նախագահը հիմնվել է խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի տեսակետի վրա, ըստ որի` ներկայացված նախագիծը սահմանադրական օրենք է»:
Տեղի ունեցածը, սակայն, ցույց տվեց, որ սահմանադրական օրենքների քվեարկության ժամանակ եւ, ընդհանրապես, բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինելու 3/5 կողմ քվեարկությամբ որեւէ որոշում ընդունել, իշխող կոալիցիան կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել. բավական է` ՀՀԿ կամ ՀՅԴ խմբակցությունների 3 պատգամավոր բացակայի:
Նաիրա Հովհաննիսյան